Հայտարարություն՝ ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին
ՔՀԻ (Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Հայաստան)
FIDH (Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա)
ՀՀ-ում խափանման միջոց կալանավորման կիրառման վերջին դեպքերը ևս մեկ անգամ վեր են հանում դատավորների կողմից խափանման միջոցների` մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտմամբ կիրառելու խնդիրը:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով (ՔԴՕ) սահմանվում է խափանման միջոցների, այդ թվում՝ կալանավորման կիրառման հիմքերն ու ընթացակարգը: Կալանավորումը կարող է կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, մասնավորապես՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով, կարող է կատարել օրենքով չթույլատրված քրեական արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց կամ խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Խափանման միջոցը ընտրելիս պետք է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կասկածյալի կամ մեղադրյալի անձը, զբաղմունքի տեսակը, խնամակալների առկայությունը, բնակության մշտական վայրի առկայությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարբերաբար որոշում է կայացրել, որ ծանր հանցագործության մեղադրանքի առկայությունն ինքնին, բավարար չէ երկարատև կալանավորման մասին որոշումներ կայացնելու համար: ՄԻԵԴ-ը միևնույն ժամանակ նշել է, որ կալանավորում կարող է կիրառվել, եթե ակնհայտ և լուրջ վտանգ կա, որ անձը կարող է փախուստի դիմել կամ նորից հանցագործություն կատարել:
Կալանավորումը համարվում է ամենախիստ խափանման միջոցը և պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց և այն դեպքերում, երբ առավել մեղմ խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և արդարադատության իրականացումը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն նշել է, որ կալանավորումը պետք է ոչ միայն օրինական լինի, այլև՝ անհրաժեշտ և ողջամիտ տվյալ հանգամանքներում:
Հայաստանում դատարանները շարունակաբար չեն անդրադառնում գործի փաստական հանգամանքներին` կալանավորման մասին իրենց որոշումները հիմնավորելիս: Դատարանի որոշումները սովորաբար պարունակում են թաքնվելու սպառնալիքի և/կամ քննության համար խոչընդոտներ ստեղծելու վտանգի վերաբերյալ վերացական ենթադրություններ, սակայն չի նշվում կոնկրետ փաստ կամ բացատրություն, թե ինչպես է օրենքը կիրառվում տվյալ անհատական հանգամանքների նկատմամբ: Այս խնդիրը ներկայացվում է մի քանի գործերով:
2013թ. հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մեքենան հարվածել է մեկ այլ մեքենայի` 6 ուղևորով: 6 ուղևորներն էլ տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանցից 2-ը մահացել են: Այս ավտովթարի հետևանքով Վարդան Պետրոսյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ և մնացել է հիվանդանոցում մինչև 2013թ. նոյեմբերի 3-ը, այնուհետև նա տեղափոխվել է տուն՝ բժշկական խորհուրդներով բուժումը տանը շարունակելու նպատակով: Երկու օր անց նրան ձերբակալել են իր տնից և 2013թ. նոյեմբերի 6-ից նա գտնվում է կալանքի տակ: Դատարանը պատճառաբանել է իր որոշումը հանցագործության ծանրությամբ, քանի որ 2 երիտասարդներ են զոհվել և «բարոյականությունից ելնելով», ինչը հակասում է վերը նշված ՄԻԵԴ-ի որոշումներին: Ավելին, դատարանը չի հիմնավորել իր որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով` հակասելով կալանավորման վերաբերյալ միջազգային չափանիշներին:
2013թ. նոյեմբերի 9-ին՝ կալանավորման մասին որոշում կայացնելուց հետո, Վարդան Պետրոսյանն առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 2014թ. ապրիլի 29-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Բժշկական եզրակացության համաձայն՝ նրա առողջությունը բարելավվել է, և անհրաժեշտ է միայն ստացիոնար բուժում: Ներկայումս նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժանձնակազմի վերահսկողության տակ:
Պետրոսյանի փաստաբանը նշել է, որ չի կարող հաստատել՝ որքանով է այս բժշկական եզրակացությունը հիմնավորված, սակայն իր պաշտպանյալն ունի թոքերի հետ կապված լուրջ խնդիր, և փաստաբանը կարծում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմանները պատշաճ չեն Պետրոսյանին` իր առողջական խնդիրներով պահելու համար:
Մեկ այլ գործով, 2013թ. նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կողմից կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկը` Տիգրան Պետրոսյանը, ձերբակալվել է և կալանավորվել խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Տիգրան Պետրոսյանն իր հիվանդ հոր միակ խնամակալն է: Կալանավորման որոշումը նորից չի հիմնավորվել դատարանի կողմից:
Վարդան Պետրոսյանի և Տիգրան Պետրոսյանի գործերը գրավել են հասարակության ուշադրությունը: Սակայն կան նաև բազմաթիվ ոչ շատ հայտնի գործեր, երբ առանց հիմնավորման որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
2013թ. մարտի 13-ին Արամ Մուղալյանի և երեք այլ անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 1-ին և 3.1. կետով և 34-185-րդ հոդվածի 2.1. և 2 կետով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ): Մեղադրանքի համաձայն՝ երիտասարդները փորձել են այրել խոտի դեզը՝ ծխահարելով մոտ 30 կապ խոտ, արդյունքում դեզի տերը կրել է 36 000 ՀՀ դրամի (մոտ 62 եվրո) նյութական վնաս: 2013թ. ապրիլի 17-ին կասկածյալները ձերբակալվել են և որոշում է կայացվել որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Ո՛չ քննություն իրականացնող մարմինը և ո՛չ էլ դատարանը փաստական և էական հանգամանքներ չեն ներկայացրել առ այն, որ մեղադրյալները կարող են փախուստի դիմել կամ խոչընդոտել քննությանը: 2013թ. մարտի 30-ից հետո, երբ մեղադրյալներին կանչել են ոստիկանություն բացատրություն տալու, վերջիններս կամավոր ներկայացել են: Ավելին, Մուղալյանի փաստաբանի պնդմամբ, դատարանում դատախազը նշել է, որ քիչ հավանականություն կա, որ Մուղալյանը փախուստի կդիմի, քանի որ նա Քեմբրիջի համալսարանում սովորելու համար ՀՀ-ից կրթաթոշակ է ստացել և պետության առջև հանձնառություն է ստանձնել: Միևնույն ժամանակ, դատախազը պնդել է, որ Մուղալյանին պետք է կալանավորել: 2013թ. հոկտեմբերի 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տղաներին մեղավոր ճանաչեց, սակայն համաներման որոշման հիման վրա ազատ արձակեց:
Կալանավորման մասին տիպային որոշումների ընդունումը, ստանդարտ ձևակերպումների օգտագործմամբ և առանց հիմնավորելու տվյալ գործի փաստական հանգամանքներով, հանդիսանում են մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական նորմերով ամրագրված անձնական ազատության իրավունքի լուրջ սահմանափակում:
ՀՀ-ում մարդու իրավունքների միջազգային չափանիշների համաձայն՝ ազատության իրավունքի պաշտպանության և համապատասխան երաշխիքների ապահովման նպատակով, ՔՀԻ-ն և FIDH-ը կոչ են անում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին`
-Պատճառաբանված դատական որոշումներ ընդունել, որոնք պարունակում են`
ա. համապատասխան էական ապացույցներ և անհատական գործով փաստական հանգամանքներ, որոնք հանգեցրել են այն եզրակացությանը, որ առկա է կալանավորում կիրառելու որոշման անհրաժեշտություն,
բ. բացատրություն, թե ինչու խափանման այլ միջոցները չեն կարող կիրառվել տվյալ անհատական հանգամանքներում:
– Պատշաճ կարգով, առանց հետաձգումների, քննել կալանավորման որոշումների բողոքարկումները,
– Կասկածյալի նկատմամբ շարունակվող ողջամիտ կասկածի առկայության ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ որոշում է ընդունվում կալանավորումը երկարացնելու վերաբերյալ: Կալանքի ժամկետների երկարացումը չի կարող հիմնավորվել այն նույն փաստարկներով, որոնք օգտագործվել են կալանքի նախորդ ժամկետը սահմանելու համար,
– Կիրառել կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոցները,
– Կալանավորման մասին որոշումներն ընդունել համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի: