Ինչու է Լևոն Զուրաբյանը գովազդում ձկնաբուծությունը (տեսանյութ)
Կարո՞ղ են խորհրդարանական միևնույն խմբակցությունում ընդգրկված երկու պատգամավոր ունենալ իրարից տրամագծորեն տարբերվող տեսակետներ: Այո, եթե խոսքը վերաբերում է ՀԱԿ խմբակցությանը:
Այսօր խորհրդարանում քննարկվում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից 170 մլն խորանարդ մետրի փոխարեն՝ տարեկան բաց թողնել 240 մլն խմ ջուր, որը կլուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները:
Արարատյան դաշտում ոռոգման ջրի խնդիր է առաջացել ստորգետնյա ջրերի անխնա և անվերահսկելի օգտագործման արդյունքում: Վերջին 5 տարիների ընթացքում մեծ թափով զարգացող ձկնաբուծական տնտեսությունները տարեկան արդյունահանում են 1,8 միլիարդ խմ ջուր, այն դեպքում, երբ Արարատյան դաշտի ոռոգման համար պահանջվում է 500 միլիոն խմ: Արդյունահանված ջուրը լցվում է Արաքս գետը և հոսում դեպի Կասպից ծով: Քանի որ ընդերքից անվերահսկելի ձևով ջուր է արդյունահանվում, դա ազդել է նաև գետերի ջրատվության վրա. Հայաստանի ամենաջրառատ գետը համարվող Սևջուրը ցամաքելու եզրին է:
Քանի որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն սահմանափակել ձկնաբուծարանների կողմից ջրօգտագործման ծավալները, նրանք պարտադրված են հավելյալ 70 միլիոն խմ ջուր վերցնել Սևանից: Թե դա որքանով կօգնի լուծել Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, դեռ հարց է:
Բայց հետաքրքիր է, թե այս խնդրին ինչպես են մոտենում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և նույնանուն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը դիմելով նախագիծը ներկայացնող Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ իշխանություններին մեղադրում է հանցագործության մեջ, քանի որ Սահմանադրության 10-րդ հոդվածը նախատեսում է, որ պետությունն ապահովում է բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը: Փաշինյանը հարցնում է, թե ով է դատապարտվել Հայաստանի ջրային ռեսուրսների այնպիսի օգտագործման համար, ինչը փաստացի հասցրել է աղետի:
Փաշինյանն ասում է, որ Հայաստանի ձկնաբուծարանների սեփականատերերի 90 տոկոսը նստած են ԱԺ դահլիճում`նախագահությունում, նկատի ունենալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Նայելով ՀՀԿ խմբակցության կողմը՝ Փաշինյանն ասում է, որ նրանց մի մասն այդ խմբակցությունում են, և հայացքն ուղղելով ԲՀԿ խմբակցության կողմը՝ ավելացնում, որ մյուս մասն էլ այդ խմբակցությունում են: Ըստ էության, Փաշինյանն ասում է, որ երբ իշխանությունը խոսում է ձկնաբուծարանների սեփականատերերի իրավունքների պաշտպանության մասին, ապա խոսում է իր սեփական բիզնեսի պաշտպանության մասին:
Իսկ ի՞նչ է ասում ՀԱԿ խմբակցության ղեկավար, ֆորմալ առումով ընդդիմադիր Լևոն Զուրաբյանը: Նա ասում է, որ Հայաստանում ձկնաբուծությունը հսկայական առաջընթաց է արձանագրել, հայ ձկնաբույծները դուրս են եկել միջազգային շուկա, պայմանագրեր են կնքել ռուսական հայտնի դիստրիբյուտորական ընկերությունների հետ, մտել են ԱՄՆ շուկա, «Իշխանից» բացի, արտադրում են «Թառափ» և «Բելուգա» ու նաև՝ ձկնկիթ: Ու ձկնաբուծության պաշտպանությանը նվիրված նման գովազդային հոլովակից հետո Անդրեասյանին հարցնում է, թե ինչո՞ւ է ստեղծվել այսպիսի վիճակ, որ ձկնաբուծարաններին տրվել են ջրօգտագործման անվերահսկելի իրավունքներ:
Ինչո՞ւ է նույն խմբակցության մի անդամ գովազդում ձկնաբուծությունը և դրա միջազգային հաջողությունները, իսկ մյուս ներկայացուցիչը դա համարում է հանցագործություն: Որովհետև ՀԱԿ խմբակցության ղեկավարն անմիջականորեն կապված է այդ ձկնաբուծարանների սեփականատերերի առնվազն մի մասի հետ: Եվ որքան մեծ է հայկական ձկնաբուծության հաջողությունը միջազգային շուկաներում, այնքան դա ավելի բարերար ազդեցություն է ունենում հայ ընդդիմադիրների կյանքի որակի և մակարդակի վրա: Ոչինչ, որ այդ զարգացման արդյունքում կարող է չորանալ Սևանը, իսկ Արարատյան դաշտը՝ վերածվել անապատի: