Հովիկ Աբրահամյանին ոչ թե վարչապետ են նշանակել, այլ հանրապետության գլխավոր «փերի». «Ժամանակ»

 «Ժամանակը» գրում է. «Հայաստանում քաղաքական իրադարձությունները զարգանում են տարերային արագությամբ, ընդ որում՝ նկատելիորեն տեղի է ունեցել, այսպես ասած, «նյուզմեյքերի» փոփոխություն։ Եթե բոլորովին վերջերս «նյուզմեյքերը»՝ ոչ իշխանական քառյակը կամ այդ քառյակի առանձին բաղադրիչներն էին, ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականից և նոր վարչապետի նշանակումից հետո այդ «հացը» քառյակից խլել է Հովիկ Աբրահամյանը։ Նա ակնհայտորեն դարձել է «նյուզմեյքեր»՝ մե՛կ անակնկալ կերպով հայտնվում է «Դ!ԵՄ ԵՄ»–ի հանրահավաքին նախագահականի դիմաց, մե՛կ անակնկալ կերպով հայտարարում է պարտադիր կուտակայինը կասեցնելու մասին, մե՛կ էլ նույն կերպ անակնկալ հայտնվում է ոչ իշխանական քառյակի նիստին։ Կարծեք Հովիկ Աբրահամյանին ոչ թե վարչապետ են նշանակել, այլ հանրապետության գլխավոր «փերի», որը հասարակությանը պարտավորվել է անակնկալներ մատուցել։ Համենայնդեպս, նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանն առայժմ մարդկանց ավելի շատ շոուներ է մատուցում, քան հստակ խոսակցություն` առկա կոնկրետ խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ։ Մինչդեռ Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգում նոր մարդ չէ, և այսպես ասած՝ ադապտացիոն շրջանի անհրաժեշտության մասին խոսակցությունները հարաբերական են, քանի որ նա տարիներ շարունակ եղել է Հայաստանի փոխվարչապետ ու տարածքային կառավարման նախարար, իսկ հետո էլ՝ Աժ նախագահ և կարծեք թե կրկին չի կտրվել իրավիճակից։ Եվ ուրեմն, Հովիկ Աբրահամյանի դեպքում ադապտացիոն շրջանի կամ հարյուրօրյա շրջանի խնդիրը դառնում է, մեղմ ասած, հարաբերական։ Նա պետք է գործի անցներ անհապաղ, ընդ որում՝ անկախ կառավարության վերջնական ձևավորված կամ չձևավորված լինելուն, որովհտև Հայաստանի համակարգում, ըստ էության, դա էլ հարաբերական է։ Հովիկ Աբրահամյանը, սակայն, այսօր զբաղված է լրիվ այլ խնդիրներով։ Նա հասարակությանը «կրեատիվ» տեսարաններ է փորձում մատուցել, իսկ իրականում զբաղված է ընդամենը քաղաքական ցանց հյուսելով, որի առանցքային դրվագներից մեկն էլ նրա հայտնությունն էր «հրաշափառ» քառյակի նիստին։ Այստեղ Հովիկ Աբրահամյանը շատ խորհրդանշական մի հայտարարություն է արել՝ քառյակ չկա, կա վեցյակ։ Խնդիրն այն չէ՝ կա, թե չկա։ Հովիկ Աբրահամյանը կարևորն արել է՝ եկել ու հայտարարել է։ Նրա այնտեղ գնալու ողջ իմաստը եղել է հենց այդ ակնարկը, որ քառյակ չկա այլևս, կա վեցյակ։ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին տված նրա երկու կոշտ պատասխաններից հետո, քառյակի նիստին ներկայանալը, ըստ էության, նախապես ծրագրավորված քայլ էր, և այն պետք է փակեր երկու պատասխանների շղթան, ամբողջացներ պատասխանները։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը Լևոն Տեր–Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, ձեռնոց է նետում քառյակը կառավարելու իմաստով, այսինքն՝ փորձում է ցույց տալ, որ այդ ֆորմատն այլևս իրենն է, ոչ թե առաջին կամ երկրորդ նախագահներինը, ինչպես ընդունված էր համարել, կամ ինչպես նրանք են փորձել ցույց տալ զանազան ակնարկներով, թե իրենք են, այսպես ասած, տոն տվողն ու թելադրողը քառյակում։ Հովիկ Աբրահամյանը առաջին ու երկրորդ նախագահներին պատասխանելուց հետո գնացել էր քառյակի նիստին ասելու, որ հիմա ինքն է տոն տվողը, թելադրողը։ Աա, իհարկե, բավական հանդուգն մարտահրավեր է, որովհետև, ի վերջո, առաջին և երկրորդ նախագահները կարող են և մտածել պատասխանելու մասին, ընդ որում՝ կարող են նույնիսկ միասին պատասխանել։ Բայց մի կողմից Հովիկ Աբրահամյանը երևի թե բավական ուժեղ մոտիվացված է, մյուս կողմից էլ՝ նա հայտնվել է մի վիճակում, երբ այլ տարբերակ չունի, քան քաղաքական այդ ֆորմատը իր ձեռքը վերցնել։ Այլ տարբերակը որևէ մեկի ձեռքին գործիք դառնալն է, որն անխուսափելիորեն ավարտվելու է «դեն նետվելով»։ Հովիկ Աբրահամյանը դա անկասկած հասկանում է, և եթե չէր էլ հասկանում մինչև նշանակվելը, ապա նշանակվելուց հետո, այսպես ասած, լիարժեք և մանրակրկիտ ծանոթանալով իրավիճակին և հատկապես պետական գանձարանի դատարկությանը՝ նա, անշուշտ, հասկացել է, որ մնացել է միայն հանրությանը «կրեատիվ» տեսարաններ մատուցելն ու ոչ իշխանական քառյակի վրա «մագլցելը»»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս