Էջմիածնում սուբվենցիոն ծրագրով խթանում են Դիանա Գասպարյանի ընտանեկան բիզնեսը. «Հետք»

Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է: Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով: Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերության կողմից կառուցվող առանձնատներն են։ Այս մասին գրում է «Հետքը»:

Սուբվենցիոն ծրագրերով ճանապարհների վերանորոգումը մի քանի փուլ է անցնում, և երկար ժամանակ է պահանջվում շինարարությունը սկսելու համար:

Հիմնանորոգվում է նաև քաղաքի Խորենացու փողոցի 450 մետր հատվածը, որն ավարտվում է Տերյան փողոցով: Համայնքապետարանում գուցե պատճառաբանեն, թե ըստ առաջնահերթության է Տերյան փողոցն ընտրվել: Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սկեսրոջ՝ վաճառքի նպատակով կառուցվող տների հանգամանքը, դժվար է պատահականություններին հավատալ, հատկապես, որ Տերյան փողոցի այդ հատվածը, այլ փողոցների համեմատ, այդքան էլ վատ վիճակում չէր:

Փոխարենը համայնքային իշխանությունները չեն շտապել հիմնանորոգել քաղաքի Չարենցի, Անդրանիկի, Թումանյան, Պատկանյան ու բազմաթիվ այլ փողոցներ՝ բավարարվելով միայն փոսալցմամբ, որը մեկ սեզոնից ավելի կյանք չի ունեցել:

«Հետքը» դեռ 2023թ. դեկտեմբերին գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել: Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ:

«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը մոտ 1,2 հեկտար է, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի հոդվածը, նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ այն միացվել է «Հետքի» նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացություններն արդեն ստացվել են: Մեր տեղեկություններով, դրանք Դ. Գասպարյանի օգտին չեն, ինչը նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է քրեական վարույթով մեղադրանք առաջադրվի:

Էջմիածին քաղաքի ճանապարհներն օրեցօր ավելի դժվարանցանելի են դառնում: Ավտոմեքենայով փոսերը շրջանցել գրեթե հնարավոր չէ: Անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները հաճախ ավտովթարների պատճառ են դառնում: Պատկանյան փողոցի հարևանությամբ ապրող բնակիչներից մեկը՝ Գուրգեն Ավետիսյանը, պատմեց, որ իրենք են տան դիմացի փոսերը քարով ու հողով լցնում, որպեսզի վթարներ չլինեն: 2-3 օր առաջ է վերջին վթարը եղել: Նրա խոսքով, վարորդները մտածում են, որ ասֆալտապատ ճանապարհ է, ընթացքում հանդիպում են մեծ փոսի, կտրուկ արգելակում են, ինչն էլ դառնում է վթարի պատճառ:

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ համայնքապետարանը նախնական հայտ է ներկայացրել, որպեսզի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվեն խիստ վերանորոգման կարիք ունեցող ճանապարհները, սակայն Կառավարությունը դեռ չի հաստատել:

«Վաղարշապատ համայնքի խիստ վերանորոգման ենթակա ճանապարհները տվյալ պահին ներառված են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ընթացքի մեջ են 2024թ. սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները: 2025թ. նախատեսվում է Էջմիածին քաղաքի բոլոր փողոցներում կատարել վերանորոգման՝ փոսալցման աշխատանքներ»,- հայտնել է Դիանա Գասպարյանը:

2025թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախնական հայտ է ներկայացվել քաղաքի Ռ. Պատկանյան (450մ), Ս. Մանուկյան (260մ), Թումանյան (1028մ) և Բաղրամյան (525մ) փողոցների հիմնանորոգման վերաբերալ: Ըստ նախահաշվի՝ ծրագրի ամբողջ գումարը կազմում է մոտ 1 մլրդ 172 մլն դրամ, որից համայնքի ներդրումը՝ մոտ 762 մլն դրամ:

Վերանորոգման ընթացքում են մի շարք այլ ճանապարհներ, որոնց աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Այդ աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 285 մլն դրամ, որը ֆինանսավորվել է համայնքային բյուջեից:

Նշենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 15-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ վայր է դնելու քաղաքապետի մանդատը։ Իսկ մայիսի 21-ի ավագանու նիստի օրակարգային հարցերի զեկուցման ավարտին հայտնեց պաշտոնաթողության և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։

«Տեղական ինքակառավարման մասին» օրենքի համաձայն՝ դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և 7 աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումը ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն, որից հետո վերջինիս լիազորությունները համարվում են դադարեցված։

Տեսանյութեր

Լրահոս