Կհաղթե՞ն, արդյոք, ազատամարտիկներն` իշխանափոխության համար պայքարում

Փետրվարի 2-ին «Քաղաքացիական համաձայնագրի» անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ազատամարտիկների հավաք է կազմակերպում: Հավաքի անցկացման օրը հայտնի է, բայց վայրը դեռ որոշված չէ, չնայած դրան մնացել է ընդամենը մեկ օր: Սասուն Միքայելյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ հավաքի անցկացման վայրի մասին կտեղեկացնեն հավաքի օրը: Իսկ հավաքի նպատակների մասին գերադասեց չխոսել: Սասուն Միքայելյանը դեռ չի որոշել՝ հավաքը լինելու է փա՞կ, թե՞ հրապարակային:

Պարզ է, որ Սասուն Միքայելյանը փորձելու է ԵԿՄ-ին հակադիր միություն ստեղծել, մի միություն, որտեղ, ի տարբերություն ԵԿՄ-ի (որում միավորված են ներկա իշխանությունը ներկայացնող և այդ իշխանությունը պաշտպանող գործիչներ), հավաքված կլինեն իշխանություններից դժգոհ ազատամարտիկները, ովքեր ցանկանում են Հայաստանում նոր իշխանություն տեսնել: Հենց այդ նպատակով Միքայելյանն իր հավաքին հրավիրել է բոլոր այն ազատամարտիկներին, ովքեր որևէ կերպ կապված չեն ԵԿՄ-ի հետ: Նա հավաքին հրավիրել է ինչպես` անկուսակցական, այնպես էլ` տարբեր կուսակցությունների անդամակցող ազատամարտիկների: Հրավիրված են նաև ազատամարտիկների այլ կազմակերպություններ, ինչպես օրինակ, «Դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդը»: Կարգախոսը հետևյալն է. եթե դժգոհ եք այսօրվա վիճակից, եկեք հավաքվենք և միասին որոշենք, թե ինչպես կարելի է փոխել այս վիճակը:

Արդյո՞ք Սասուն Միքայելյանին հաջողվելու է ԵԿՄ-ին հակակշիռ կառույց ստեղծել: Այս հարցին պատասխանելու համար նախ` պետք է հիշել, որ գրեթե 10 տարի առաջ Սասուն Միքայելյանը և Հակոբ Հակոբյանը ստեղծեցին ազատամարտիկների միություն, որը կոչվում էր «Ոգու փորձություն»: Այդ միությանն էր անդամակցում ԵԿՄ-ն արդեն լքած Ալբերտ Բազեյանը: Այն ժամանակ նպատակը նույնն էր, ինչ այժմ. ստեղծել ԵԿՄ-ին հակակշիռ կառույց, որն ավելի ընդունելի կլինի ազատամարտիկների համար, քան ԵԿՄ-ն:

Բայց այդ փորձը տապալվեց, չնայած այն ժամանակ թե՛ Հակոբ Հակոբյանի և թե՛ Սասուն Միքայելյանի կազմակերպչական ռեսուրսներն անհամեմատ մեծ էին, քան այսօր. Հակոբյանը ԵԿՄ Երևանի քաղաքային կառույցի ղեկավարն էր, իսկ Միքայելյանը՝ Կոտայքի մարզային կառույցինը: Դուրս գալով ԵԿՄ-ից, նրանք իրենց հետ դուրս բերեցին նաև իրենց ղեկավարած կառույցների անդամներին:

Կարդացեք նաև

Եվ խնդիրն ամենևին այն չէր, որ այն ժամանակ ԵԿՄ-ն ավելի ուժեղ էր, քան հիմա, որ այս ընթացքում ԵԿՄ-ից հսկայական արտահոսք է եղել, գրեթե բոլոր հրամանատարներն ու տարածքային կառույցների ղեկավարները հեռացվել են, իսկ նրանց փոխարինել են Արցախյան պատերազմի ընթացքում երկրորդական դերակատարում ունեցող կամ պատերազմին ընդհանրապես չմասնակցած անձինք, որ հիմա ԵԿՄ-ում մնացել են պատերազմին հինգերորդ բիրգադի կազմում մասնակցած ազատամարտիկները, որի ղեկավարն Արցախյան պատերազմի տարիներին եղել է ԵԿՄ ներկայիս նախագահ Մանվել Գրիգորյանը: Այս բոլոր հանգամանքներն առկա են, բայց ոչ վճռորոշ՝ ԵԿՄ-ին այլընտրանք ստեղծելու հարցում հաջողության հասնելու համար:

Ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ժամանակին փորձել են ԵԿՄ-ին այլընտրանք ստեղծել, ձախողում է սպառնացել բոլորովին այլ պատճառով: ԵԿՄ-ի երկարակեցության և ուժի գաղտնիքը բոլորովին այլ տեղ է:
Թեև ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, և ֆորմալ առումով` մեկը` երկրում գրանցված և գործող հազարավորներից, սակայն ԵԿՄ-ն միակն է, որ տիրապետում է որոշակի վարչական լծակների:

Ինչո՞վ է դա արտահայտվում: Օրինակ, եթե որևէ ազատամարտիկ ցանկանում է գնալ թոշակի, նա պարտադիր պետք է սոցիալական ծառայություններին տեղեկանք ներկայացնի ԵԿՄ-ից այն մասին, թե որ թվականին և որտեղ է ինքը մասնակցել մարտական գործողությունների: Այդ տեղեկանքը վավեր է միայն այն դեպքում, եթե ստորագրված է ԵԿՄ նախագահի կողմից: Այսինքն, եթե որևէ ազատամարտիկ ցանկանում է, որ պետությունն ընդունի, որ ինքը մասնակցել է Արցախյան պատերազմին կամ Հայաստանի սահմանների պաշտպանությանը, դա կարող է հաստատել միայն ԵԿՄ նախագահը: Որևէ այլ հասարակական կազմակերպություն կամ դրա ղեկավար չի կարող հավաստել ազատամարտիկի՝ պատերազմին մասնակցած լինելու հանգամանքը:

Վերջերս պատմեցին այս իրավիճակը բնորոշող մի պատմություն: Դատապարտյալներից մեկի նկատմամբ պետք է համաներում կիրառվեր: Այդ հոդվածը տարածվում էր դատապարտյալի վրա, եթե նա Արցախյան պատերազմի մասնակից է:

Նրա ազատամարտիկ ընկերները և ԵԿՄ-ի տարածքային կառույցի ղեկավարը տեղեկանք էին տվել, որ նա երեք տարի մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին, բայց պետական մարմինները հրաժարվում էին այդ տեղեկանքը որպես օրինական փաստաթուղթ ճանաչել` պահանջելով, որ այն ստորագրված և կնքված լինի նաև ԵԿՄ նախագահի կողմից:

Նույնը վերաբերում է նաև ազատամարտիկներին բնակարան տրամադրելուն, անվճար բուժօգնություն ստանալուն կամ սոցիալական մյուս արտոնություններին: Դրանք բոլորն արվում են բացառապես ԵԿՄ-ի միջոցով: Պետությունը կամ, ավելի ճիշտ, իշխանությունն ամեն ինչ արել է, որ ազատամարտիկները առավելագույն կախվածություն ունենան ԵԿՄ-ից:

Պատրա՞ստ են ազատամարտիկները խզել իրենց հարաբերությունները ԵԿՄ-ի հետ և հրաժարվել սոցիալական արտոնություններից: Մի մասը, իհարկե, դա արել է վաղուց և որևէ ակնկալիք չունի ԵԿՄ-ից և պետությունից: Բայց նրանց թիվն առանձնապես մեծ չէ, և նրանք մշտապես հրապարակում են՝ անկախ նրանից, թե ով է բողոքի միջոցառման կազմակերպիչը: Եթե նրանց չի հաջողվել ուրիշների հետ հասնել հաջողության, ապա դժվար թե դա հաջողվի միայնակ:

Երևի ազատամարտիկները համարում են, որ նախորդ ձախողումների պատճառն այն է, որ այդ շարժումները չեն ղեկավարել իրենք, և ժամանակն է, որ իշխանափոխության գործն իրենց ձեռքը վերցնեն մարդիկ, ովքեր կռվելու հմտություն ունեն: Բայց նույնիսկ այս հարցում ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկների մոտ միասնություն չկա. ազատամարտիկների մի զգալի մասը համարում է, որ քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն միայն կուսակցությունները, իսկ հասարակական կազմակերպությունները պետք է զբաղվեն բացառապես հասարակական խնդիրներ լուծելով:

Տեսանյութեր

Լրահոս