Ստյոպա Սաֆարյան. Բանակցությունները փխրուն խաղաղությունը պահելու գործիք են

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ ԼՂՀ կարգավորման բանակցությունների վերսկսումը ունի թե դրական, թե ռիսկային կողմեր: 168.am-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօր Վիեննայում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը, որի ժամանակ որոշում է կայացվել ԼՂՀ բանակցություններին նոր թափ հաղորդել, ասաց, թե հանդիպման դրական կողմն այն է, որ դրանք կայունության պահպանման գործիք են.

«Այնուամենայնիվ, թեկուզ չնչին չափով, բայց բանակցությունները փխրուն խաղաղությունը պահելու գործիք են: Եվ երկու տարի շարունակ բանակցությունների սառեցումը ցույց է տալիս, որ երկու կողմերի միջև հարաբերություններն ավելի են լարվել, հետևաբար՝ դրանից օգտվել է Ռուսաստանը՝ հատկապես կողմերից իրեն ակնկալվող որոշումները ստանալու ենթատեքստում:  Հիմա բանակցությունների վերսկսումը այն էլ՝ Ջոն Քերիի ակտիվ մասնակցությամբ, նշանակում է, որ Արևմուտքը փորձում է ոչ միայն կանխել իրավիճակի թեժացումը, այլև՝ փորձում է մտնել խաղի մեջ և թույլ չտալ, որ կողմերի նկատմամբ ղարաբաղյան խաղաքարտը Ռուսաստանի կողմից օգտագործվի որպես ցանկալի որոշումներ կորզելու խողովակ»:

Սաֆարյանը նշեց, թե բանակցությունների բացակայության պարագայում նախկինում փորձ էր արվում «վախերը շահարկել», իսկ բանակցությունների միջոցով որևէ ճնշում գործադրվելու ռիսկերը նվազում են: «Երբ բանակցությունները չկային, կողմերի մանիպուլիացիան կատարվում էր ավելի շատ տարածաշրջանային լարվածությունների դաշտում»,- ասաց նա:

Մեր հարցին, թե արդյոք խոսելով խաղաղ գործընթացի կարգավորման մասին նախագահներն ընդունո՞ւմ են, որ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ բանակցությունները սառեցված են եղել, Ստյոպա Սաֆարյանը դրական պատասխան տվեց՝ ավելացնելով. «Ընդունեն, թե չընդունեն՝ դա փաստ է. երկու տարի բանակցություններ չեն եղել»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ որոշեցին կրկին հանդիպել՝ նա նշեց. «Օրինակ տեսնում են, որ առանց բանակցությունների խնդիրն ավելի վատ է դառնում, լարվածությունը մեծանում է: Կամ՝ Արևմուտքը տեսնում է, որ բանացությունների պատճառը, լարվածության մեծացումը ձեռնտու է միայն Ռուսաստանին, ով դառնում է կողմերին առաջարկ ներկայացնող: Տեսնում են, որ, ասենք, կողմերի որոշումների վրա ազդեցության լծակներ են կիրառվում»:

Այս օրերին պարբերաբար խոսվում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանը հասարակությանը նախապատրաստում է ԼՂՀ զիջման տարբերակին, ուստի Ս» Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ այս հանդիպումից հետո հնարավո՞ր է բանակցությունների սեղանին զիջման հարցը դրվի. «Ես հույս ունեմ, որ Հայաստանի ոչ մի ղեկավար խելքը հացի հետ չի կերել, որ անգամ մտքի ծայրով անցկացնի Ղարաբաղը հանձնելու գաղափարը: Ես չեմ կարծում, որ կա Հայաստանի արտաքին քաղաքականություն, կա ՀՀ-ին թելադրված արտաքին քաղաքականություն, բայց այնուամենայնիվ, հույս ունեմ, ուզում եմ հավատալ, որ ոչ մի ղեկավար իր խելքը հացի հետ չի կերել, որ ունակ են դավաճանության»:

Տեսանյութեր

Լրահոս