
«ՀՀ-ում նման գործընթաց սկսել հնարավոր չէ, պետք է դիմենք նաև Վատիկանին. հասարակությունը պետք է տա իր ճշգրիտ հակադարձումը». Վարդան Խաչատրյան

Բաքվում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման հարցին:
Քննարկմանը մասնակցել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, Ղազիների խորհրդի անդամներ, կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդարանի անդամներ։
Հանդիպման նպատակն է եղել՝ քննարկել «Արևմտյան Ադրբեջանում» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը) գործող պատմական կրոնական հաստատության վերականգնման հեռանկարներն ու ընթացակարգերը։ Հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվել է «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։ Ղազիների խորհրդի քվեարկությունից հետո նոր ղազի է նշանակվել Բախտիյար Նաջաֆովը։
Այսօր ԱԳ խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադարձել է այս հայտարարությանը, նշելով, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»:
Փիլիսոփա, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի խոսքով՝ այս ամենին նախևառաջ հասարակական արձագանք պետք է լինի։
«Պետք է պարզ պատկերացնենք, որ մոնոէթնիկ Հայաստանի շրջանակում… մոնէթնիկությունը մեր ընտրությունը չէ, մեկ անգամ էլ այդ մասին նշեմ, էլի, մոնէթնիկությունը հետևանք է մեր ապրած ծայրահեղ գենոցիդի, ծայրահեղ ոչնչացման մեծ ծրագրերի, բազում վայրիվերումների և վերջին պատերազմական գործողությունները դրա շարունակությունն էր։
Այս պայմաններում գերխիտ ներքին խնդիրներ, փախստական հայ ժողովուրդ և այս համատեքստում ՀՀ-ում սկսել նման գործընթաց՝ հնարավոր չէ։ Հասարակությունը պետք է դրան տա իր ճշգրիտ հակադարձումը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Խաչատրյանը։
Շարունակելով միտքը, Վարդան Խաչատրյանն ասաց, որ համանման սադրիչ որոշումներ ու գործողություններ իրականացնելու խնդիրը պետք է դիտարկվի ոչ միայն մուսուլմանների կողմից, այլև ՌԴ իշխանությունների, այդ թվում՝ ՄԱԿ գրասենյակի, ԵՄ-ի կողմից, որովհետև հասկանալի է, որ այս ամենն աստիճանական նվաճման տրադիցիոն հարյուրամյակներով եկած փորձերի հետևանքն է, հատկապես՝ իրենց հետ այս տարածքներ այդ ամենը բերած թուրքական տարրը։
«Հենց այդ տարրն է ոչնչացրել բարիդրացիական հարաբերություններն իսլամի և քրիստոնեության միջև։ Այսօր ևս Մերձավոր արևելյան շրջանում ընթանում է քրիստոնեության էթնիկական բազմությունների ոչնչացում, որի մասին ազդարարում էր Հռոմի նորընտիր պապը։
Մենք պետք է դիմենք նաև Վատիկանին, եթե նման խնդիր կա, ևս մեկ անգամ լավ փաստարկելով այս ամենը, և ստանանք ենթադրելի պատասխաններ, այսինքն՝ ցանկալի պատասխաններ, որպեսզի նման սադրիչ գործողությունները չարժանանան նաև համաշխարհային հանրության համակրանքին»,- հավելեց աստվածաբանը։
Ըստ մեր զրուցակցի, եթե թուրքական տարրն իր հետ այս ամենը բերել է, ապա թուրքական էթնոսն էլ սադրանքն իր վրա է վերցնում ու տրանսլյացիա անում ամբողջ աշխարհին, նաև Ռուսաստանին, որը հանդիսանում է Հարավային Կովկասի մաս։
«Պատերազմի առաջին օրերին, երբ Ռուսաստանում եթեր հեռարձակվեց այդ ամենը, ադրբեջանցի մի լրագրող հայտարարեց՝ եթե Ռուսաստանը կանգնելու է Հայաստանի կողքին, իր ներսում ստանալու է «5 Ղարաբաղ», այսինքն՝ 5 իսլամական ավտոնոմ Հանրապետություններ ՌԴ-ի ներսում դուրս կգան ՌԴ կենտրոնական իշխանությունների դեմ։ Սա այն ժամանակ մեծ աղմուկ առաջացրեց, բայց խոսքն արդեն ասվել էր, քարը նետվել էր ջուրը և նրա ալիքներն անկասելիորեն գնում էին դեպի տվյալ լճակի ափերը»,- շեշտեց Վ. Խաչատրյանը։
Աստվածաբանը նաև նշեց, որ նման հարցերում պետությունն առաջին հերթին պետք է ականջալուր լինի պրոֆեսիոնալներին և եղած խնդիրների դաշտում, որոնք պարունակում են աներևակայելի վտանգ, քննարկում անցկացնի ու դրանից հետո դիմի այն ատյաններին, որոնց նույն այդ պրոֆեսիոնալները չեն կարող դիմել։
«Երբ ասում ենք՝ խնդրի համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալներ, դա մնացել է ձայն բարբառոյ յանապատի։ Պետք է ամեն ինչ արվի, որ պետությունը, որտեղ մուտք ունի, այս ամենը ներկայացնի հավուր պատշաճի»,- ընդգծեց Վարդան Խաչատրյանը։