Գալու են նոր Կիսելյովներ
Ռուսական քարոզչամեքենան, որ աշխատում է մոտավորապես այնպես, ինչպես ռուսական արտադրության ավտոմեքենաները, այսինքն՝ չի աշխատում, Հայաստան է գործուղել Դմիտրի Կիսելյովին: Նա ռուսական քարոզչամեքենան վարում է այնպես, ինչպես շարքային ռուս վարորդը՝ ռուսական արտադրության մեքենան: Այսինքն՝ հարբածի նման ու որևէ տեղ չտանող: Տանելու դեպքում՝ հիմնականում կործանման: Բայց մեզ համար խնդիրը ոչ ռուսական մեքենան է ինքնին, ոչ էլ անգամ մեքենավարը՝ ինքզինքը, այլ այն, որ այն «քշում են Հայաստանի վրա»:
Քշում են՝ փորձարկելու համար դիմադրությունը: Զրոյական դիմադրությունը: Փորձարկելով՝ ցույց են տալիս նաև Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի մակարդակի անկումը: Ժամանակին Հայաստանին վիրավորում էր Պետդումայի խոսնակ Գրիզլովը՝ ֆորպոստ անվանելով: Վիրավորելը՝ վիրավորել, բայց գոնե կարգավիճակը տեղն էր: Ժամանակի ընթացքում վիրավորողների մակարդակն իջեցվեց մինչև Զատուլին-Դուգինների մակարդակի:
Հիմա անգամ դա է շատ համարվել, ու որպեսզի նվաստացումն ամողջական ու անշրջելի լինի, հասցվել է քաղաքական միմի մակարդակի: Կիսելյովն արդեն գնացել է, կամ չի գնացել, բայց Հայաստանին վերաբերող հայտարարություններն արել ու որևէ ռուսախոս տաքսիստի գտնելով՝ մեկնել է Գառնի-Սևան, ու հիմա բոլոր նրանք, ովքեր այդ հայտարարություններն անելիս նրա կողքին նստած էին, ու բոլոր նրանք, ովքեր կարող էին նստած լինել, բայց չէին, սկսել են պատասխանել Կիսելյովին: Ինչպես Սերժ Սարգսյանը՝ Աստանայում: Այսինքն՝ Աստանայից հետո՝ Ծաղկաձորում: Հայաստանը վաղուց վերածվել է պատասխանողի:
Ավելի ճիշտ՝ չպատասխանողի ու պատասխանելու իրական ժամանակից հետո «պատասխանողի»: Այնպես, որ պատասխանի հասցեատերերը չլսեն: Հայաստանը վերածվել է պետության, որն ասելիք չունի՝ բառի ամենալայն և արդեն ամենաուղիղ իմաստով: Դրա համար Հայաստանը լսում է՝ լսում է Նազարբաևին, ավելի ուշադիր՝ Պուտինին, լսում է Կիսելյովին ու մնացած բոլորին: Որովհետև, երբ երկիրը դադարում է ասելիք ունենալ, մնում է լսել նրանց ասածները, ում վերապահվել է ասելու իրավունքը: Իրականում խնդիրը ո՛չ Կիսելյովն է, ո՛չ Նազարբաևը, ո՛չ էլ անգամ Պուտինը:
Խնդիրը Հայաստանի պատրաստակամությունն է՝ հանձնելու պատրաստակամությունը, ասելիքը, տեքստը ուրիշին հանձնելու պատրաստակամությունը: Իսկ ցասումը, թե՝ ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ Կիսելյովը նման հայտարարություններ անի, մեղմ ասած, ավելի նվաստացուցիչ է դարձնում իրավիճակը: Որովհետև այդ հարցադրումը նշանակում է, որ Հայաստանի պետականությունը, հայոց լեզուն կարելի է վիրավորել, պարզապես պետք է, որ վիրավորողը համապատասխան կարգավիճակ ունենա: Կիսելյովը գնացել է կամ գնալու է: Բայց գալու են նոր կիսելյովներ: Գալու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համարձակվել ասել իր խոսքը: Հայոց լեզվով: