Էրդողանն ակնարկել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանին վտարելու հնարավորության մասին

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ԱՄՆ-ի դեսպանին ակնարկել է երկրից վտարելու հնարավորության մասին՝ կապված Թուրքիայում բռնկված կոռոպցիոն սկանդալի վերաբերյալ նրա արած հայտարարությունների հետ:

Դեկտեմբերի 21-ին սևծովյան Սամսունում ունեցած ելույթում Էրդողանը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները, կոռուպցիոն գործն անվանել էր «միջազգային դավադրություն», որի նպատակը Թուրքիայի աճող տնտեսական ու դիվանագիտական ազդեցության թուլացումն ու իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության տապալումն է.

«Վերջին օրերին դեսպանները տարօրինակ կերպ ներգրավվել են մի շարք սադրիչ գործողություններում: Ես նրանց կոչ եմ անում կատարել իրենց աշխատանքը, եթե դուք դուրս գաք ձեր պարտականությունների սահմանից, ապա ձեզ վրա կարող է տարածվել մեր կառավարության իրավասության ոլորտը: Մենք ձեզ չենք պահի մեր երկրում»:

Ավելի վաղ թուրքական Yeni Şafak թեթրը հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին Անկարայում ԵՄ-ի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիային խնդրել է վերջ դնել Իրանի հետ պետական Halkbank-ի ֆինանսական կապերին (ոսկով գործարքներին), սակայն իրենց չեն լսել, և այժմ իրենք ականատես են կայսրության (Թուրքիայի) կոլափսին:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, թե ինքը մասնակից է Թուրքիայում եղել կոռուպցիոն գործի հետաքննմանը՝ ընդգծելով, որ այդ հետաքննությունը «որևէ ընդհանուր բան չունի» ԱՄՆ-ի հետ: Դեսպանատան հայտարարությունում նշված է, որ ոչ ոք չպետք է կեղծ պնդումներով սպառնալիքի տակ դնի թուրք-ամերիկյան հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս