Facebook-ը պլանավորել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ համացանցից օգտվելը մատչելի դարձնել Աֆրիկայում (տեսանյութեր)
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Facebook-ը պլանավորել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգնությամբ համացանց անցկացնել Աֆրիկայում: Facebook-ն այդ նպատակով արդեն իսկ բանակցում է ԱԹՍ-երի արտադրության մեջ մասնագիտացած Titan Aerospace ընկերության հետ:
Գործարքը կարող է կազմել մինչև 60 միլիոն դոլար: Համաձայնագրով Titan Aerospace ընկերությունը Facebook-ի համար արտադրելու է Solara 60 մոդելի առնվազն 11.000 ԱԹՍ: Դրանք աշխատում են արևային էներգիայով և ունակ են օդում մնալ մինչև 5 տարի:
Facebook-ը պլանավորել է Titan Aerospace-ի տեխնոլոգիաներն օգտագործել իր Internet.org. նախագծի շրջանակներում, որը սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կողմից գործարկվել է 2013 թվականի օգոստոսին: Դրա հիմնական նպատակը համայն աշխարհում համացանցի 5 միլիարդ մարդու ընդգրկումն է (խոսքը հիմնականում գնում է աֆրիկյան աղքատ երկրների բնակչության մասին):
Titan Aerospace ընկերությունը Solara 60 մոդելի ԱԹՍ-ը ներկայացրել է 2013 թվականի սեպտեմբերին: