Ինչո՞ւ Հայաստանին ոչ ոք չի հարցնում` Եվրամիությո՞ւն է ուզում, թե՞ Ռուսաստան
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի կարծիքով` Հայաստանը վարում է «և-և»-ի, այլ ոչ թե՝ «կամ-կամ»-ի քաղաքականություն: Այս մասին նա ասաց այսօր Մամուլի ազգային ակումբում «Երևանի եվրասիական ընտրությունը և Հայաստանի եվրոպական հեռանկարները» խորագրով հրավիրված քննարկմանը, որին մասնակցում էին նաև մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու հասարակական գործիչներ:
Ինչպե՞ս կարողանալ լավագույնս համատեղել Հայաստանի հարաբերությունները թե´ Եվրասիական, թե´ Եվրոպական միությունների հետ, և ի՞նչ պետք է անի Հայաստանը` եվրոպական երկու կարևոր դերակատարների, մի կողմից՝ Եվրամիության, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության միջև ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար: Այս հարցադրումն արեց Ֆրանսիայի դեսպանը:
«Դատելով աշխարհում Հայաստանի գրաված դիրքից` երևի թե Հայաստանին կարելի է վերագրել հետևյալ բանաձևը, որ Հայաստանը վարում է այն դիվանագիտությունը, որը համապատասխան է իր պատմությանը»,- ասաց Անրի Ռենոն:
Նրա կարծիքով` այս համատեքստում Հայաստանի ռազմավարությունն ուղղված է երկու նպատակի. մի կողմից՝ ապահովել պետության և ազգի անվտանգությունը, իսկ մյուս կողմից՝ ապահովել երկրի ժողովրդավարական և տնտեսական զարգացումը: Ըստ դեսպանի` Հայաստանը հենց այս քաղաքականության հիման վրա է որոշել միանալ Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը և միաժամանակ պահպանել ու խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ:
«Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա Ֆրանսիայի դիրքորոշումը ևս մեկ անգամ շատ հստակ արտահայտվեց Ֆրանսիայի նախագահի կողմից` Հայաստան կատարած այցի ժամանակ: Նախագահն ուղերձներից մեկում հայտնեց հետևյալ միտքը` Հայաստանի համար պետք է մշակվի տարբերակված մոտեցում, որը հնարավորություն կընձեռի Հայաստանին ասոցիացվելու, կրկնում եմ` ասոցիացվելու Եվրամիության հետ: Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը խորապես եվրոպական երկիր է` իր մշակույթով, իր պատմությամբ, իր որդեգրած արժեհամակարգով, ինչպես նաև իր ժողովրդի կամքով: Կամք, որը Հայաստանը ցույց է տալիս անընդմեջ: Այս առումով հաշվի առնելով ուկրաինական թնջուկը` ոչ ոք, կարծես թե, չի հարցնում Հայաստանին` Եվրամիությո՞ւն է ուզում, թե՞ Ռուսաստան, որովհետև ո´չ Երևանում, ո´չ եվրոպական մայրաքաղաքներում այս թեման օրակարգում չկա: Ինչո՞ւ: Այս թեմային ցանկանում եմ անդրադառնալ մայրցամաքային քաղաքականության շրջանակներում: Իսկ այսօր նաև շրջանառվում է հետևյալ միտքը` ընդարձակ տնտեսական գոտու ստեղծում, որն իր մեջ կներառի Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ընկած տարածքը»,- ավելացրեց Անրի Ռենոն:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, արձագանքելով դեսպանի խոսքին, նշեց. «Հարգելի դեսպանն, իհարկե, շատ ավելի լավ ներկայացրեց, թե ինչու է Սերժ Սարգսյանն ընտրում եվրասիական ուղղությունը, քան ինքը Սերժ Սարգսյանը կարող էր դա անել: Այո´, ինքը՝ Սարգսյանը, այդքան հստակ չէր կարող դա ասել, և կարելի է ելույթի առաջին հատվածը փոխանցել նրան, որպեսզի նա հետագայում դա կարդա, բայց եվրոպական ընտրությունը «կամ-կամ» է, ոչ թե՝ «և-և»: Չի կարող Հայաստանը կամ որևէ այլ երկիր լինել և´ Եվրոպայում, և´ Ռուսաստանում: Լինել մի երկրի հետ, որն իր ողջ էությամբ դեմ է Եվրոպային, և միաժամանակ ասել, որ կարելի է լինել նաև Եվրոպայում, ամենայն հավանականությամբ, կյանքի չկոչվող ցանկություն է: Այսօր Ռուսաստանի կողմից դրված է «կամ-կամ»-ի խնդիր»:
Վարդան Հարությունյանի կարծիքով` Հայաստանի իշխանությունները հեռու են Եվրոպայից և եվրոպական մտածողությունից, այդ պատճառով էլ այդքան հեշտությամբ ընդունում են այն, ինչ նրանց թելադրվում է Ռուսաստանից:
«Եթե Հայաստանի իշխանություններն ընտրում են Ռուսաստանը, այդպիսի հույս տածել, որ Հայաստանը կարող է նաև լինել Եվրոպայում, եթե անգամ այդպիսի հույս է տածում Ֆրանսիայի նախագահը, միամտություն է: Կարծում եմ` մեր իշխանություններն այսօր փակում են եվրոպական դռները, թեև ես իմ հույսը չեմ կորցնում և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կկարողանա զոռով բացել եվրոպական դուռը, կամ կկարողանանք պատուհանից մտնել»,- ավելացրեց իրավապաշտպանը: