Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է
Հայաստան-Վրաստան սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերում երթևեկությունը վերականգնվել է. «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում երթևեկությունը վերականգնվել է»,- ասել է Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բեռնատարների մի խումբ վարորդներ իրենց մեքենաներով փակել էին միջպետական ճանապարհը Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի մոտ։
Արդեն մի քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ, ըստ որի ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում մնալու իրավունք ունեն 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները Հայաստանի իշխանություններից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։
Վարորդները նշում են, որ դրանից ամենաշատը տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ տարվա մեջ միայն 90 օր նրանք կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ այդտեղ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ Կառավարության շենքի դիմաց ցույց անող վարորդներին ասել էր, որ Կառավարությունն այդ հարցով ակտիվորեն զբաղվում է։

