Պահանջվում է նոր անուն ԲՀԿ-ի համար

Առաջիկա մի քանի օրերը դժվար են լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար: Այս քաղաքական ուժը, սեփական ուժերով կամ սեփական հովանավորյալների աջակցությամբ, գոնե առերևույթ, հասավ այն հանգրվանին, որին ձգտում էր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց կամ պաշտոնանկ արվեց: Հիմա ԲՀԿ-ն կանգնած է շատ ավելի լուրջ՝ «ի՞նչ անել» հարցի առաջ:

Այս հարցին պատասխանելու ԲՀԿ-ի կարողությունները սահմանափակ են՝ ոչ միայն քաղաքական ունակությունների սահմանափակության իմաստով, այլև՝ որովհետև ԲՀԿ-ն սեփական գործողություններում որոշումներ կայացնելու հարցում, մեղմ ասած, ինքնուրույն չէր: Եթե փորձենք գնահատել, թե ԲՀԿ-ի որոշումների վրա ազդեցության իմաստով՝ ով որքան տեսակարար կշիռ ունի՝ Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, ապա վերջինիս ազդեցությունը լավագույն դեպքում կարող է հավասար լինել մյուսներից որևէ մեկին:

Ու այս պայմաններում ԲՀԿ-ն պետք է որոշում կայացնի՝ մտնե՞լ նոր կառավարություն, թե՞ չմտնել: ԲՀԿ-ականների մեծամասնությունն, իհարկե, առաջին տարբերակի կողմնակիցն է: Սակայն ԲՀԿ-ով «զբաղվողներն» այս օրերին հաշվարկում են՝ ԲՀԿ-ն՝ կոալիցիա մտնելով, կարող է ավելի շատ կորցնել, քան շահել. ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում, որի քննադատությամբ ԲՀԿ-ն հասավ վարչապետի հրաժարականին (կամ փորձում է ներկայացնել, որ այդ հրաժարականն իր գործունեությանն արդյունքն էր), նոր կառավարության համար, մեղմ ասած, հեշտ չի լինելու՝ դրանից բխող հետևանքներով:

Այսինքն՝ այսօր մաս կազմելով կառավարությանը, ԲՀԿ-ն կարող է խաչ քաշել առաջիկա տարիների ավելի մեծ քաղաքական գործընթացների հետ կապված իր հավակնությունների վրա, մասնավորապես՝ խորհրդարանական մեծամասնություն կազմելու միջոցով իշխանությունն ամբողջությամբ վերցնելու՝ չթաքցվող նպատակից: Այսինքն՝ այնքան էլ միանշանակ չէ, որ ԲՀԿ-ն հիմա ամեն ինչ անում է կառավարությունում հայտնվելու համար, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Հակառակը՝ շատ ավելի հավանական է, որ ԲՀԿ-ն փորձի Հովիկ Աբրահամյանին դարձնել վարչապետ՝ միաժամանակ մաս չկազմելով կառավարությանը:

Դա հնարավորություն կտա առաջիկա երկու տարիների համար պահպանել այլընտրանքի կարգավիճակը՝ միաժամանակ օգտվելով Հովիկ Աբրահամյանի վարչապետությունից բխող ոչ ֆորմալ հնարավորություններից: Բայց ողջ հարցն այն է՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ կնշանակի՝ առանց ԲՀԿ-ին կառավարություն տանելու: Հազիվ թե: Շատ ավելի հավանական է, որ Աբրահամյանին այդ պաշտոնում նշանակելու առաջին պայմանը ԲՀԿ-ին կառավարություն տանելն է:

Անկախ նրանից՝ որ սցենարով կզարգանան իրադարձությունները, հետաքրքիր է լինելու հետևել ԲՀԿ-ի վարքագծին ու հատկապես նրան, թե ինչ անուն կընտրի իր համար այդ կուսակցությունը, ասենք, կառավարությանը մաս չկազմելու, բայց կառավարության ղեկավարի պաշտոնում «հարազատ մարդուն» նշանակելու դեպքում: Այլընտրանքը՝ այլևս չի անցնի, իշխանությունը՝ ցանկալի չէ: Մնում է գտնել իշխանության ու այլընտրանքի մեջտեղում՝ մարդկությանն ու քաղաքականությանն անհայտ որևէ «կարգավիճակ»: ԲՀԿ-ն այդպիսի փորձ ունի:

Տեսանյութեր

Լրահոս