Քաղաքաշինության նախարարն առաջարկում է քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը
«Հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության և տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Ողջամիտ եմ համարում նաև նշված ոլորտներում ազգային գործողությունների ծրագրերի մշակումը»,- հոկտեմբերի 8-ին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի ԵՏՀ 74-րդ նստաշրջանում:
Նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթի ժամանակ պարոն Թադևոսյանը նշեց, որ Հայաստանի վերջին նկարագրից անցել է ավելի քան 10 տարի, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ: Կարևորելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցությունը` պարոն Թադևոսյանն ընդգծեց ուսումնասիրությունների անցկացման գործում կազմակերպության աջակցությունը, որը մեծապես կնպաստի նոր մարտահրավերների և ծագած խնդիրների լուծմանը:
Նոր մարտահրավերներից նախարար Թադևոսյանը մասնավորապես առանձնացրեց տարածական զարգացման և տարածաշրջանային պլանավորման ոլորտում նկատվող տեղական մակարդակներով քաղաքաշինության փաստաթղթերի մշակման և հաստատման հետընթացը (համաձայն օրենսդրության` հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունը): Հաշվի առնելով, որ հենց այդ մարմիններին է տրված շինարարության թույլտվություն տրամադրելու իրավունքը, ներկա իրավիճակը կարող է հանգեցնել կառուցապատման ոչ բավարար կարգավորման և, հետևաբար բնակավայրերի կայուն զարգացման խախտման:
Տեղեկացնենք, որ նախարար Սամվել Թադևոսյանը եռօրյա այցով գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Եվրապական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանին: Նախատեսվում է հանդիպման արդյունքում հաստատել բնակարանային տնտեսության և հողի կառավարման 2014-2020 թթ-ի ռազմավարությունը: