Բաժիններ՝

Անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի. ՊԵԿ պատասխանը

Անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ պարզել է` ՀՀ քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածով հայտարարագիրը չլրացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու դեպքում սահմանվում է առավելագույնը 3-6 տարի ազատազրկում։

Նա հարցումներ էր ուղարկել ՊԵԿ և ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն հստակ պարզաբանումներ չի ստացել։

Քրեական պատասխանատվության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենք չեն այն մարմինը, որ պետք է պատասխանի այդ հարցին, սակայն իրենց մասնագետներն ուսումնասիրել են հարցը։

«Մեր մասնագետների դիտարկմամբ՝ նման խնդիր չի առաջանում։ Կարծում եմ, սակայն, վերջնական պատասխան պետք է ակնկալել համապատասխան պատկան մարմիններից»,– ավելացրեց Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին մոտ 54 հազար մարդ լրացրել է հայտարարագիր, որից 23 հազարը ստացել է 2 մլրդ դրամից ավելի սոցիալական վճար։

Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբերի 1-ը։

Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս