Դպրոցների տնօրենները պատրաստ են դահլիճ տրամադրել, բայց վախենում են, ասում են՝ եթե լեզու գտնես նախարարության հետ, սիրով կտրամադրենք. Արմեն Պետրոսյան

Արդեն երրորդ օրն է՝ «ՎԵՐԱԴԱՐՁ» կիոկուշին կարատեի ակումբի սաները, որոնց թիվը գերազանցում է 80-ը, իրենց պարապմունքներն անցկացնում են բացօթյա տարածքում. Մեկ՝ դպրոցի բակում, մեկ՝ բակերից մեկի խաղահրապարակում։ Սա Հայաստանում ձևավորված Արցախի միակ սպորտային ակումբն է, որը հիմնադրվել է 2 տարի առաջ՝ 2023 թվականին, երբ Ադրբեջանի կողմից արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից։

Տեղահանվելուց որոշ ժամանակ անց, ակումբի ղեկավար, «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր Արմեն Պետրոսյանը Երևանի տարբեր հատվածներից գտավ իր նախկին սաներին և որոշեց շարունակել նրանց մարզումները՝ ներգրավելով նաև այլ պատանիների, այդ թվում՝ Երևանից։

Օրերս ԿԳՄՍ նախարարությունից Արմեն Պետրոսյանին տեղեկացրել են, որ նպատակահարմար չեն գտնում, որպեսզի նա շարունակի պարապմունքները Երևանի հ.17 հատուկ դպրոցում, որտեղ արդեն շուրջ 2 տարի է՝ անցկացնում է պարապմունքները։

168.am-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն ասաց, որ երեկ և այսօր պարապմունքներն անցկացրել է դրսում։

Կարդացեք նաև

«Գնացել եմ, այդ դպրոցից իմ մարզագույքը դուրս եմ բերել, մի մասը տարել եմ, իմ ընկերների ավտոտնակներում եմ տեղավորել, մի մասն՝ այլ վայրում, որպեսզի հետագայում մարզադահլիճ գտնեմ ու կարողանամ կահավորել։

Քանի որ մարզումներին մասնակցում են մանկահասակ երեխաներ, նրանց ծնողներին ասել եմ, որ մեզ դրսում են թողել, բացօթյա ենք պարապելու, երեխաները կմրսեն, այս ընթացքում չուղարկեն պարապմունքի։ Իսկ մյուսները, ովքեր ավելի մեծ են տարիքով՝ գալիս են։ Նրանցից որևէ մեկին չեմ ասել՝ գան կամ չգան, իրենց կամքով պարապմունքի ժամին գալիս են»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարությունից իրեն փոխանցել են, որ հաջորդ շաբաթ հնարավոր է՝ փոխնախարարի մակարդակով հանդիպում լինի, ինչին ի պատասխան՝ ասել է, որ եթե պետք է հանդիպում լինի, ապա միայն նախարարի մակարդակով, որպեսզի բոլորը խնդիրներն անձամբ նրան ներկայացնի։

«Իմ պարապմունքները կանցկացնեմ դրսում այնքան ժամանակ, մինչև այս հարցը դրական լուծում չստանա, իհարկե, ակնկալիք պետությունից չունեմ, բայց առանձին անհատներից ունեմ։

Ինձ զանգահարել են մի քանի դպրոցների տնօրեններ, ասել են, որ պատրաստ են սիրով դպրոցների դահլիճները մեկ ժամով մեզ տրամադրել, սակայն մտավախություն ունեն նախարարությունից։ Ասում են, որ դու նախարարության ուշադրության կենտրոնում ես, եթե քեզ դահլիճ տրամադրենք, նախարարության համար թիրախ կարող ենք դառնալ, բայց եթե լեզու գտնես նախարարության հետ, սիրով կտրամադրենք»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Նշենք, որ Արմեն Պետրոսյանի մոտ երեխաները սովորում են անվճար, ամբողջ մարզագույքը նա հայթայթել էր ընկերների ու ծանոթների միջոցով, մի մասն էլ կարողացել էր իր հետ Արցախից բերել։

Տեսանյութեր

Լրահոս