«Ցավոք, սա առաջին դեպքը չէ՝ «նիկոլական» քարոզիչները մարդկանց ֆեյսբուքյան գրառումների պատճառով անհանգստություններ են պատճառում». Կարապետ Պողոսյան
Ապրիլի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի, շատ գյումրեցիներ իրենց վրդովմունքն էին արտահայտել տեսախցիկներ առջև՝ ասելով, որ Գյումրիում ո՛չ Փաշինյանին են սպասում, ո՛չ էլ նրա «Վարչաբենդի» համերգին։
Լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն էր արտահայտել նաև գյումրեցի Ջուլիետա Ավետիսյանը, ասելով, որ երկրի ներկայիս վիճակից շատ դժգոհ է։
«Արցախ հանձնողն ինչպե՞ս կարող է պարզերես գալ Գյումրի, Հայաստանում խայտառակ վիճակ է։ Մենք մեր սեփական հողի վրա գերի ենք, երես էլ ունի, Գյումրի է եկել, հա՞»,- ասել էր գյումրեցի կինը։
Այս ամենից օրեր անց իրեն բլոգեր անվանող Նատալի Ալեքսանյան անուն-ազգանունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Ջուլիետա Ավետիսյանի վերաբերյալ՝ասելով, որ իբր իր հետևորդներից մեկը դիմել է իրեն և տեղեկացրել, որ՝ «Ջուլիետա Ավետիսյանն աշխատում է ՀՀ իշխանությունների դեմ և գումարով մարդ է հավաքում, ուստի այդ մասին պետք է տեղեկացնի համապատասխան մարմիններին»։
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը տեղեկացրել էր, որ այս գրառումից հետո Ջուլիետա Ավետիսյանին տարել էին ոստիկանություն:
Այսօր իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարգավիճակ ունի Ջուլիետա Ավետիսյանը, և ոստիկանությանը կոնկրետ ի՞նչ է հետաքրքրել։
«Ջուլիետա Ավետիսյանին ոստիկանություն էին բերման ենթարկել Նատալի Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա։ Ցավոք, սա վերջին ամիսներին առաջին դեպքը չէ, գոնե իմ պրակտիկայում, հերթական անգամ «նիկոլական» քարոզիչները մարդկանց ուղղակի ֆեյսբուքյան գրառումների պատճառով անհանգստություններ են պատճառում։
Այս պահին մեզ դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք քրեական վարույթ կա, Ջուլիետա Ավետիսյանին ոստիկանություն էին բերման ենթարկել այդ կնոջ գրառման հետ կապված, որը որևէ հիմք չուներ, ընդամենը զրպարտանք էր։ Հիմա սպասում ենք, եթե որոշեն քրեական վարույթ նախաձեռնեն կեղծ տեղեկատվության հիման վրա, բնականաբար, մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք Ջուլիետա Ավետիսյանին։ Իսկ եթե սա փորձ էր՝ անձին վախեցնելու համար, ապա շատ անհաջող փորձ էր, որովհետև տիկին Ջուլիետան իր կյանքի մեծ մասը նվիրել է այս երկրին, պայքարել հանուն Արցախի ու Հայաստանի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Պողոսյանը։
Այս համատեքստում իրավապաշտպանը հիշեցրեց նմանատիպ ևս մեկ դեպքի մասին, երբ մեկ ամիս առաջ էր տեղի ունեցել ախուրյանցի տիկնոջ հետ, ում իրավապահները մեկ ամիս է՝ պահում են տնային կալանքի տակ՝ կրկին նման անհեթեթ գրառման պատճառով։
Հարցին՝ եթե հիմա ինչ-որ անձ կամ լրագրող գրառում կատարի, որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը կաշառք է բաժանում, իրավապահները նույն արագությամբ կգործե՞ն, Կարապետ Պողոսյանը պատասխանեց՝ եթե նույնիսկ ամբողջական փաստով, տեսանյութով ներկայացնեն, հաստատ բերման չեն ենթարկի, ավելին՝ լուրջ խնդիրներ կստեղծեն այս ամենն ահազանգողի նկատմամբ։
«Մենք բազմիցս ականատես ենք եղել, որ լրագրողների օբյեկտիվ աշխատանքն անընդհատ փորձում են խոչընդոտել։ Այսօր նույնիսկ տեսանք Կիրանցի դեպքը, երբ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն իրեն լպիրշ կերպով պահեց լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ, բայց իշխանության կողմից որևէ արձագանք չկա։ Մենք ամեն օր ենք տեսնում նման սանձարձակություններ, հայհոյանքներ։
Ցավոք, 8 տարի է՝ իշխանությունն ամբողջ հասարակությանը մտցրել է անեծքի ու հայհոյանքի տակ։ Որևէ կերպ տեսանելի չէ, որ այս տարիների ընթացքում իրենք գոնե մի քիչ մեծացած, հասունացած լինեն և փորձեն իրենց զուսպ ու կոռեկտ պահել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Իրավապաշտպանը դժվարացավ ասել կամ պատկերացնել, թե մինչև ընտրություններ էլ ինչերի է ընդունակ իշխանությունը։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով խանգարում է ազատ մրցակցությանը, ստեղծում է վախի մթնոլորտ, այս պահին կան բազմաթիվ քաղբանտարկյալներ։
«Ամենաաբսուրդային քրեական վարույթներից մեկը հենց արցախցի հետախույզ Կանդազի մասով տեղի ունեցածն էր, երբ մարդն ընդամենն ասում էր, որ լավ է լինելու։ Քաղաքական գործունեության մեջ առհասարակ, երբ խոսում են իրենց պոտենցիալ ընտրողների հետ, չեն ասի, չէ՞, մենք կընտրվենք, ու վատ կլինի, բնականաբար, հակառակն են ասում։ Մենք տեսանք, թե սա ինչ որակավորումներ ստացավ ու ինչ ապօրինի գործողություններ տեղի ունեցան արցախցի ընկերոջ նկատմամբ։
Սա խոսում է այն մասին, որ ներկայիս իշխանություններից ամեն ինչ պետք է սպասել։ Մարդը, ով խախտել է ՀՀ սահմանադրության բոլոր հոդվածները, էլ չեմ ասում՝ քրեական բոլոր հոդվածներն ու մարդկային բոլոր նորմերը, ոչ մի դեպքում չի ցանկանա ուղղակի իշխանություն հանձնի և գնա ու կանգնի դատաստանի առաջ։ Այս առումով մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, սրա համար էինք ասում, որ սրա հետ իմաստ չկար գնալու ընտրությունների, և պետք էր պայքարի այլ ձև որդեգրվեր»,- ընդգծեց Կարապետ Պողոսյանը։



