Մարտին կորոշվի՝ որքան է կազմելու ՀՀ-ի մասնաբաժինը Մաքսայինի բյուջեում
Մաքսային միության օրենսգիրքը գրեթե չի տարբերվում ՀՀ մաքսային օրենսգրքից, տարբեր են միայն որոշ ռեժիմներ և մեխանիզմներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային և հարկային, Մակրոտնտեսական քաղաքականության և Մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարայանը:
Ըստ նրա՝ ուսումնասիրվել են ՄՄ-ի մաքսային և հարկային օրենսդրությունները, համեմատվել ՀՀ օրենսդրության հետ, վեր են հանվել անհրաժեշտ փոփոխությունները, որ պետք է կատարվեն ՄՄ-ին անդամակցելիս:
Ս.Կարայանը նշեց, որ փոփոխություն է իրականացվելու ակցիզային և անուղղակի հարկերի մասին օրենքներում, վերջիններս սահմանի վրա չեն գանձվելու, պարզապես մինչև հաջորդ ամսվա 20-ը հարկային մարմին պետք է կատարվեն վճարումները, անուղղակի հարկերը վերադարձվելու են, եթե ապրանքները տեղափոխվում են, իսկ հարկային սկզբունքները մնում են նույնը: Փոխնախարարի խոսքով՝ երրորդ երկրների նկատմամբ ամեն ինչ մնալու է անփոփոխ: Նա հայտնեց, որ ճանապարհային քարտեզով նախատեսվում է որոշակի տեղեկատվության փոխանակություն:
«Մաքսատուրքերի բաշխման հարցերը բանակցվում են, բոլոր մաքսատուրքերը համախմբվում են, և որոշվում է, թե յուրաքանչյուր պետություն ինչ տոկոս կբերի իր բյուջե: ՄՄ անդամ երեք երկրների համար արդեն նախատեսված է, իրենք բանաձևերով են հաշվարկում: Մարտի երկրորդ կեսին կորոշվի նաև Հայաստանի մասնաբաժինը»,- ասաց Ս.Կարայանը:
168.am-ի հարցին՝ մոտավոր պատկերացում կա՞, թե մաքսատուրքերից ՀՀ մասնաբաժինը որքան կկազմի, Ս.Կարայանը պատասխանեց, որ պատկերացում կա, բայց չեն կարող հրապարակել՝ բանակցային գործընթացին չխանգարելու համար:
Հիշեցնենք, որ որպես Մաքսային միության օրենսգիրք՝ կիրառվում է Ռուսաստանի Դաշնության օրենսգիրքը: