Ադրբեջանական ռադիոկայանից պահանջել են չհնչեցնել հայկական երգեր
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը բողոք է հայտնել ANS ռադիոկայանին՝ Qafqaz top 20 երաժշտական ծրագրի շրջանակներում մշտապես հայկական երգեր հնչեցնելու և «քարոզելու» կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է տվյալ խորհրդի նախագահ Նուշիրավան Մահերամլին: Նա ընդգծել է, որ կարգադրել է լուծել տվյալ հարցը, որ այլևս չկրկնվի նման բան, քանի որ դա խաղում է մարդկանց զգացմունքների վրա: Մահերամլին խորին ափսոսանք է հայտնել ANS-ի ղեկավարությունից ստացած պատասխանի կապակցությամբ.
«Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են պատերազմական վիճակում, այդպիսի հարցերում պետք է լինել շատ ուշադիր: «Մշակույթը չի ճանաչում սահմաններ» ANS-ի ղեկավարության այս տրամաբանությունը ճիշտ չէ:
Նույն տրամաբանությամբ պետք է Ադրբեջանում ցուցադրել հայկական ֆիլմեր, վաճառել հայկական ապրանքներ, կազմակերպել նրանց նկարիչների ցուցահանդեսներ: Այդ տրամաբանությունը չի համապատասխանում Ադրբեջանում այսօրվա իրավիճակին»: