Բաժիններ՝

Սոցիալական փաթեթի անկատարության պատճառով ուսուցիչները բուժվելու փոխարեն ինֆարկտ են ստանալու

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Հարգելի պարոն Աբրահամյան, ուսուցիչների բանակում շրջանառվում են լուրեր այն մասին, որ 2014 թվականին ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթից հանվել է առողջության համար տրվող գումարը: Անհասկանալիորեն փոխվել է ուսուցիչների սոցիալական փաթեթների վճարման կարգը: Ինչպես տեղեկացել եմ, փաստորեն յուրաքանչյուր 1 դրույք ունեցող ուսուցչին տրամադրվող 132000 դրամից կամ 0.5 դրույքից ոչ պակաս ժամ ունեցող ուսուցչի 66000 դրամից համապատասխանաբար առողջության համար տրվող 52000 դրամ կամ 26000 դրամ գումարը կառավարությունը փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությանը, որը պետք է տրամադրվի ուսուցչին հավաստագրերի ձևով:

Մինչ օրս ուսուցիչները չգիտեն, թե երբ են ստանալու այդ հավաստագրերը: Ընդ որում, յուրաքանչյուր հիմնարկի տնօրենի հանձնարարությամբ ինչ-որ մեկը ձեռքով լրացնելու է հավաստագրերը, որոնց մեջ տվյալ անձի մասին կպարունակվի մեծաթիվ տեղեկատվություն և որևէ սխալի դեպքում հավաստագրի տերը ոչ միայն կընկնի քաշքշուկի մեջ, այլև բուժվելու փոխարեն՝ ինֆարկտ կստանա:

Նշեմ նաև, որ թղթե հավաստագիրը քաղաքացին մշտապես իր գրպանում է պահելու, որովհետև շտապ օգնության կարիք ունենալու դեպքում առանց այդ թղթի նրան բուժօգնություն չի տրվելու: Իհարկե լուրջ մտահոգում է նաև այն հանգամանքը, որ բժշկական ապահովագրությունը սպասարկող բուժհիմնարկները պոլիկիկլինիկաների միջոցով պարտադրվելու են մեր ուսուցիչներին: Իսկ որքանո՞վ են նրանք վստահելի, այսինքն առողջության համար պետության կողմից տրվող գումարն իսկապե՞ս ծառայելու է քաղաքացու բուժմանը, թե՞ բուժհիմնարկների համար այդ պետպատվերը լինելու է ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր, իսկ քաղաքացին, չվստահելով այն բժշկին, ում մոտ գործուղել է պոլիկլինիկան, ստիպված է լինելու իր գրպանից վճարել բուժման գումարը:

Կարդացեք նաև

Ստացվում է, որ պետությունն ուզում է ապահովագրել աշխատող քաղաքացու առողջությունը, սակայն քաղաքացին չի ընտրելու ո՛չ ապահովագրող կազմակերպությունը, ո՛չ բժշկական հաստատությունը:

Վերջերս մեր խմբակցության գործավարն ու փորձագետը, որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ստացան իրենց բժշկական ապահովագրության պլաստիկ քարտերն ու պայմանագրի ուղեցույցը, որը շատ օրինակելի ու ավելի վստահելի է: Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանի բժշկական ապահովագրության փորձը տարածել պետական մարմիններում աշխատող բոլոր այն անձանց համար, ովքեր ունեն սոցիալական փաթեթ:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս