Ադրբեջանը կարող է ապագայում ավելի մեծ դեր խաղալ եվրոպական գազային շուկայում. Օթթինգեր
Welt am Sonntag թերթին տված հարցազրույցի ժամանակ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հայտարարել է, որ Եվրոպան պետք է Ուկրաինային օգնի ռուսական գազի դիմաց վճարումներ անելու հնարավորությունների փնտրտուքի հարցում, հակառակ դեպքում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև կարող է սկսվել գազային նոր պատերազմ:
Օթթինգերի խոսքերով` ներկայումս կարևոր է հնարավոր գազային ճգնաժամի հաղթահարումը և ապագա ձմռան էներգոանվտանգության ապահովումը. «Եթե մենք Ուկրաինայի համար չգտնենք ավելի քան 2 միլիարդ դոլար վճարելու հնարավորություն, ապա ի հայտ կգա վտանգ, որ Ռուսաստանը կդադարեցնի էներգակիրների մատակարարումը հանրապետությանը»:
Օթթինգերը հիշեցրել է, որ Ուկրաինան կարևոր տարանցիկ երկիր է, որի տարածքով «երկնագույն վառելիքը» Ռուսաստանից հասնում է ԵՄ-ի երկրներ: Օթթինգերը ԵՄ-ի երկրներին զգուշացրել է էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ պայմանագրերը կրճատելուց` կոչ անելով միաժամանակ ուղիներ փնտրել մատակարարումների դիվերսիֆիկացման համար:
Օթթինգերը թվարկել է մի շարք երկրներ, որոնք կարող են ապագայում ավելի մեծ դեր խաղալ եվրոպական գազային շուկայում` Նորվեգիա, Ալժիր և Ադրբեջան: