Ինչու են մեղադրյալ Վարդան Պետրոսյանին հարցաքննել չորս օր անց
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանում միջնորդեց անթույլատրելի ապացույց համարել Վ. Պետրոսյանին որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննության արձանագրությունները:
Նիկոլայ Բաղդաարյանն ասաց, որ քննիչն առանց իր մասնակցության մեղադրանք է առաջադրել Վարդան Պետրոսյանին: Ապա ևս մեկ անգամ նույն բովանդակությամբ մեղադրանք է առաջադրել Վ. Պետրոսյանին, ինչը հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին:
«Ոչինչ, որ երկու հոգու է սպանել»,- արձագանքեց տուժող Հայկ Հակոբյանը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը նրա նկատմամբ նախազգուշացում կիրառեց:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ օրենքով նախատեսված է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո մեղադրյալը պետք է հարցաքննվի 24 ժամից ոչ ուշ, սակայն նրան հարցաքննել են չորս օր անց:
Ն. Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանին որպես կասկածյալ և որպես մեղադրյալ հարցաքննելու արձանագրությունները չեն կարող ապացույց համարվել: Պաշտպանի խոսքով՝ օրենքով նախատեսված է, որ կասկածյալին պետք է հարցաքննել նրան ձերբակալելու պահից հետո: Ն. Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալել են նոյեմբերի 6-ին, սակայն նրան հարցաքննել են ձերբակալումից երկու օր անց:
Ըստ պաշտպանի՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ կասկածյալի հարցաքննության արձանագրության մեջ իրենք կարող են դիտողություններ և հայտարարություններ նշել, սակայն քննիչն իրենց պարզապես դրա հնարավությունը չի տվել, քննիչն իր ձեռքից վերցրել է գրիչը: Բացի այդ, Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, Վարդան Պետրոսյանին չեն պարզաբանվել նրա իրավունքները և պարտականությունները:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել մինչև գործով ապացույցների հետազոտումը: