Սարգսյանը, Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը կհանդիպե՞ն

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Մաքսային միությանը անդամակցելու որոշման կայացման ու մի շարք այլ հարցերի շուրջ քննարկման համար ՀՀ երեք նախագահներին առաջարկում է հանդիպել կլոր սեղանի շուրջ: Ըստ նրա` գործող քաղաքական վերնախավը` իշխող կոալիցիան, անընդունակ է որևէ հարց դնել քննարկման և դրա արդյունքում` առաջարկել որևէ լուծում: Իսագուլյանի կարծիքով` իշխանության բոլոր հայտարարությունները, թե լուրջ քննարկումներ են եղել մինչև սեպտեմբերի 3-ի` Սերժ Սարգսյանի հայտարարությունը, «մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում»:

«Վերևից ասվեց որևէ միտք, մնացած բոլորը դա կրկնում են: Վաղը ասեն հակադիր միտքը` կրկնելու են էլի բոլորը: Սա քաղաքական անմեղսունակություն է: Չկա իշխանության մեջ այն մարդը, որը ունակ է բարձրաձայնել, որ քննարկում է պետք, հանգել է պետք մեկ այլ մտքի: Պետք է ձևավորել մի մարմին, օրինակ` նախագահների խորհուրդը, որն առաջ կքաշի այս հարցը: Ես անպայման հայցելու եմ ՀՀ երեք նախագահներին` հանդիպման խնդրանքով: Սա միակ ֆորմատն է, որ կարելի է քննարկել ու առաջարկել լուծումներ: Երեք նախագահներին կարող է միանալ նաև Արկադի Ղուկասյանը և ԼՂՀ գործող նախագահը, երեք նախագահներին կառաջարկեի միանալ նաև Վեհափառ հայրապետներին»,- նշեց նա` ավելացնելով, որ հանդիպումը կխթանի նոր մտքերի գեներացիա:

Իսագուլյանն ասում է, որ ՀՀ երեք նախագահների միջև վերջին երեք տարում որևէ շփում չի եղել, հանդիպում չի կայացել. «Կարող է` բարևել են, բայց հարցեր չեն քննարկվել»: «Ցավոք, մենք վերածվել ենք կենացների պետության: Ես պատիվ եմ ունեցել երեք նախագահների հետ սեղան նստել և կարող եմ ասել, որ նույն թամադան նույն հաջողությունները երեքին էլ վերագրել է: Պաշտոնապես դիմելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, զրույց կգնա` հավասարը հավասարի հետ, հանդիպելու եմ իրենց հետ և առաջարկելու նախաձեռնել հանդիպում: Հանդիպելու եմ նաև Արկադի Ղուկասյանի հետ, Բակո Սահակյանի հետ` առաջարկելով նախաձեռնել կլոր սեղան»,- ասում է Իսագուլյանը:

Մեր հարցին, թե` չե՞ք կարծում, որ դա անհնար է, նա պատասխանեց. «Բայց ինչո՞ւ է անհնարին` ի՞նչ խնդիր կա: Ի՞նչն է պատճառը` նախագահ է, իր լիազորությունների ժամկետն ավարտվեց, ու հարց քննարկելու խնդիր էլ չունե՞ն: Մի սեղանի շուրջ դժվար կլինի Լ. Տեր-Պետրոսյանին ասել` մի հայտնի քո տեսակետը, կամ մեկ այլ անձի ասել` մի ասա, շեֆը կջղայնանա: Հարկավոր է էս ֆորմատը ձևավորել, ու սա կդառնա խթան, որ մյուս քաղաքական շերտերը չվախենան այս քննարկումից: Ինչո՞ւ մեր նախագահները պետք է միմյանցից խուսափեն, չբարևեն, չնստեն-չքննարկեն, ուրախության սեղանի չնստեն, սպասեն մահանա՞ մեկը, որ գնան թափորին, թաղման արարողությանը մասնակցեն»:

Կարդացեք նաև

Երեկ հնարավոր չեղավ պարզել` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանը կհամաձայնի հանդիպել Լ. Տեր-Պետրոսյանի և Ս. Սարգսյանի հետ, նրանց հետ քննարկել երկրի առջև ծառացած հարցերի լուծման ճանապարհները. Ռ. Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չպատասխանեց մեր զանգերին: Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին, ապա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծիք հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը ևս չի համաձայնի նման քննարկման մասնակիցը դառնալ.

«Անկեղծ ասած` չեմ պատկերացնում երեք նախագահների հանդիպումը շատ պարզ պատճառներով` նրանք կարծես թե այլևս համագործակցելու որևէ հնարավորություն չունեն, հատկապես, որ հստակ արտահայտված է Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը, իսկ Քոչարյանի կարծիքը Մաքսային միության առնչությամբ` չկա, չի հնչում, Սերժ Սարգսյանն էլ մինչև հիմա լռում է: Իրադարձությունները այն չափով զարգացում չեն ստացել, որ նման տիպի հանդիպումներն, առհասարակ, հնարավոր լինի կանխատեսել: Կարծում եմ, որ մարտիմեկյան իրադարձություններն ու հետագա ընթացքը, այն դեպքում, երբ պարզ չեն իրական հանցագործները, հրահանգավորողները, կատարողները, ու Ս. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի դիրքորոշման բացակայությունը կոնկրետ հարցերի վերաբերյալ` թույլ չեն տա երեքին մեկտեղ հավաքվել: Ես դա չեմ պատկերացնում»: Լյուդմիլա Սարգսյանը նշեց, թե ինքը գործող իշխանությունների և ՀՀ երկրորդ նախագահի կողմից չի տեսնում կամք` ուղղելու երկրի առջև ծառացած հրատապ խնդիրները, չի տեսնում նաև մտահոգություն ապագայի նկատմամբ:

«Չեմ կարծում, որ երեք նախագահներն էլ պատրաստ են նման հանդիպման: Բավական մեծ խոչընդոտներ կան նման կարգի հանդիպումն իրականություն դարձնելու համար: Նախ, կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը չի համաձայնվի հանդիպելու երկրորդ և երրորդ նախագահների հետ, քանի որ չի տեսնում, որ նրանք մտահոգ են ու պատրաստ են գործնական քայլեր ձեռնարկելու` ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ: Եվ հետո էլ, եթե գործող իշխանությունը պատրաստ չէ հանցագործներին պատժելու, ապա նրանք պատրաստ չեն նաև ընդհանուր հանդիպումների»,- ասաց նա:

Իսկ իշխող ՀՀԿ-ում այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ հնչեցին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, թե հարցը պետք է ուղղել հենց Գառնիկ Իսագուլյանին, քանի որ նա է նախաձեռնության հեղինակը, ապա ավելացրեց, թե մեկնաբանելու ոչինչ չկա. «Եթե պարոն Իսագուլյանը գտնում է, որ ՀՀ բոլոր երեք նախագահները հավաքվեն, միասին նստեն-քննարկեն, ինքը պետք է մտածի` նրանք կգա՞ն, թե՞ չեն գա: Ձեր հարցը կարող եք ուղղել երեք նախագահներին և նրանցից իմանալ»: Մեր հարցին, թե Ս. Սարգսյանը վերջին երեք տարվա մեջ հանդիպե՞լ է Ռ. Քոչարյանին կամ Լ. Տեր-Պետրոսյանին, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ես այնքան եմ տեղեկացված, որքան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այնքան, որքան կա լրահոսում»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե հիմնավո՞ր են այն տեսակետները, որ երեք նախագահների ամբիցիաները կխոչընդոտեն հանդիպելու միմյանց: Ի պատասխան` նա ասաց, թե ամբիցիաներ բոլորն ունեն.

«Կա՞ մարդ, ով հավակնություններ չունենա: Յուրաքանչյուր մարդ, մարդը հենց դրա համար է, որ հավակնություններ ունենա: Եթե հարցադրումը տանում եք նրան, որ ամբիցիաների պատճառով է, որ նրանք այսքան ժամանակ չեն հանդիպում, ասեմ, որ որևէ մի պատճառ չեմ կարող նշել` ինչո՞ւ չեն հանդիպում, բայց, ինչպես ցանկացած այլ տեսակետ, դա էլ կյանքի իրավունք ունի»:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե ինքը կուզենար, որ երեք նախագահներն ամեն օր էլ հանդիպեին, բայց նշեց, թե դա հնարավոր չէ:

«Գառնիկ Իսագուլյանը ո՞վ ա, որ ես էլ իրեն մեկնաբանեմ: Ես ուրիշի առաջ քաշած հարցերը չեմ մեկնաբանում: Նենց էլ ասում եք` Գառնիկ Իսագուլյան, կարծես ճակատագրական նշանակություն ունեցող քաղաքական գործիչ մի բան ա ասել… Ամեն մեկը կարա մի բան ասի` ես ի՞նչ մեկնաբանեմ: Մեկը քնում, վեր ա կանում` մի բան ա առաջարկում` ի՞նչ մեկնաբանեմ»,- ասաց նա, ապա շեշտեց, թե Գառնիկ Իսագուլյանի «կարծիքը իր կարծիքն է», և եթե նա ուզում է, որ երեք նախագահները հանդիպեն` թող կազմակերպի. «Ես ուզում եմ` ամեն օր նախագահները հանդիպեն, ի՞նչ վատ ա, որ, թող հանդիպեն, քննարկեն, բայցգ Ես չգիտեմ` հանդիպման առիթ կա՞, թե՞ չկա, բայց տենց բան չի եղել, որ հանդիպեն»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս