Forbes-ը հրապարակել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարները – 2014» վարկանիշային աղյուսակը
Forbes պարբերականը հրապարակել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարները – 2014» իր վարկանիշային աղյուսակը: Նախորդ տարվա նման այն գլխավորում է 60-ամյա Ալիշեր Ուսմանովը, ում կարողությունը գնահատվել է 18.6 միլիարդ դոլար:
Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև 49-ամյա Միխայիլ Ֆրիդմանը՝ 17.6 միլիարդ դոլար և 57-ամյա Վիկտոր Վեկսելբերգը՝ 17.2 միլիարդ դոլար: 47-ամյա Ռոման Աբրամովիչը զբաղեցրել է 14-րդ տեղը՝ 9.1 միլիարդ դոլար:
«Տաշիր» հոլդինգի նախագահ, 48-ամյա Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 26-րդ տեղը՝ 4.3 միլիարդ դոլար: Վերջին 1 տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 0.5 միլիարդ դոլարով: 2010 թվականին Կարապետյանի կարողությունը գնահատվել է 0.75 միլիարդ դոլար (91-րդ տեղ), 2011 թվականին՝ 1.4 միլիարդ դոլար (73-րդ տեղ), 2012 թվականին՝ 1.6 միլիարդ դոլար (63-րդ տեղ), 2013 թվականին՝ 3.8 միլիարդ դոլար (29-րդ տեղ):
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 42-ամյա նախագահ Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է 40-րդ տեղը՝ 2.6 միլիարդ դոլար: Վերջին 1 տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 0.2 միլիարդ դոլարով: 2010 թվականին Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 1.2 միլիարդ դոլար (55-րդ տեղ), 2011 թվականին՝ 1.5 միլիարդ դոլար (71-րդ տեղ), 2012 թվականին՝ 2 միլիարդ դոլար (45-րդ տեղ), 2013 թվականին՝ 2.4 միլիարդ դոլար (43-րդ տեղ):
«Ռեսո» ընկերության փոխնախագահ, 45-ամյա Նիկոլայ Սարկիսովի ունեցվածքը գնահատվել է 1.1 միլիարդ դոլար՝ 98-րդ տեղ: Վերջին մեկ տարում նրա ունեցվածքը նվազել է 0.25 միլիարդ դոլարով: 2010 թվականին Նիկոլայ Սարկիսովի կարողությունը գնահատվել է 0.95 միլիարդ դոլար (74-րդ տեղ), 2011 թվականին՝ 1.5 միլիարդ դոլար (68-րդ տեղ), 2012 թվականին՝ 1.2 միլիարդ դոլար (82-րդ տեղ), 2013 թվականին՝ 1.35 միլիարդ դոլար (78-րդ տեղ):
«Ռեսո» ընկերության նախագահ, Նիկոլայ Սարկիսովի եղբայր, 54-ամյա Սերգեյ Սարկիսովի ցուցանիշն այս տարի կազմել է 1.1 միլիարդ դոլար և 99-րդ տեղ: Վերջին մեկ տարում նրա ունեցվածքը նույնպես անկում է ապրել 0.25 միլիարդ դոլարով: 2010 թվականին Սերգեյ Սարկիսովի կարողությունը գնահատվել է 0.95 միլիարդ դոլար (75-րդ տեղ), 2011 թվականին՝ 1.5 միլիարդ դոլար (69-րդ տեղ), 2012 թվականին՝ 1.2 միլիարդ դոլար (83-րդ տեղ), 2013 թվականին՝ 1.35 միլիարդ դոլար (79-րդ տեղ):
«Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր-գործընկեր, 45-ամյա Ռուբեն Վարդանյանի կարողությունը աճել է 0.35 միլիարդ դոլարով, ինչի շնորհիվ նա առաջադիմել է միանգամից 69 հորիզոնականով: 2008 թվականին Վարդանյանի կարողությունը գնահատվել է 1.3 միլիարդ դոլար (85-րդ տեղ), 2011 թվականին՝ 0.5 միլիարդ դոլար (180-րդ տեղ), 2012 թվականին՝ 0.5 միլիարդ դոլար (180-րդ տեղ), 2013 թվականին՝ 0.5 միլիարդ դոլար (193-րդ տեղ):
Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի տնօրեն, 43-ամյա Ալբերտ Ավդոլյանի կարողությունը գնահատվել է 0.75 միլիարդ դոլար՝ 133-րդ տեղ: 2013 թվականին նրա ցուցանիշները կազմել են 0.7 միլիարդ դոլար և 143-րդ տեղ: