Թուրքիայի իշխող կուսակցությունն ու ԱՄՆ-ի դեսպանը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինն այսօր քննարկել են ԱՄՆ սենատի՝ Արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի կոմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման հարցը:
Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Ռիկիարդոնեն: Դռնփակ պայմաններում անցկացված հանդիպման ժամանակ քննարկվել են նաև թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի, Իսրայելի, Իրանի ու Ուկրաինայի հարցերը:
Ընդգծվում է, որ սա ԱՄՆ-ի դեսպանի կողմից իշխող կուսակցության շտաբ-բնակարան այցելելու առաջին դեպքն է վերջին 10 ամսվա համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ակնարկել էր Ռիկիարդոնեին երկրից վտարելու հնարավորության մասին: