Ով է «կանաչ լույս» տվել Զորի Բալայանի նամակին

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը.

Զորի Բալայանի բաց նամակը Վլադիմիր Պուտինին շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նույնիսկ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի մամլո քարտուղարությունից կարճ երկտողով հասարակությանը տեղեկացրեցին, որ ՌԴ ղեկավարն իրեն պարտավորված չի համարում պատասխանել սույն նամակի հեղինակին: Միանգամայն սպասելի և քաղաքական կոռեկտության ոգուն ու տառին համապատասխանող արձագանք. Զորի Բալայանը ՀՀ քաղաքացի է և իր հարցադրումներով կարող է դիմել սեփական երկրի նախագահին՝ չհավակնելով իրեն հուզող հարցերի պատասխաններն ստանալ այլ պետության նախագահից:

Այսինքն, եթե ճիշտ են նրանք, ովքեր Զորի Բալայանի քայլը գնահատում են որպես սադրանք, որին ենթարկվելու դեպքում Վլադիմիր Պուտինն աշխարհին կներկայանար ռուսական ցարերի գործը 21-րդ դարում շարունակելու հավակնորդի ծիծաղելի դերում, ապա, բարեբախտաբար, այդ սադրանքը իր նպատակին չհասավ: Կրեմլի սառը և կշռադատված արձագանքը միանշանակորեն ցույց տվեց, որ այս բաց նամակի ի հայտ գալն իր համար անսպասելի և անցանկալի անակնկալ էր:

Մյուս կողմից՝ Հայաստանում և Արցախում բազմաթիվ արձագանքները նույնքան խոսուն էին և ապացուցեցին, որ «բաց նամակի օպերացիան» ամբողջությամբ մշակվել է Բաղրամյան 26 հասցեում: Իհարկե, նամակը պետք է «կրծքով» պաշտպանեին Ռազմիկ Դավոյանը և Արտեմ Հարությունյանը: Իհարկե, Զորի Բալայանին պետք է դաժանորեն դատափետեր «ռուսական իմպերիալիզմի» դեմ մղվող պայքարում նախագահականի պաշտոնական խորհրդանիշ Պարույր Հայրիկյանը:
Լավ, ինչի՞ վրա էին Բաղրամյան 26-ում հույս դրել` նախաձեռնելով այս չափազանց անհաջող բեմադրությունը: Որ Վլադիմիր Պուտինը կուլ կտա այս խայծը, որից հետո մեր անկախության կենդանի խորհրդանիշը հնարավորություն կստանա մեկ այլ բաց նամակով դիմելու Բարաք Օբամային և հորդորելու նրան վերջ դնել «ռուսական իմպերիալիզմի ոտնձգություններին»՝ կանխել Հայաստանում և Արցախում ցարական իմպերիալիստական լծի վերականգնումը: Դա՞ էր Բաղրամյան 26 քաղտեխնոլոգների համար ցանկալի արդյունքը: Բա ո՞րն էր, եթե ոչ դա:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի այսօրվա քաղաքական վերնախավում բավականին ազդեցիկ են այն ուժերը, որոնք երկրի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման հարցում սեփական անընդունակությունը, սեփական ձախողումները փորձում են արդարացնել «դրսի ուժերի ճնշումներով»: Զանգվածային գիտակցության մեջ այդ կեղծ պատկերացումն ամրագրելու համար անհրաժեշտ է վերագրել Ռուսաստանին սեփական կայսրապետական անցյալի կարծրատիպերով առաջնորդվելու «անհաղթահարելի մոլուցք», իսկ Արևմուտքին՝ անհաշտ և անողոք վերաբերմունք Ռուսաստանի արտաքին քաղաքականության նպատակների նկատմամբ: Իշխող վերնախավին թվում է, որ ներքաղաքական կյանքում հրահրելով «արևմտամետների» և «ռուսամետների» միջև դաժան բախումներ, հնարավոր է մեծացնել արտաքին քաղաքական ասպարեզում մանրևելու նվազող ռեսուրսները: Իրականում այս մարտավարության պատճառով մեր հասարակությունը ներսից արհեստականորեն պառակտվում է, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում Հայաստանի դիրքերը գնալով ավելի ու ավելի են թուլանում. յուրային չդառնալով օտարների համար, երկիրը դառնում է օտար յուրայինների համար: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նորագույն զինատեսակների վաճառքը դրա վառ ապացույցն է:

Միանգամայն կանխատեսելի էր, որ բաց նամակի «փիառն» էապես կթեժացնի Հայաստանում «արևմտամետների» և «ռուսամետների» պայքարի տոնուսը, որը, կարծես, մարել էր Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունից հետո: Այն մոբիլիզացիոն խթան դարձավ «մոնդիալիզմի ջատագովների» համար, օգնելով նրանց դուրս գալ շոկային հոգեվիճակից և նոր էներգիայով քննադատական նետեր ուղղել Ռուսաստանի «կայսրական նկրտումների» դեմ: Մի փորձեք ինձ համոզել, թե նպատակը Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը նշելու համար Պուտինին Արցախ հրավիրելն էր: Եթե նպատակը դա էր, ապա ի՞նչն էր խանգարում Զորի Բալայանին բաց նամակով դիմել ոչ թե Վլադիմիր Պուտինին, այլ սեփական երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, ում, ինչպես բոլորը լավ գիտեն, Զորի Բալայանը համարում է լեգիտիմ ընտրությունների արդյունքում ընտրված երկրի ղեկավար: Ո՞վ էր խանգարում այդ բաց նամակում հիմնավորել Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը նշելու նպատակով հայ-ռուսական հոբելյանական հանձնաժողովի ստեղծման և հոբելյանը ՀՀ և ՌԴ նախագահների մասնակցությամբ Արցախում նշելու անհրաժեշտությունը: Ո՞վ էր խանգարում հիմնավորել այդ նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առջև հարցը պաշտոնապես բարձրացնելու անհրաժեշտությունը: Մի՞թե հասկանալի չէ, որ այլ պետության նախագահին քաղաքացին կարող է դիմել իր պետության նախագահի միջոցով, իսկ եթե դիմում է` շրջանցելով իր երկրի նախագահին, դա կարող է արդարացված լինել միայն մի դեպքում. եթե դիմումի բովանդակությունը քաղաքական ապաստան կամ տվյալ պետության քաղաքացիության ձեռքբերման խնդրանք է: Այլ հարցերով դիմելը վիրավորական է թե՛ օտար, թե՛ սեփական երկրի նախագահների համար: Իսրայել Օրու ժամանակներն անցել են. մենք արդեն 20 տարուց ավելի է, ինչ ունենք նախագահ, դրոշ, զինանշան և, որպես այդ ամենի առարկայական հիմք՝ անկախ պետականություն:
Այսօր Զորի Բալայանի հասցեին մեղադրանքների, անձնական վիրավորանքների ալիք է բարձրացել: Մարդիկ իրենց խաբված են զգում. ո՞ւր մնաց ղարաբաղյան շարժման «միացում» կարգախոսը: Մի՞թե այն չէր նշանակում միացում մայր Հայաստանի հետ: Որպես քաղաքագետ՝ ես պարտավոր եմ հեռու մնալ այս կարգի զգացմունքային պոռթկումներից, թեև մեր քաղաքացիների վրդովմունքն արդարացի և հասկանալի է: Այդուհանդերձ, այդ վրդովմունքը չպետք է ուղղվի Զորի Բալայանի դեմ, չպետք է անձնավորվի:
Եթե մեզանում անկախության 25 տարիների ընթացքում չձևավորվեցին գաղափարական հենքի վրա գործունեություն ծավալող քաղաքական կուսակցություններ և, որպես դրա հետևանք, չձևավորվեց ինքնուրույն և պատասխանատու քաղաքական դաս՝ պետական մտածողությամբ օժտված պրոֆեսիոնալ հրապարակային քաղաքական գործիչների կոհորտա, ապա զարմանալի չէ, որ ոմանց կարող է թվալ, թե Իսրայել Օրու ժամանակները չեն անցել: Ինչ է, 2012 թվականին Հովիկ Աբրահամյանի կողմից ուղղորդվող այն երիտասարդները, ովքեր ՄԱԿ-ի անդամ անկախ Հայաստանի Հանրապետությունում ձևավորեցին նախընտրական շտաբներ՝ ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի թեկնածության ՌԴ նախագահական ընտրություններում, տառապո՞ւմ էին ծերունական մարազմով: Ամենևին ո՛չ: Ճարպիկ, բիզնեսմեն երիտասարդներ էին, ովքեր, իմիցիայլոց, Հովիկ Աբրահամյանի եղբոր հետ Մոսկվայում ձկան վաճառքի մեծածավալ բիզնեսով են զբաղվում: Այդ նույն Հովիկ Աբրահամյանի, ով հայտնի է «Մուկ» մականունով և երկաթյա համոզմունքով, որ միջին կարգին բիզնեսմեն լինելն ավելի մեծ մտավոր կարողությունների առկայություն է ենթադրում, քան քաղաքական գործիչ լինելը:
Այն, որ այդ երիտասադրների խումբը հովանավորվում և ուղղորդվում է Հովիկ Աբրահամյանի կողմից, ով ձգտում է նախագահի աթոռը նվաճելու իր «բոնապարտիստական» ծրագրերի իրականացման համար հիմքեր ստեղծել և՛ Բրյուսելում, և՛ Մոսկվայում, անժխտելի փաստ է: Այդ փաստը հաստատվում է ինչպես Մոսկվայում ընդհանուր ձկի բիզնեսի ընդլայնմամբ, այնպես էլ Պուտինի շտաբների ստեղծման գործին լծված երիտասարդներին ՀՀ ԱԺ պարգևներ շնորհելու հանգամանքով: Պատկերացրեք, եթե մենք մի գեղեցիկ օր իմանայինք, որ ռուսները ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի Ռուսաստանում ձևավորել են նախընտրական շտաբներ, ինչպե՞ս դա կընդունեինք: Համոզված եղեք, որ այս քայլը միանշանակ մերժելի է սեփական երկրի նախագահ ընտրելու իր բացառիկ իրավունքը հարգող ցանկացած ազգի համար: Այն ժամանակ Պուտինի «պաշտպանության նպատակով» Հայաստանում նախընտրական շտաբների ստեղծման հովիկաբրահամյանական նախաձեռնությունը Ռուսաստանում չէր կարող չընկալվել որպես սադրանք և այդպես էլ ընկալվեց:
Իմ անդրադարձը մեկուկես տարվա վաղեմության պատմությանը կոչված է ցույց տալու, որ ոչ «պուտինյան շտաբների» ստեղծման գործին լծված բոցաշունչ երիտասարդները, ոչ «նամակագիր» տարեց մտավորականներն այս կարգի «օպերացիաներում» ինքնուրույն չեն, այլ ուղղորդվում են իշխանության կողմից:

Բաղրամյան 26-ի խորհրդավոր լռությունն ամենածանրակշիռ ապացույցն է այն բանի, որ «բաց նամակի օպերացիան» մշակվել է նախագահականում: Այլապես Սերժ Սարգսյանը բոլոր հիմքերն ուներ ամենակոշտ ձևով արձագանքելու Վլադիմիր Պուտինին ձախողակ Գորբաչովի, իսկ իրեն՝ տխրահռչակ Կևորկովի հետ համեմատելու Զորի Բալայանի փորձին:

Երբ վերջինս այսօր «հիմնավորում է» իր «ինքնուրույնությունը»՝ վկայակոչելով, թե Բրեժնևին կամ Գորբաչովին նմանատիպ նամակներ էր գրում՝ չհամաձայնելով այդ իր քայլը ՀԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում Բրեժնևի կամ Գորբաչովի դրածոների հետ, ապա մտածելու բան է, թե այս համեմատություններով ում է ավելի շատ վիրավորում՝ Վ. Պուտինի՞ն, թե՞ Ս. Սարգսյանին: Եվ ի՞նչն այժմ կարող է լինել Ս. Սարգսյանի խորհրդավոր լռության պատճառը, եթե ոչ իր իսկ կողմից նախօրոք այս «օպերացիային» կանաչ լույս տալը:

Տեսանյութեր

Լրահոս