Google-ը գնել է արևային էներգիայով աշխատող անօդաչու թռչող սարքեր արտադրող Titan Aerospace ընկերությունը
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Google կորպորացիան գնել է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող Titan Aerospace ընկերությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ ընկերության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում Facebook-ը:
Թերթն ընդգծում է, որ վեբ հսկաները պայքարում են օդում գերակայության հասնելու համար: Google-ի ու Titan Aerospace-ի գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում: Titan Aerospace-ը բազավորված է Նյու Մեքսիկո նահանգում և զբաղվում է այնպիսի ԱԹՍ-երի արտադրությամբ, որոնք ունակ են աշխատել արևային էներգիայով և անհրաժեշտության դեպքում առանց վայրէջք կատարելու թռչել 5 տարի շարունակ:
Google-ն ընդգծել է, որ այդ տեխնոլոգիան կարելի է օգտագործել պատկերներ ստանալու և հեռավոր շրջաններում համացանցից օգտվելը մատչելի դարձնելու համար: Թերթի աղբյուրը հայտնել է, որ երբ Facebook-ն այս տարեսկզբին սկսեց բանակցել Titan Aerospace-ի հետ, Google-ը վերջինիս խոստացավ անել Facebook-ի ցանկացած առաջարկից ավելի լավ առաջարկ:
Արդյունքում, Facebook-ը համաձայնվեց 20 միլիոն դոլար հատկացնել բրիտանական Ascenta ընկերությանը, որը զբաղվում է արևային մարտկոցներով գործով ԱԹՍ-երի մշակմամբ:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին հաղորդվել էր, թե Facebook-ը պլանավորել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ համացանցից օգտվելը մատչելի դարձնել Աֆրիկայում: