Աղվան Վարդանյան. «Ելք երկրից»

«Անտարես» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Գրքի խմբագիրը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն է:

Աղվան Վարդանյանը գրքի վերջում բացատրագիր է ներկայացրել. «Ոչ թե ծանոթագրություններ, այլ բացատրագիր գրեցի, որ ավելի ընդգծեմ բանաստեղծություն բացատրելու անհեթեթությունը: Բայց այս գործերը 25-30 տարվա վաղեմություն ունեն և ուղղակի պարտադրում են որոշ բաներ պարզաբանել` տեղեկանքը, իրավիճակը, առնչությունները նշել: Շատ գործերի պարագայում դրա կարիքը չկա: Նաև-բայց` ես չեմ ընդունում ճշմարիտ բանաստեղծությունը բացատրության պետք չունի ձևակերպումը: Գրվել է` ինչ գրվել է»:

Ներկայացնում ենք Հակոբ Մովսեսի և բանաստեղծ Ավագ Եփրեմյանի խոսքը «Ելք երկրից» բանաստեղծությունների ժողովածուի մասին:

Բարձր հարգի ոսկի
Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» ժողովածուի առաջաբանը

Կարդացեք նաև

hakob-movsesԲանաստեղծությունը կամ, ավելի որոշակի ասեմ, բանաստեղծության ոսկին գնահատվելու շատ չափանիշներ ունի. զանգված, քաշ, անվանական արժեք, իբրև արժույթ, իբրև ձուլակտոր, իբրև զարդ: Բայց այդ ամենով հանդերձ` ոսկու վրա փոքրիկ մի նշում է դաջված, որը կոչվում է հարգադրոշմ: Դա գնանշում չէ, որ փորձագետները կամ վաճառողներն են դնում, ոչ էլ այն արժեքը, որ քննադատները կամ թեկուզ ընթերցողներն են սահմանում: Դրանք փոփոխական են և կարող են բարձրանալ կամ իջնել: Հարգադրոշմը ոսկու աստիճանակարգն է. դա է, որ կարգում է «ազնիվ մետաղ» փոխաբերությունը: Հարգով է որոշվում Մենդելեևի աղյուսակի այդ տարրի զտությունը և հնչունությունը` առաջին դեպքում նրան կապելով հումից, անմշակից կամ խառնից նրա զատման աստիճանին, երկրորդ դեպքում` թերևս հնչմունքի հետ այն աշխարհների, որտեղից իջեցվել է: Երկրորդ դեպքում ոսկին այլևս ոչ թե քիմիական տարր է, այլ` երաժշտության և մելոսի: Կարող եմ նաև ասել, որ հարգը մի տեսակ լույսի ներկայությունն է այդ մետաղի մեջ: Համենայնդեպս, որոշիչը դա է:

Հայոց բանաստեղծության մեջ Միսաք Մեծարենցի բանաստեղծություններից ավելի հուժկու, ավելի զանգվածեղ և պաթետիկ (ես սա ասում եմ լավ իմաստով), գուցե և ավելի գործնական ու գործածական ձուլակտորներ կան: Բայց ինձ համար ամենաբարձրը նրա բանաստեղծության հարգն է: Միջնադարի մեծ բժշկապետ Պարացելսուսի ամենազորեղ բուժամիջոցները նրա կարմրոսկե փոքրիկ հմայիլներն էին, որոնք նա դնում էր իր հիվանդների սրտերին:

Այս ամենը ես ասում եմ ասելու համար, որ անցած դարի 80-90-ականներին մեր բանաստեղծություն եկածների մեջ ամենաբարձր մի հարգադրոշմը Աղվան Վարդանյանի բանաստեղծությունների վրա էր դրված:

Այս գրքում ամփոփված է այն, ինչ այն ժամանակ երիտասարդ բանաստեղծը հասցրեց հրատարակել և առաջին գիրքը տպագրելուց հետո գրել: Հետո մեկը գողեգող-բայց ինչո՞ւ գողեգող-մոտեցավ այդ թվականներին արդեն կոհորտա ձևավորող տաղանդավոր մի խումբ մարդկանց և նրանց ներքաշեց իր ոլորտ,- նրա անունը այն ժամանակ, կարծեմ, քաղաքականություն էր:

Բնական էր, որ ինչը երազվում էր բանաստեղծությամբ և բանաստեղծության մեջ` այդ մարդիկ հնարավորություն տեսան կիրառելու նաև քաղաքականության մեջ: Ստացվե՞ց: Չգիտեմ, չգիտեմ: Բայց որ Աղվան Վարդանյանի բացակայությունը մեր բանաստեղծության մեջ նրա մի հնարավորության բացակայությունը եղավ` համոզված եմ…

Հայոց բանաստեղծության` Նարեկացու «Տաղերով» իր ձևավորումը ստացած և Մեծարենցով լրման եկած ներբողային գիծն էր, որին կանգնել էր Աղվան Վարդանյանը: Նրան հատուկ է աշխարհում բովանդակ եղողի-Հովհ. Թումանյանը դրան ասում է աստնվոր-փառաբանումը: Ֆրանցիսկ անունով կաթողիկե աշխարհի ասսիզեցի սրբից («Փառաբան լեր, Տեր, վասն քամու, ով եղբայրն է մեր») դեռևս գրեթե երկու հարյուրամյակ առաջ հայոց ճգնավորն ու բանաստեղծը իր «Տաղերում» մեջտեղ էր հանել այն բերկրանքն ու ցնծությունը, որը ճառելի է դարձնում Աստծուն և անճանաչելին վայելքի մեջ է քաշում ամեն ինչով` Լույսով, Քամիով, Անձրևով, Խոտով, Առավոտներով, Բլուրներով, Ջրերով, Ցնծությամբ և Սգով, Ծնունդով և Մահվամբ…

Այս ավանդույթը Տերյանի և Չարենցի մի շարք բանաստեղծություններից հետո ասես ընդհատակ անցավ: Իմ ասած ութսունական թվականներին այն վերածնվելու և ծավալվելու հնարավորություն ուներգ Աղվան Վարդանյանի բանաստեղծությունները ահա այդ հնարավորություններից էին: Այս վերահրատարակվող գրքում զետեղված մի քանի տասնյակ բանաստեղծությունները իրենց լեզվով և գեղեցիկ առոգանություններով ահա այդ կորած և ինձ համար շատ թանկ գիծն են շարունակում…

Axvan Vardanyan  (3)

Ինչպե՞ս բնութագրենք այս բանաստեղծությունը: Ավետարանը անբնութագրելին բնութագրելու կամ նրա մասին ինչ-որ կերպ խոսելու միակ հնարավոր ձևն է առաջարկում` առակը: Ես էլ դիմեմ նրան: Մեկը-հաստատ բանաստեղծ-իր հայրենի Նախիջևան երկրի` քարտեզի վրա այլևս զուր փնտրվելիք Գեմուր իրենց գյուղի` իրենց տան դեմի չորս բլուրների պատկերը աչքերի մեջ` մի օր հյուր գնաց մեր երկրի հյուսիսների Կորխ գյուղ: Բայց ինչպե՞ս գնաց: Ասենք` իբրև հարսնատես: Իր հարսնատեսությանը սպասող այդ գյուղի բլուրը զուգվել-զարդարվել էր:

Նրա ուսին թռչուն էր նստած: Նրա կրծքին ծաղիկ էր բացվել: Ես ասում եմ` հարսնատես, բայց կարելի է ասել նաև բլրատես: Ինչպես որ վերոհիշյալ նույն գծի նրա գրչեղբայրը` Աշոտ Ավդալյանն է իր մի բանաստեղծության մեջ երկիր այցելելու- և, ավաղ, իսկույն հեռանալու- իր կյանքի ծեսը անվանել Երկրատես: Ուրեմն` բլրատես: Իսկ ի՞նչ տեսավ այնտեղ: «Ինչ որ տեսա` մի պահ տեսա»: Ասվում է` «մի պահ», որովհետև այդպես կայծակնային է բանաստեղծության մեջ երևացածը: Այն չի պատմվում, ինչպես որ չի պատմվում հենց ինքը` կայծակը: Եվ քանի որ մենք չենք կարող այն վերապատմել` ստիպված ենք նորից ու նորից բացել բանաստեղծությունների այս գիրքը:

Եվ ի՞նչ նվերով է բանաստեղծը գնացել իր այդ ծեսին: Բայց բանաստեղծները մի նվերով կարող են վերևում ասված «աստնվորի»` դաշտ ու բլուրի, ջրի և օգոստոսի, քամու և թռչունի, լույսի և միջօրեի, զատիկի և գառի սիրտը առնել-բառերով:

Աղվան Վարդանյանի բառերը, տոներն ու կիսատոները բավական են դրա համար…
Թող ների մեր ընկերը («ընկեր» բառը միայն կուսակցական իմաստ չունի, այլ նաև` ավետարանական), եթե ես ասեմ, որ չգիտեմ` ինքը կվերադառնա՞ բանաստեղծություն (դրա մի նշանը կա. վերջերս զանգեց և ասաց, որ բանաստեղծություն է գրել),- բայց դա թողնելով իրեն իր բուն աշխարհ` բանաստեղծության բնաշխարհ վերադարձնելու իր կարողությանը` ես ոչ մի քաշվելու բան չունեմ ասելու, որ այս մի բուռ բանաստեղծությունները ինձ համար վերջին շրջանի մեր բանաստեղծության մեջ

ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ են: Ես կարող եմ ասել նաև` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ:

Գործի բերումով ժամանակին դրանց մեծ մասը առաջինը-կամ առաջիններից մեկը- հավանաբար ես եմ կարդացել, բայց բանաստեղծության բերումով ես հավանաբար վերջինն եմ- երևի հեղինակի հետ միասին- ով դրանք երբեք չի մոռացել:
Չեմ մոռացել, որովհետև դրանցում առկա է երեք բան.

Առաջինը և ամենակարևորը` ոճ`«ոճը մարդն է», տվյալ դեպքում`«ոճը բանաստեղծությունն է» հայտնի մեկնաբանությամբ. ոճ կարող է ունենալ միայն անհատականությունը, բանաստեղծ անհատականությունը, տվյալ դեպքում` միայն նրա կերտած բանաստեղծությունը:

Երկրորդ` լեզու- Աղվան Վարդանյանի բանաստեղծություններում մի սքանչելի հայերեն է ցնծում:

Եվ ապա` զարմանալի, թեթև, անբռնազբոսիկ, առինքնող և մի տեսակ զվարթ տխրությամբ պարուրող գեղեցկություն, որ միջօրեի կամարներին հեղված լույսն է ունենում: Վերջինս` պարուրված չքնաղ ռիթմերով, որոնց հույները «մետրիկա-տաղաչափություն» կամ «պրոսոդիա» էին ասում, ես վերջին բառը թարգմանում եմ «առոգանություն»,- Աղվան Վարդանյանը այն բանաստեղծն է, ով առանձնանում է անգամ իր առոգանություններով:

Չմոռանամ նշել հանգավորման համակարգի խիստ ինքնատիպ լուծումները, որոնցից մի քանիսը մեր բանաստեղծության մեջ Աղվան Վարդանյանի «ներմուծումներն» են:
Ընթերցելով-վերընթերցելով այս գիրքը` ես ևս մի անգամ համոզվեցի, որ լավ բանաստեղծությունը քանակական բնութագիր չունի. պոեզիայի պատմության մեջ քիչ չեն 40-50 բանաստեղծություն թողած այն բանաստեղծները, որոնք մեկնաբանության և հիացմունքի 40-50 հատոր են ծնել: Օրինակ` Ֆրանսուա Վիյոն անունով ֆրանսիացի խուլիգան հրեշտակը:

Մի բան էլ. լավ բանաստեղծությունը չի հնանում կամ մոռացվում. Աղվան Վարդանյանի բանաստեղծությունների մեծ մասը, լա՛վ, եթե ուզում եք, որ Վիյոնի անունը տալուց հետո ես մեղմասացությամբ ասեմ` առնվազն մի քանիսը (բայց թեկուզ և մեկը) այն լավագույններից են, որոնց վրա դրված է հայերենի ոսկու ամենաբարձր հարգադրոշմը:
ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ

Մենք ծարավ ենք, երեխանե՛ր…
Avag EpremyanԺամանակը, որ մեր աչքի առաջ է միշտ, ես հիմա անվանելու եմ կիրառական, ի տարբերություն մյուս` հավերժական ժամանակի, որին հիշում, որը տեսնում են բանաստեղծությանն առնչվելիս միայն, որովհետև նա ներկայանալու, հենց լինելու այլ եղանակ չունի էլ: Բանաստեղծություններն, իրենց հերթին, շատ չեն լինում, բայց նրանք, որոնք լինում են, պայմանավորում են որևէ կիրառական ժամանակի գոյության հնարավորությունն իսկ (ամենակարճ գոյությունը նույնիսկ կարելի է միայն հավերժի մեջ): Այսպես է, որ դեռևս շարունակություն կա:

Ելնելով ասվածից` ասեմ նաև, որ «գրելու տարեթիվ-ժամանակ», «գրական պրոցես» և նման այլ հասկացություններն այստեղ սովորական եղանակով չեն աշխատի: Որովհետև Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը ոչ հին է, ոչ նոր, այլգ չեմ հիշում նման բնորոշում, ուստի` արարչա-վաղնջական…

Վաղնջականը գոնե փորձեմ բացատրել: Այսպես. Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը հազվադեպ պատահողներից է: Ունենք նաև այն իմացումը, թե բանաստեղծը մի քանի ուրիշ բանաստեղծների ջանքի «արդյունքն» է: Ժառանգորդությունը` ժառանգորդություն, բայց բառ առ բառ, տող առ տող ղողանջող մի «աննմանություն» անընդհատ հուշում է, որ այն աղբյուրը, որից ջուր են խմել այս տաղերը, Կաթնաղբյուր է եղել. տվյալ դեպքում դա ոչ թե արդեն բանաստեղծված, այլ դեռևս աշխարհի անվանումով զբաղ` աշխարհը փաղաքշող Լեզուն է. արարման ջանքի գոլորշին չափազանց է զգալի…

Խոսքիս վերնագիրը Ա. Վարդանյանի «Հայոց այբուբեն» բանաստեղծությունից է:
Կրկնում եմ` Մենք ծարավ ենք, երեխաներ…
ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Axvan Vardanyan  (1)

Ներկայացնում ենք նմուշներ Աղվան Վարդանյանի «ԵԼՔ ԵՐԿՐԻՑ» գրքից.

ՁՅԱՆ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ
Ձայներն ելան, երերաց
Կապտամութը ադամա,
Ես ձյուն տեսա, ձյան վրա`
Մարգարիտ ու ադամանդ,

Եղեգնաքար, լուսնաքար`
Նրանց մեջ ձյուն-հարսնացուն,
Որ շաղելով բույր ու փայլ`
Անեզրություն պարգևեց
Սրսըփոցով ցրտաշունչ:

Բացվեց, ցոլաց, ցոլցլաց,
Ձայնեց ձայնով արծաթե,
Ես գայթեցի իմ ներսում,
Երբ ձեռքերով ցանկացա
Կապանքներս արձակել:

Մարմին ու սիրտ շարժեցի,
Որ չմնամ թակարդում,
Փախա, բայց ո՞ւր գնայի,
Փախա, ավաղ, ապարդյուն:
Ու մի վայրկյան նրա դեմ
Անշարժացա ակամա,
Ձայն տվեցի կարկամած,
Բայց ձայնս ինձ չհասավ`
Ծածկել էին ինձ արդեն
Մարգարիտ ու ադամանդ:

ԳԻՇԵՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Երբ գիշերը ճիչով հեռանում է քամուց,
Եվ ծաղիկն է շողում` կարմիր երիզ,
Բաց շուրթերը մութը պատերին են գամում,
Մոտենում է սիրտը դանակներին:

Արցունքներից առաջ ոչինչ չկար, գուցե,
Հետո սերը խրվեց սրտի մեջ բաց,
Եվ սերմերը, որոնք թռչուններն են գցել,
Հեռացնում է քամին դաժանաբար:

Մինչև այստեղ, մինչև սերը ծածկի ներկան,
Եվ խուսափի սիրտը դանակներից,
Պիտի մեռած քամին` ծաղիկներով ներկած,
Հանձնի իրեն կորած կրակներին:

Եվ գիշերը ճիչով ազատվում է քամուց,
Եվ ծաղիկն է թռչում` կարմիր երիզ,
Սակայն շուրթերն ահա արցունքների գավում,
Ահա սիրտը` ցցված դանակներին:

ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐ – 1990
Երկինք, միայն երկինք` պայծառ ու պաղ`
Հրեշտակաց կապույտ վտառներով,
Ուրիշներին, իրեն ձեռ առնելով`
Պտտվում է, ցփնում ծափ ու ծիծաղ
Խումբը Մեծի Տանն Տեխնիկայի:

Բլուրները` ձյունի բոցով կալնած,
Մահվան շնչից ծնունդ Միածինի,
Զգուշության կոչեր Էջմիածնից,
Փողոցներն ու կյանքը սառցակալած,
Եվ վարք ժողովրդի` տիկնիկային:

Եվ աշխատանք չկա, կա ցոփություն
Տոնածառի շուրջը պարող մարմնի,
Ամայության խորքում միայն կարմիր
Սիրտը դեռ չի առել նզովք ու թույն
Եվ դեռ հակառակ է այս քաոսին,

Որ քեզ տեսնի պայծառ լույսերի տակ`
Ազատության շունչ ու փառք զգեցած,
Բայց երկինքը նրան քաշում է ցած`
Դեպի ուրիշ հրճվանք ու նպատակ`
Դեպի Սուրբ Ծնունդը Քրիստոսի:

ԲԱՑԱՏՐԱԳԻՐ. «Ծննդյան տոներ» – 1990-ին ՀՀՇ վարչությունը` Վանոն, Թատերական հրապարակում տոնածառ ու մեծ տորթ էր դրել: Ժողովրդին նետվող առաջին տեսարաններից էր: «Խումբը Մեծի Տանն Տեխնիկայի»` նախկին տեխնիկայի տունը ՀՀՇ-ն դարձրել էր իր նստավայրը, հիմա Սիրիայի դեսպանատունն է Բաղրամյանի վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս