Միացյալ Նահանգները ռազմական տեխնիկայի խոշոր պատվեր է ստացել Ճապոնիայից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ճապոնիան ամերիկյան ռազմական տեխնիկա ստանալու խոշոր պատվեր է տվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Գիտեմ, որ դուք զգալիորեն մեծացնում եք ձեր ռազմական ներուժը, և մենք ձեզնից ստացել ենք նոր ռազմական տեխնիկայի շատ մեծ քանակությամբ պատվերներ», – Թրամփն ասել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։
Նախագահը նաև նշել է, որ միշտ «մեծ հարգանք» է տածել Ճապոնիայի նկատմամբ:
«Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ամուր, քան երբևէ։ Ես կանեմ իմ ուժերի սահմաններում ամեն բան, որպեսզի օգնեմ Ճապոնիային, և մենք կլինենք նրանց կողքին։ Մենք դաշնակից ենք ամենաբարձր մակարդակով», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հաղորդել էր, որ Ճապոնիայի կառավարությունը հոկտեմբերի 28-ին կհայտարարի պետական կարիքների համար Ford F-150 պիկապներ գնելու մասին և կնշի կոնկրետ նախագծեր, որոնք կֆինանսավորվեն 550 միլիարդ դոլար արժողությամբ ճապոնական ներդրումային հիմնադրամի կողմից, որն ստեղծվել է Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային համաձայնագրի շրջանակներում։

