Եվրոպան պարտվում է պատերազմում․ ԵՄ տնտեսությունն անկման մեջ է․ Շուլենբուրգ

Եվրամիությունը պարտվում է Ուկրաինայի և այլ պատերազմներում, եվրոպական տնտեսությունն անկում է ապրում Եվրամիության իռացիոնալ քաղաքականության պատճառով։ Այսպիսի կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Միխայել ֆոն դեր Շուլենբուրգը նորվեգացի քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում՝ խոսելով Եվրամիությունում տիրող ներկա իրավիճակի մասին։

Եվրոպացի պատգամավորի խոսքով՝ Եվրոպան պատրաստվում է վերազինվել և հարյուրավոր միլիարդների բյուջե հատկացնել պաշտպանական ծախսերին՝ իր վրա վերցնելով ՆԱՏՕ-ի ֆունկցիան։

«Եթե նստեք Եվրոպական խորհրդարանում և ուշադիր հետևեք քննարկումներին, տպավորություն է ստեղծվում, որ այն վերածվում է ռազմական դաշինքի։ Մենք հենց նոր ստացել ենք առաջարկ, այսպես կոչված՝ պաշտպանական պատրաստության ճանապարհային քարտեզի վերաբերյալ: Այն գնապիտակ չունի, բայց այն պիտի որ արժենա մի քանի հարյուր միլիարդ դոլար։ Մենք ուզում ենք վերազինվել։ Ըստ էության, մենք անում ենք այն, ինչը նախկինում ՆԱՏՕ-ի պարտավորությունն էր։ Մենք փաստացի տեղափոխում ենք ՆԱՏՕ-ն Եվրոպական միություն, ինչպես ինձ է թվում՝ դա կապված է մեր վերնախավերի հետ, որովհետև այն, ինչ նրանք հիմա անում են, իռացիոնալ է։

Գիտեք, Եվրոպան շրջապատված է երկու պատերազմներով՝ մեր հարևան Ուկրաինայում ընթացող պատերազմով և Իսրայելի տարատեսակ պատերազմով, որը ևս մեր հարևանությամբ է, և երկու դեպքում էլ մենք պարտվում ենք»,- ասել է Շուլենբուրգը՝ նշելով, որ Եվրոպան այժմ կորցնում է իր դիրքերը, բայց չի ուզում խոստովանել դա։

Կարդացեք նաև

«Այստեղ՝ Եվրախորհրդարանում, նրանք դեռևս կարծում են, թե մենք հաղթում ենք այդ պատերազմներում։ Նրանք ասում են, թե մենք ցույց տվեցինք ռուսներին, որ նրանց չի հաջողվի ոչինչ գրավել, և, որ բեկումնային պահը եկել է։

Դա հրաժարում է՝ նայելու իրականության աչքերի մեջ, և այդ պատճառով մեր քաղաքականությունը՝ բացարձակապես իռացիոնալ։ Ես միշտ հարց եմ տվել ինքս ինձ՝ ինչո՞ւ ենք մենք այսպես վարվում, չէ՞ որ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելով՝ մեր էներգիան շատ է թանկացել, մենք չենք ստանում նավթ, չենք ստանում էժան բնական ռեսուրսներ։ Մենք կոնֆլիկտ ունենք նաև Չինաստանի հետ, մեր տնտեսությունը գնում է դեպի անկում, Ֆրանսիան սնանկ է, Մեծ Բրիտանիան՝ հավանաբար նույնպես, Գերմանիան սրընթաց կերպով կորցնում է իր արդյունաբերական բազան, քիմիական արդյունաբերությունը գրեթե վերացել է։

Նախկինում մենք արտադրում էինք 6 մլն ավտոմեքենա։ Կարծում եմ՝ նախորդ տարի՝ միայն 4 մլն։ Իսկ դա մեր տնտեսության հիմքն էր։

Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք մեզ այդպես պահում։ Ես միայն մեկ բացատրություն ունեմ՝ սա էլիտար նախագիծ է. մենք կարծում էինք, որ ուզում ենք դառնալ երրորդ մեծ տերությունը բազմաբևեռ աշխարհում, որ պատերազմն Ուկրաինայում հնարավորություն է մեզ տվել միավորվել, վերածել Եվրոպական միությունը կիսապետության նման մի բանի կամ «Եվրոպայի Միացյալ Նահանգների»։

Երբ նայում ես տիկին ֆոն դեր Լայենին, երբ նա գալիս է՝ նա քայլում է՝ կարծես պետության ղեկավար, ոչ թե իբրև վարչակազմի ղեկավար։ Նկատի ունեմ՝ Եվրահանձնաժողովը հանդիսանում է զուտ ադմինիստրատիվ մարմին:

Այնպես որ, կարծում եմ՝ կան մի շարք բաներ, որոնցում մենք ուզում ենք մեծ ու հզոր լինել, մենք ուզում ենք Եվրոպա, որը տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Սև ծով, մենք ուզում ենք Եվրոպա՝ Միջերկրական ծովից մինչև Հյուսիսային բևեռ, և այդ պատճառով էլ մենք խոսում ենք Ուկրաինայի և այլ երկրների մասին, որոնք պետք է ընդունվեն ԵՄ առանց որևէ պայմանների»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Նշենք, որ ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի հետ լարվածության ետնախորքին Եվրոպական միությունը սկսել է վերազինվել և կտրուկ ավելացրել է իր պաշտպանական ծախսերի ծավալը։ Մասնավորապես, 2024թ. ԵՄ երկրների ռազմական ծախսերն ավելացել են 19 տոկոսով և կազմել 343 մլրդ եվրո:

Ըստ Եվրոպական պաշտպանության գործակալության (EDA) տարեկան զեկույցի՝ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կգերազանցեն ԵՄ ՀՆԱ-ի 2 տոկոսի նպատակային ցուցանիշը: Ինչպես հայտարարել էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ ԵՄ անդամ պետությունները նախատեսում են մինչև 2031 թ. լրացուցիչ 2 տրիլիոն եվրո հատկացնել պաշտպանության ծախսերի համար:

Տեսանյութեր

Լրահոս