Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը

Մինչ Հայաստանի քաղաքական ուժերն ու հասարակությունը զբաղված են նոր վարչապետի ու կառավարության նշանակման շուրջ հաշվարկներով, երեկ նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել, որը դուրս է մնացել քննարկումներից: «Հայերը Սիրիայում պետք է չեզոքություն պահպանեն և չդառնան հակամարտության կողմ»,- ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության ժողովի ընթացքում պատասխանելով ներկաների հարցին՝ ասել է Սերժ Սարգսյանը: Նրան հարց է ուղղվել, թե ինչպե՞ս է վերաբերվում սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ ուղարկելու մասին հնչող հայտարարություններին:

«Դա կլինի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը: Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ»,- հայտարարել է Ս.Սարգսյանը:

Այս հայտարարությունը աննախադեպ կարելի է համարել 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականության համատեքստում: Քանի որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իր բովանդակությամբ բացառիկ լինելով՝ որպես Հայաստանի շահից բխող մոտեցում, իրականում հակառուսական դիրքորոշում է:

Քեսաբում տեղի ունեցած դեպքերից րոպեներ անց ռուսական դիվանագիտության գրեթե ողջ անձնակազմն ու քարոզչական հրետանին լծվեցին Քեսաբի իրադարձությունները որպես հայերի դեմ կատարված ցեղասպանություն ներկայացնելու գործին: Ժամերի ընթացքում համացանցում հայտնվեցին տեսագրություններ, թե ինչպես են Քեսաբում «մորթում» հայերին, բարեբախտաբար, կարճ ժամանակ անց պարզվեց, որ դրանք կեղծ կադրեր են:

Բայց Ռուսաստանի շահագրգռվածությունը Քեսաբում ստեղծված իրավիճակը թեժացնելու ու դրանում Հայաստանին ներքաշելու հարցում միայն կեղծ քարոզչությամբ չէր (չի) սահմանափակվում: Հաշված օրերի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ-ն մի քանի հայտարարություն ընդունեց Քեսաբի դեպքերի վերաբերյալ՝ միջազգային հանությանը կոչ անելով դատապարտել հայերի նկատմամբ իրականացվող «ցեղասպանությունը»: Այն դեպքում, երբ նույն ՌԴ ԱԳՆ-ից աքցանով հնարավոր չի լինում անգամ մեկ նախադասությամբ մեկնաբանություն ստանալ, երբ ադրբեջանական կողմից ռուսական զենքով հայ զինվորներ են սպանվում:

Ռուսական դիվանագիտական ու քարոզչական լայնածավալ այդ աշխատանքին զուգահեռ կամ հենց դրա շրջանակներում՝ հայաստանյան բազմաթիվ շրջանակներ, ոմանք՝ անկեղծորեն ու հավատալով իրենց մղումների ազնվությանը, մյուսները՝ գործակալական հանձնարարության խանդավառությամբ լծվեցին Քեսաբ մեկնող կամավորների ցուցակագրմանը, սկսեցին ճոռոմ ու տափակ ելույթներ ունենալ Քեսաբում «Հայ Դատը պաշտպանելու» ու հաստիքային հայրենասերին բնորոշ այլ մոտիվներով:

Այդ հայրենասիրության «ծավալման» ու գործնական դրսևորման դեպքում Հայաստանը կարող էր ներքաշվել արաբական աշխարհում անկանխատեսելի հետևանքներով հղի պատերազմում՝ վտանգավոր ոչ միայն՝ տարբեր երկրների հայ համայնքների, այլ՝ բուն Հայաստանի համար: Իսկ դա, կրկնում ենք, ձեռնտու էր ու պետք էր (է) առաջին հերթին Ռուսաստանին՝ բնականաբար, ոչ թե քեսաբահայերի անվտանգության, այլ աշխարհաքաղաքական գլոբալ խնդիրների համար:

Հաշվի առնելով սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի իշխանությունների ռուսահաճությունն ու ռուսահպատակությունը, իրականում ավելի սպասելի էր, որ այս թեմայով մի «հայրենասիրական» ելույթ էլ Սերժ Սարգսյանը պետք է ունենար՝ կոչ անելով «զինվորագրվել» համահայկական պայքարին: Դա կլիներ, ինչպես ինքն է ասել, չափազանց վտանգավոր ու արկածախնդիր քայլ: Այնպես որ, Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը ոչ միայն սենսացիոն է ու աննախադեպ, այլև զարմանալի: Հանուն արդարության՝ պետք է արձանագրել՝ հաճելիորեն զարմանալի, քանի որ դժվար է չզարմանալ, երբ տևական ժամանակ բացառապես Ռուսաստանի շահերով առաջնորդվող իշխանությունը գոնե մի անգամ համարձակվում է հակադրվել դրան՝ կատարելով սեփական երկրի շահերից բխող գործողություններ:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, այս պահին դժվար է ասել: Հասկանալի է, որ այն չէր կարող Հայաստանի արտաքին քաղաքականության կոնտեքստից կտրված հայտարարություն լինել, և, բնականաբար, Սարգսյանն ինքը հաշվարկել է նաև իր հայտարարության հետևանքները: Կամ գուցե հայտարարությունն արել է կոնկրետ հետևանքներ արձանագրելու համար:
Չնայած Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը թվում և գրեթե բոլորի կողմից ներկայացվում է՝ որպես «անշրջելի», սակայն, քանի դեռ տեղի չի ունեցել այդ անդամակցության՝ մայիսին նախատեսված ստորագրումը, չպետք է բացառել, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կարող է փոխվել: Առնվազն այնքանով, որքանով քաղաքականության մեջ չի բացառվում ոչինչ:

Այս տեսանկյունից ուշագրավ է անցած շաբաթ տեղի ունեցած և Հայաստանում կրկին բավարար ուշադրության չարժանացած մի իրադարձություն՝ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, որով կոչ է արվում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանում դա արժանացավ հիմնականում շնորհակալական, ոգևորություն արտահայտող, բայց ոչ համարժեք քաղաքական արձագանքի: Ինչո՞ւ ԱՄՆ-ը հենց հիմա նման քայլ արեց: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությա՞մբ:

Բայց դրան մի տարի ժամանակ կա, և, եթե դա ընդամենը ԱՄՆ-ի կողմից վերջապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար է արվում, ապա ավելի տրամաբանական կլիներ այդ և նման քայլերի սպասել 100-ամյակին ավելի մոտ ժամկետում՝ ճանաչումն ավելի «հանդիսավոր» դարձնելու համար, որքան էլ պատեհ չէ այդ բառի օգտագործումը տվյալ համատեքստում: Իսկ գուցե սա ԱՄՆ-ի կողմից որոշակի ուղե՞րձ է, կամ ժե՞ստ է՝ ուղղված Հայաստանին առ այն, որ մաքսայնացումը շրջելի դարձնելու դեպքում Արևմուտքը համարժեք քաղաքական աջակցություն կհայտնի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, ու որպես հետևանք՝ հայ-թուրքական սահմանի բացման տեսանելի հեռանկարով: Հայաստանի ռուսիֆիկացված ու իրականում Մաքային միությանն անդամակցությամբ խանդավառված հասարակության համար դրանից հրաժարվելու, թերևս, միակ համարժեք փոխհատուցումը կարող է համարվել Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ռուսաստանի անփոխարինելիության հանրային ընկալումը շաղկապված է հենց թուրքական վտանգի հետ, հետևաբար, եթե Արևմուտքը կարողանա վերացնել այդ վտանգը՝ միջազգայնորեն ամրագրված երաշխիքներով, ապա դա առաջին հերթին՝ հայ հասարակության հոգեբանության մեջ կարող է փոխել Ռուսաստանի ու «միակ պաշտպանի» անփոխարինելիության մտայնությունը:

Թե ի՞նչ հարթությունում են գտնվում այս հարցերը, արդյո՞ք այս պահին Հայաստանի իշխանությունը արևմտյան քաղաքական շրջանակների հետ կոնսուլտացիաներ անցկացնում է, արդյո՞ք կա անսպասելի ու առաջին հայացքից՝ անիրական թվացող սցենար, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ նման կարևորագույն իրադարձությունները հենց այնպես տեղի չեն ունենում:

Այս հարցերի քննարկումն անգամ ծիծաղելի կարող է թվալ՝ հաշվի առնելով, թե ինչով են հենց այս օրերին զբաղված Հայաստանի քաղաքական ուժերը՝ առանձին-առանձին և միասին վերցրած: Բոլորը հաշվում, գծում, ջնջում ու նորից են գծում ապագա կառավարության կազմը, իշխանության բաժանման կամ վերաբաժանման գործընթացում քվոտաներ ստանալու հնարավորությունները, և այլն: Բոլորի հաշվարկներն ու մոտիվները տարբեր են, բացառությամբ մի գործոնի՝ բոլորի համար անվերապահ է հավատարմությունը Ռուսաստանին:

Բոլորի մեջ, բնականաբար, մտնում է նաև ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը: Բայց վարչապետի պաշտոնանկությամբ կամ հրաժարականով ու դրան հաջորդած քայլերով նա առայժմ ցույց է տալիս, որ իր գործողություններում մեծ տեղ ունի անսպասելիության էֆեկտը: Եթե դա կիրառվում է ներքաղաքական խաղում, ապա՝ գոնե ոչինչ չբացառելու սկզբունքով, պետք է չբացառել, որ նույնը կարող է կիրառվել նաև արտաքին քաղաքականության մեջ:

Հատկապես, որ մի անգամ արդեն Ս. Սարգսյանը ցույց է տվել անսպասելի շրջադարձ կատարելու իր կարողությունը՝ սեպտեմբերի 3-ին «շրջելի» դարձնելով Եվրամիության հետ ասոցիացման գործընթացը, որը սեպտեմբերի 2-ին թվում էր նույնքան անշրջելի, որքան Մաքսային միությանն անդամակցությունը՝ այսօր: Իհարկե, հաշվի առնելով արտաքին քաղաքական ու ներքաղաքական դասավորությունը, Ս. Սարգսյանի կողմից նման քայլի դիմելը կարող է համարվել արկածախնդրություն, ինչպես Քեսաբ զորք ուղարկելու մասին հայտարարությունները:

Սակայն, եթե Քեսաբի պարագայում այդ արկածախնդրությունը երաշխավորված սպառնալիքներ ունի, ապա Մաքսային միությունից հրաժարվելու «արկածախնդրությունը»՝ տեսանելի վտանգներով ու ռուսական սպառնալիքների հեռանկարով հանդերձ, Հայաստանի համար կարող է անկախության կորուստը կանխելու եզակի հնարավորություն դառնալ: Կդիմի՞ Ս. Սարգսյանը նման արկածախնդիր քայլի՝ փորձելով պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը: Ավելի հավանական է թվում «ոչ» պատասխանը: Բայց… քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս