Բաժիններ՝

Իշխանության անհաշվենկատ սպառնալիքը Գագիկ Ծառուկյանին

Հայ ազգային կոնգրես կուսակցության մարտիմեկյան հանրահավաքից հետո ներքաղաքական դաշտի ամենաքննարկվող հարցը դարձել է ոչ իշխանական ուժերի հնարավոր համախմբումը, որը կարող է տեղի ունենալ նախ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու, կամ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը բնորոշեց, հանգրվանային իշխանափոխության, ապա և՝ ամբողջական իշխանափոխության  հարցի շուրջ: Այդ նպատակով ոչ իշխանական ուժերն արդեն իսկ փակ և կոնսպիրատիվ, ինչպես նաև բաց ու քարոզչական հանդիպումներ են անցկացնում՝ գրեթե on-line ռեժիմով տեղեկացնելով կոնսոլիդացիայի հասնելու ճանապարհին նվաճվող յուրաքանչյուր քայլ:

Այս գործընթացից իշխանություններն, իհարկե, անհանգստացած են (հակառակը կլիներ քաղաքական անմեղսունակության դրսևորում), սակայն արտաքուստ ցույց են տալիս, թե շատ հանգիստ են վերաբերվում ոչ իշխանական ուժերի համախմբմանը, ՀՀԿ-ականներից ոմանք անգամ ողջունում են քաղաքական ուժերի կոնսոլիդացիան:

Հասկանալի է, որ անհանգստացած լինելով՝ իշխանությունը նաև որոշակի կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում, որոնք պակաս տեսանելի են, քան Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո անցնող հանդիպումները քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Այդ քայլերի մասին իշխանությունն առայժմ ընդամենը համապատասխան խողովակների միջոցով ուղերձներ է հղում հասցեատերերին: Թերևս այդպիսի ուղերձներից ամենաուղիղը պետք է համարել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի միջոցով Ծառուկյանին փոխանցված նախազգուշացումը, որ թույատրելիից ավելի կոնսոլիդացվելու դեպքում նրա բիզնեսին կարող է սպառնալ սնանկացման կամ բռնազավթման, իսկ անձամբ իրեն՝ ազատազրկման հեռանկար:  «Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց օգտագործելով մարտի մեկը որպես առիթ՝ ՀԱԿ-ին քաղաքական հանգուցյալից վերակենդանացնել: Ու ջանք չխնայեց, որ դրա համար խաղի մեջ գցի նաև այլընտրանքի առաջնորդին: Այն, ինչը Տեր-Պետրոսյանին չէր հաջողվել նախագահական ընտրությունների ժամանակ, փորձեց կրկնել երկրորդ անգամ` մոռանալով, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Շարմազանովը՝ ավելացնելով,- Լևոն Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ՞ ԲՀԿ-ի հանդեպ: Թե՞ գայթակղում է Իվանիշվիլիով, բայց միտումնավոր չի հիշատակում Խոդորկովսկուն»:

Նման կարևորագույն ու խիստ հետևանքներ ենթադրող հայտարարություններ ոչ միայն Շարմազանովը, այլ որևէ այլ ՀՀԿ-ական չի կարող անել՝ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու, իսկ որ ավելի հավանական է՝ սա ոչ թե Շարմազանովի նախաձեռնությամբ ծնված գնահատական է, այլ նախագահականից իջեցված «շրջաբերական»՝ այս թեմայով Խոդորկովսկու նախադեպը հիշեցնելու նպատակով: Այսինքն՝ Շարմազանովը, իմա՝ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի հարցին՝ «Ինչո՞վ է պակաս Ծառուկյանն Իվանիշվիլիից», պատասխանում է հարցով՝ «Ինչո՞վ է ավելի Ծառուկյանը Խոդորկովսկուց»:

Իշխանության հաշվարկը պարզ է. իրադարձությունների ոչ ցանկալի ընթացքի դեպքում Ծառուկյանի նկատմամբ կիրառել սկզբում՝ տնտեսական, իսկ եթե դրանք արդյունք չտան՝ քրեական պատժամիջոցներ: Սակայն, որքան ակնհայտ է այդ հաշվարկը, նույնքան ակնհայտ է նաև դրա տապալումը: Այն պարզ պատճառով, որ եթե անգամ Խոդորկովսկին իրականում քրեական օրենսգրքով դատապարտելի ֆինանսական մեքենայություններ էր կատարել ու թաքցրել էր այն գումարները, որոնք նրան մեղսագրվում էին, ապա միևնույն է՝ նա միջազգային հանրության կողմից ճանաչվում էր և է՛ որպես քաղբանտարկյալ: Խոդորկովսկին անազատության մեջ գտնվելով՝ հաշվում էր ոչ միայն ճաղերի ետևում անցկացրած օրերը, այլ նաև քաղաքական դիվիդենտները, որոնք նրա քաղաքական կապիտալին գումարվում էին բանտում գտնվելու յուրաքանչյուր օրվա հետ:
Պատրա՞ստ են արդյոք իշխանությունները՝ մի կողմից, Ծառուկյանը՝ մյուս կողմից, այս հեռանկարին, դժվար է ասել: Գոնե արտաքուստ դա նրանցից որևէ մեկի համար շահեկան չի թվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս