Մենք երբեք չենք հարձակվի այլ երկրների վրա. Հասան Ռոուհանի
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այսօր Թեհրանում Ազգային բանակի օրվա կապակցությամբ միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Իրանի ուժեղ, ազգային բանակը ծառայում է որպես աջակցող գործոն՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ հաջող բանակցություններ անցկացնելու համար:
Ռոուհանիի խոսքերով՝ իրանական բանակը երբեք չի միջամտի երկրի քաղաքական գործընթացներին. «Բանակը մշտապես կպաշտպանի երկրին: Մենք երբեք չենք հարձակվի այլ երկրների վրա, սակայն պատրաստ ենք հետ մղել յուրաքանչյուր հարձակում»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ապրիլի 18-ին Թեհրանում՝ այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի առջև, անցկացվելու է զորահանդես, որին մասնակցելու են Իրանի զինված ուժերի ու Իսլամական հեղափոխության պահակազորի բոլոր ստորաբաժանումները: