Մենք մեզ որբացած ենք զգում, որովհետև այստեղ չէ մեր հայրը. Արագածոտնի թեմում միասնական աղոթք է հնչել

Արագածոտնի թեմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում այսօր միասնական աղոթք է հնչել:

«Արագածոտնի թեմն այսօր կրկին մեկտեղվել էր միասնական աղոթքի՝ միասնաբար աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ
Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։

Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Թեմի հոգևոր դասին աղոթակից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:

Ժամերգության ընթացքում շարականի երգեցողությամբ հոգևոր դասը իր խոնարհումը բերեց Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքն ամփոփող սրբատեղիին՝ խնդրելով քաջամարտիկ Սրբի բարեխոսությունը:

Ավարտին իր խոսքն ու պատգամը հավատացյալների փոխանցեց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը:

Տեր Հայրն իր խոսքում ցավ հայտնելով, նշեց. «Մենք մեզ որբացած ենք զգում, որովհետև այստեղ չէ մեր հայրը, մեր Առաջնորդը, ում աղոթքով էին սկսվում այս ժամերգությունները: Իսկ մեր եղբայրը՝ Տեր Գարեգինը, պետք է այստեղ լիներ, որ միասին պատրաստվեինք և դիմավորեինք ամենքիդ ու այսօր առավել ուրախ սրտով աղոթեինք»:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում»,- ասվում է թեմի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս