Այս ակնհայտորեն ապօրինի քայլերին հետևելով՝ մեջիս պառանոյիկն ասում է, որ Նիկոլի «օրացույցում» պլանավորած է եղել Սերժ Սարգսյանին որևէ պատրվակով կալանքի տանելը. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվանից փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում Սերժ Սարգսյանի շուրջ։

Պարզեցի հետևյալը (եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել, շնորհակալ կլինեմ ուղղելու համար).

1. Սերժ Սարգսյանը պատրաստվում էր երկրից մեկնել ինչ-որ անձնական գործերով։

2. Օկուպացիոն վարչակարգի քննիչները խառնվել են իրար ու միանգամից մի քանի գործով դիմել դատարան, որպեսզի երկրից դուրս գալու արգելք դրվի։

3. Առաջին դատավորը երեկ մերժում է քննիչների դիմումը։

4. Նույն օրը նշանակած հաջորդ նիստից առաջ պարզվում է, որ երկրորդ դատավորի եղբայրն է մահացել ու հուղարկավորությունը հենց երեկ էր։ Բայց նիստը հետաձգելու փոխարեն դատավորին կանչում են թաղումից, որ գա, ելքի արգելք տա։

5. Երկրորդ դատավորը գալիս է ու նույնպես մերժում արգելք դնել։

6. Երեկվա ֆիասկոյից հետո քննչականում խելք-խելքի են տալիս, ու վերակենդանացնում են մի գործ, որը վաղուց քանդվել-փակվել-գնացել էր։ Իսկ քանդվել էր, որովհետև Միկա Բաղդասարովի ցուցմունքը ռուսերենից հայերեն սխալ են թարգմանած լինում։

7. Հապճեպ վերաբացված գործով այս անգամ արդեն քննիչն է Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից ելքի արգելք դնում։

Այս ակնհայտորեն ապօրինի քայլերին հետևելով՝ մեջիս պառանոյիկն ասում է, որ Նիկոլի «օրացույցում» մոտակա շաբաթներին կամ ամիսներին պլանավորած է եղել Սերժ Սարգսյանին որևէ պատրվակով կալանքի տանելը։

Ընդհանրապես, կարծում եմ, որ մինչև ընտրությունները (եթե դրանք կայանան) քաղաքական կալանավորումների դեռ մի քանի ալիք կլինի, որոնց նպատակն է ընդդիմադիր բոլոր ճամբարները գլխատելն ու կաթվածահար անելը։

Հ.Գ. Գիտեմ, որ ահագին դժգոհություն է առաջացնելու գրածս, բայց պիտի նաև ասեմ, որ ՀՀԿ-ի կոմունիկացիան շատ խառն է։ Ահագին ժամանակ պահանջվեց, մինչև այսքանը հասկացա (ու փաստ չի, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել), իսկ շարքային քաղաքացին ընդհանրապես շանս չունի գլուխ հանելու առանց այն էլ պղտոր մեդիադաշտի բուռն հոսքերում հայտնված ինֆոպատառիկներից»։

Տեսանյութեր

Լրահոս