Թելուկի օգտակարությունը
Բուժիչ նամակներ
Թելուկը պատկանում է թելուկազգիների ընտանիքին (Chenopodiaceae)։ Հնէաբանական պեղումների ժամանակ բույսի սերմերը հայտնաբերվել են ցորենի և տարեկանի սերմերի հետ համատեղ։
Գալենը գրել է, որ թելուկն ունի սննդարար, կոշտացնող հատկություն։
Հյուսիսային Հնդկաստանում տարածված է թելուկի Atriplex Nitens տեսակը, որի սերմերը և տերևներն օգտագործել են սննդի մեջ։
Բալկանյան երկրներում և Հայաստանում տարածված է թելուկ բուրավետը` Chenopodi um botrus։ Հայաստանում հանդիպում է նաև թելուկ սպիտակը` A. patula, որն աճում է քարքարոտ լանջերին, ավազուտներում, երաշտադիմացկուն է։ Այս տեսակի հայրենիքը Ռուսաստանն է, տարածված է միջին Վոլգայի ափամերձ տարածքներում։
Միջնադարում թելուկը հանդիսացել է այն բույսերից մեկը, որոնց օգնությամբ եվրոպացիները փրկվել են սովից։ Անգլիացիները փաղաքշորեն անվանել են` «բարի արքա», իսկ ֆրանսիացիները` «չքնաղ կույս» կամ «Օռլեանի կույս», թեմա, որի հիման վրա Պ.Ի. Չայկովսկին 1879 թվականին գրել է Ժաննա դգԱրկի հիշատակին նվիրված օպերա։
Թելուկի սերմերն աղացել և խառնել են ցորենի և տարեկանի ալյուրին, որպեսզի հացը դառնա ավելի սննդարար, և մեծանա մթերքի պահպանման ժամկետը։ Սերմերից պատրաստել են շիլա։
Զգուշացում։ Հում սերմն առաջացնում է սրտխառնոց։
Բույսը պատված է ալրանման փառով, որի շնորհիվ ունի ձյան պես փայլուն, սպիտակ երանգավորուսմ։ Այդ պատճառով որոշ սլավոնական ազգեր անվանել են «Լեբեդա»։
Բույսի հայերեն այլ անվանումն է շահսիպեղ։ Ենթարկվում է ստուգաբանման և համահունչ է բույսի պատմությանն ու արտաքին տեսքին։ «Շահսիպեղ» բառը բազմաքայլ է. շահ-շահավետ, սիպ-սպիտակ, եղ-զորեղ, բարձր, վերին։
Թելուկ սպիտակը միամյա խոտաբույս է։ Ունի լավ զարգացած, խիտ արմատամազիկներով պատած, առանցքային արմատ։ Ցողունն ուղղաձիգ է, բավականաչափ ճյուղավորված, մինչև 1 մետր և ավելի բարձրությամբ։
Ծաղիկը հնգամաս է` գնդիկավոր եզրերով, կանաչադեղնավուն և սպիտակ երանգավորմամբ։ Տերևներից դուրս եկող հուրանաձև ծաղկաբույլերը նստած են ընդհանուր կոթունի վրա։ Սերմերը մանր են, գորշագույն, տափակ, կլորավուն եզրագծով։
Մեկ բույսը տալիս է ավելի քան 100.000 սերմ, որոնք երկար ժամանակ պահպանում են ծլունակությունը հողի մեջ։
Թելուկը պարունակում է ասկորբինաթթու, ենթավտիամին A, B1, B2, E վիտամիններ, ֆլավոններ, եթերային յուղ` ասկարիդոլ, բետաին, սապոնիններ, թրթնջկաթթու, հանքային աղեր։
Հատկապես սննդարար են սերմերը. պարունակում են մինչև 16% սպիտակուց, 7% ճարպեր, 20 % բջջանյութ, մեծ քանակությամբ կարոտին և խոլեստերինի մակարդակն իջեցնող ֆոսֆոլիպիդներ։ Սննդարար արժեքով մոտ է նույնպես թելուկազգիներին պատկանող սպանախին։
Հետաքրքիր է իմանալ, որ թելուկը մշակում են դեկորատիվ նպատակներով. կան մանուշակագույն և կարմիր տերևներ ունեցող տեսակներ։
Բուժիչ նպատակներով օգտագործվում է թելուկի խոտը, որը մթերում են ծաղկման շրջանում և չորացնում օդափոխվող ծածկի տակ։
Կարևոր է իմանալ, որ ուտելի են բնության մեջ աճող թելուկի այն տեսակները, որոնց տերևի հակառակ կողմը պատված է ալրանման փառով։
Զգուշացում։ Այլ տեսակները դառն են և թունավոր։
Բույսն օգտակար է ստամոքսի խոցի դեպքում, մաքրում է աղիները խարամներից։
Բետաինն իր քիմիական բաղադրությամբ մոտ է խոլինին և լեցիտինին, այն կարևոր դեր է կատարում ճարպերի փոխանակման գործընթացում։ Ֆոսֆոպոլիդները կարևոր են բջջաթաղանթի կառուցման համար։
Բույսն ունի խորխաբեր, հանգստացնող, հակաբորբոքային ազդեցություն։ Կիրառվում է բրոնխիտի, ստամոքսի ցավերի, անգինայի, ստոմատիտի դեպքում։ Մաշկային հիվանդությունների, թութքի դեպքում դնում են թրջոցներ բույսի եփուկով կամ թուրմով։
Հակացուցված է երիկամային քարերի դեպքում։
Դեղնախտ. Քսան գրամ մանրացրած տերևները 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
Հոդատապ. 50 գ մանրացրած, չոր տերևը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Հոդացավ. Թելուկի 200 գ տերևը շոգեխաշեք կարագով, փակ թավայի մեջ, թույլ կրակի վրա։ Կերեք թթվասերի հետ։
Մազարմատներն ամրացնող. Խառնեք կաղամբի, թելուկի, կիտրոնի հյութերը (4։2։1)։ 10-15 րոպե ներմերսեք գլխամաշկին, լվացեք տաք ջրով։