Վարդան Թովմասյանը Սովետի կողմից արժանանում էր դիմադրության, իսկ Անկախ Հայաստանի՝ անտարբերության
«Լեո 52 Art gallery»-ում բացվել է նկարիչ Վարդան Թովմասյանի «Դոն Կիխոտը Սանչոյի մարմնում» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը նրա առաջին հետմահու ցուցահանդեսն է:
«168 Ժամ» թերթը դեռևս անցյալ տարի հոդվածների շարք էր հրապարակել, որտեղ ահազանգում էր Վ. Թովմասյանի արվեստանոցի խնդրի մասին, որի համար նրա ընկերները ՀՀ իշխանություններին խնդրում էին արձագանքել՝ ընդգծելով, որ տաղանդավոր արվեստագետն այդ պայմաններում ստեղծագործելով` առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել: Չնայած այդ պայմաններին, Վարդան Թովմասյանը շարունակում էր ստեղծագործել նկուղային հարկում գտնվող մի խցում, որի խոնավ պայմանները չէին կարող հետևանք չթողնել նրա առողջության վրա:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 31-ին Վ. Թովմասյանը մահացավ սրտի կաթվածից:
Այս տարի պետք է կայանային Վ. Թովմասյանի խոշոր ցուցահանդեսները չորս քաղաքների՝ Վիեննայի, Ճապոնիայի, Մոսկվայի և Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում: Ի դեպ, Վ. Թովմասյանի «Դոն Կիխոտը Սանչոյի մարմնում» ցուցահանդեսը նախատեսված էր իրականացնել Ժամանակակից արվեստի թանգարանում, սակայն պարզվում է՝ այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր, քանի որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այս օրերին թանգարանում մանուկների ցուցահանդես է կազմակերպում:
Դեռ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին Վ. Թովմասյանի ռետրոսպեկտիվ, հետահայաց ցուցահանդեսը կազմակերպելու պայմանավորվածություն «Լեո 52 Art gallery»-ի տնօրեն Թաթուլ Առակյանի և Վ. Թովմասյանի միջև եղել է, հատկապես որ, նկարչին ծանոթ արվեստասեր հանրությունը նրան ճանաչում էր 1990-ականների կեսերին ստեղծած գործերով: Ընդ որում՝ Վ. Թովմասյանը ճանաչելի դարձավ 1976 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացրած իր քանդակների ցուցահանդեսով:
Վ. Թովմասյանը լինելով ըմբոստ արվեստագետ, դեռևս այն տարիներին արժանանում էր սովետական իշխանության դիմադրությանը: Ի դեպ, Ժամանակակից արվեստի թանգարանի նախկին տնօրեն, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կազմակերպած այդ ցուցահանդեսն արժանացավ իշխանությունների կոշտ գործողություններին: Կենտկոմի ագիտացիայի բաժնի ներկայացուցիչներն ուղղակիորեն ստիպեցին փակել ցուցահանդեսը, սակայն Հ. Իգիթյանն, այնուամենայնիվ, չենթարկվելով իշխանական ցուցումներին, ցուցահանդեսը հետագայում կրկին բացեց՝ հայտարարելով. «Թանգարանն իմն է, ինձ աշխատանքից ազատեք, ինչ ուզում եք` բացեք»:
Թ. Առակյանը հիշելով այդ ցուցահանդեսը՝ վստահեցնում է, որ Վ. Թովմասյանի ներկայացրած աշխատանքները «պայթյուն» էին, քանի որ նա հիմնովին փոխում էր գեղանկարչության, քանդակագործության պատկերացումները:
«Ոչ ոք չէր պատկերացնում, որ ժանգոտ մետաղները, ցեմենտով, այլ շինանյութով սարքված բաները կարող են քանդակ կոչվել: Բուրժուական տաբուներ կային, և իրենք այդ ստեղծագործությունները համարում էին խաբեություն: Ընդ որում՝ բեռնատարը բերել էին, որպեսզի աշխատանքները բարձեին, տանեին թափեին: Քանդակներն այդ աստիճանի զայրացրել էին վերնախավին»,- ասում է Թ. Առակյանը՝ 1976 թվականին կազմակերպված ցուցահանդեսը, ավելի ճիշտ՝ Վ. Թովմասյանին նույնացնելով ծաղկամանի մեջ բուսնած կաղնու հետ, որի աճելուն զուգահեռ` ծաղկամանն ուղղակի «պայթեց»: Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանում Վ. Թովմասյանը նորարարական մտքի ակտիվ առաջնորդներից էր: Թ. Առակյանը հավատացնում է, որ ոչ մի հեղինակ այդքան մեծ ազդեցություն չի ունեցել մեր մշակութային դաշտի, գեղարվեստական լեզվի զարգացման վրա, որքան Վ. Թովմասյանը:
«Աբստրակցիոնիստ, պոպ-արտիստ թե էքսպրեսիոնիստ՝ բոլորն էլ ազդվել են Վ. Թովմասյանից: Մի զավեշտալի պատմություն պատմեմ: Նա աշխատում էր Օպերայում՝ որպես նկարիչ-ձևավորող, և էնտեղ իր արվեստանոցում իր քանդակներն էր պահում: Միջանցքները մաքրելուց` մարդիկ որպես աղբ` նրա քանդակները լցրել էին մեքենայի մեջ ու տարել-թափել էին: Խեղճը երկար ժամանակ ընկած այդ մեքենան էր փնտրում, որպեսզի թափված աղբի տեղն իմանա ու քանդակները վերադարձնի, բայց այդպես էլ չգտավ»,- ասում է Վ. Թովմասյանի մտերիմ ընկեր Թ. Առակյանը՝ վստահեցնելով, որ «Լեո 52 Art gallery»-ում ներկայացված որոշ աշխատանքներ պատահական պահպանված ստեղծագործություններ են:
Ի դեպ, Թ. Առակյանն ասում է, որ 1980-ականներին նա հասկացավ, որ այդ արվեստով չի կարողանում գոյատևել, և անցավ գրաֆիկական աշխատանքների, իսկ հետագայում արդեն սկսեց գույնով աշխատել, և մինչև մահ գույնով աշխատանքն ինչ-որ իմաստով կոմերցիոն նշանակություն ուներ.
«Գույնը թուլացրեց իր հզորությունը, մտածողությունը մնաց էքսպրեսիվ քանդակագործության, բայց գույնը իրենից գիծը խլեց: Ճիշտ է՝ էքսպրեսիան, իր ուժը մնաց, բայց գիծը հմայքը կորցրեց: Ցուցահանդեսին ներկայացված են նրա այնպիսի հին աշխատանքներ, որոնք ոչ մեկին ցույց չի տվել, մինչև անգամ՝ ինձ, ում համարում էր իր արվեստի գիտակ: Նրա մահից հետո որդու հետ մի փաթեթ գտանք, որտեղ նկարներն իրար էին կպել, ոչ մեկի ցույց չէր տվել»:
Նշենք նաև, որ Վ. Թովմասյանը 1989 թվականից Փարիզում պարբերաբար ցուցահանդեսներ էր կազմակերպում, իսկ Փարզից 80կմ հեռավորության վրա գտնվող աբբայությունում, որտեղ աշխարհի տարբեր երկրների լավագույն արվեստագետներն էին տեղակայվում, նա հրավիրվում էր art-ռեզիդենցիայի՝ 3 ամիս ապրելու և ստեղծագործելու: Նոյեմբերի 10-ին Վ. Թովմասյանի Ֆրանսիայում գտնվող ընկերները նույնպես Վ. Թովմասյանի ցուցահանդեսը բացեցին, որին նվիրված` նաև համերգ կազմակերպեցին: «Փարիզում ստեղծած գործերը գուցե արտաքուստ տարբերություն չունեին, բայց վրձնահարվածով կարելի էր զգալ տարբերությունը:
Էնտեղ ստեղծագործելիս վրձնահարվածը, տոնը, գույնը մեղմանում էր, իսկ Հայաստանում միանգամից և՛ գույները, և՛ էքսպրեսիվությունը, հախուռն հարվածները դառնում էին վայրենի: Վ. Թովմասյանի ստեղծագործություններին մակերեսայնորեն նայողներն այդ տարբերությունը չէին նկատում, բայց տարբերությունը զգալի էր»,- վստահեցնում է Թ. Առակյանը՝ ասելով, որ կյանքի վերջին տարիներին Վ. Թովմասյանը հողին կպած, նեղսրտած էր ապրում:
Նա իր վերջին հարցազրույցում նման միտք է հնչեցրել՝ «Սովետի ժամանակ ես շատ ավելի ազատ եմ եղել, իսկ հիմա ազատ եմ այնքան, որ կարող եմ ազատ մահանալ»:
«168 ԺԱՄ»