Բաժիններ՝

Շահագործե՞լ, թե՞ ոչ. որքանով է Ամուլսարի հանքի արդյունահանումն անվտանգ

Մեր զրուցակիցն է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն իրականացնող «Գեոթիմ» ՓԲ ընկերության բնապահպանական և սոցիալական ծրագրերի համակարգող, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Ստեփանյանը:

– Պարոն Ստեփանյան, մոտ 1 ամիս առաջ ՀՀ ԲՆ Բնապահպանական փորձաքննական տեսչությանն է ներկայացվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով իրականացված միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը: Արդյունքները ե՞րբ կլինեն, ի՞նչ է սպասվում:

– Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականն առաջին անգամ նախարարությանը հանձնել ենք 2012 թ. փետրվարին և նույն տարվա հուլիսին ստացել ենք դրական եզրակացություն: Խոսքը Հայաստանի օրենսդրությամբ պահանջվող ՇՄԱԳ-ի մասին է: Դա վերաբերում էր բաց հանքերին և դատարկ ապարների լցակույտին: Միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, որը հանձնել ենք նախարարություն, օրենքով նախատեսված գործընթաց չէ Հայաստանում, այն տրվել է որպես ի գիտություն, որ նաև փորձաքննական պահանջներից մեկն էր: Օգոստոսին նախարարություն ներկայացված փաստաթուղթը անգլերեն է, մինչև հոկտեմբեր կներկայացնենք հայերեն տարբերակը:

– Այս ընթացքում բնապահպանները բազմիցս պնդումներ են հնչեցրել, որ Ամուլսարի հանքավայրը ոչ թե պետք է շահագործվի միջազգային բնապահպանական նորմերի պահպանմամբ, այլ ընդհանրապես չպետք է շահագործվի, և պետք է պահպանել էկոհամակարգը ինչպես որ կա: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, ի՞նչ ռիսկեր է պարունակում հանքի շահագործումը:

Stepanyan-Amulsar– Ամուլսարի հանքավայրի ռիսկերն ըստ էության չեն տարբերվում մնացած նմանատիպ հանքավայրերի ռիսկերից: Ավելին, երբ 2010թ. ավարտեցինք նախնական ելակետային տվյալների հավաքագրումը՝ ջրի որակ, փոշի, քամի, եղանակ, օդ, կենսաբազմազանություն, կայունություն և այլն, միջազգային բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատումը սկսելիս միջազգային խորհրդատուները պետք է հայտնաբերեին բոլոր զգայուն կետերը: Արդյունքում եզրակացություն տրվեց, որ ոչ մի ոչ կառավարելի ռիսկ Ամուլսարի հանքավայրը չունի: Այն լիովին կարելի է կառավարել միջազգային ամենաբարձր չափանիշներով, իսկ ծրագրի տնտեսական դրական ազդեցությունը զգալի կլինի ոչ միայն շրջակա համայնքների, այլև ողջ երկրի համար:

– Հանրությանը մտահոգող հարցերից գլխավորը թերևս այն է, որ հանքի շահագործումն անմիջական ազդեցություն կունենա Ջերմուկի հանքային ջրերի վրա: Հնարավո՞ր է իսկապես՝ ազդեցոթյուն լինի, ի՞նչ է արվելու դա կանխելու համար:

– Նախ՝ Ջերմուկը գտնվում է բացահանքից մոտ 15 կմ հեռավորության վրա: Այդուհանդերձ, միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի պահանջներից մեկն այն է, որ լսվեն տարբեր շահագրգիռ կողմերի մտահոգությունները և գրանցվեն: Քանի որ Ջերմուկի հանքային ջրերի վրա պայթեցումների կամ այլ պատճառներով ազդեցության մասին տարբեր հայտարարություններ հնչեցին, շահագրգիռ կողմերին պատասխանելու համար միջազգային խորհրդատուներին հանձնարարեցինք նախատեսվածից վաղ փուլում հետազոտություններ անել և եզրակացությունները հրապարակել: 2012թ. հունվար-փետրվարին աշխատանքներն ավարտվեցին, և գիտական հետազոտությամբ հիմնավորվեց, որ հանքի շահագործումը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ հանքային ջրերի վրա: Ըստ հետազոտության՝ հանքային ջրերը պետք է ընդամենը 60 մ հեռավորության վրա և շատ մակերեսային լինեին, որպեսզի հավանական ազդեցություն լիներ: Պայթեցումները, որոնք, ի դեպ, աշխարհի բոլոր բացահանքերում են իրականացվում, կատարվելու են 2900 մ բարձրության վրա, իսկ Ջերմուկը մոտ 2000 մ բարձրության վրա է գտնվում, ջրերն էլ ավելի խորն են: Այսինքն՝ ոչ մի կերպ չի կարող ազդեցություն լինել: Այս եզրակացությունը հրապարակվել է, հանձնվել է մի շարք շահագրգիռ կողմերի: Կարող ենք միայն ավելացնել, որ եթե Ջերմուկի կամ ցանկացած այլ վայրի վրա որևէ անկառավարելի ազդեցություն լիներ, ծրագիրը պարզապես չէր ստանա միջազգային ֆինանսական կազմակերպությունների դրական գնահատականը և ֆինանասավորումը:

– Իսկ Սևանա լճի համար հանքի շահագործումը որքանո՞վ անվտանգ կլինի:

– Մեր և անկախ միջազգային հետազոտությունները հաշվի են առել բոլոր հնչեցված մտահոգությունները, և այս մասին գիտական վերլուծությունը ներառված է զեկույցի մեջ: Ծրագիրը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ո՛չ Սևանի, ո՛չ Սպանդարյանի կամ Կեչուտի վրա: Նման նույնիսկ տեսական հնարավորությունը միջազգային անկախ փորձաքննությամբ բացառվել է:

– Մյուս վիճահարույց հարցը ոսկու կորզման ժամանակ ցիանիդի օգտագործումն է, որին բնապահպանները խիստ դեմ են: Այս խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, որպեսզի այն բնության վրա ազդեցություն չունենա:

– Նախ՝ ցիանիդը աշխարհի շատ զարգացած ու զարգացող երկրներում, նաև Հայաստանում հանքարդյունաբերության մեջ օգտագործվում է շատ վաղուց: Ցիանիդը տոքսիկ, վտանգավոր նյութ է, սակայն բացարձակ կառավարելի է: Ինչ վերաբերում է կույտային տարրալվացման մեթոդին, որ կիրառվելու է Ամուլսարում, այն հայտնի է 1960-ական թվականներից, առաջին անգամ ԱՄՆ-ում է կիրառվել, հետո տարածվել է ամբողջ աշխարհում՝ լատինաամերիկյան երկրներ, Կանադա, Ավստրալիա, Ասիական երկրներ և այլն: Այս ժամանակաշրջանում ցիանիդի օգտագործումը կատարելագործվել է: 2000թ. ստեղծվեց Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը, որին միանալը պարտադիր չէ, կամավոր է, բայց մեր երկու խոշոր բաժնետերերի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի պահանջներից է՝ համապատասխանել այդ կոդեքսին: Դրա պահանջները շատ խիստ են, սահմանվում է, թե ինչ արտադրողից գնել, ինչպես տեղափոխել: Բոլորը, նաև օգտագործողը, պետք է լինեն ինստիտուտի անդամ, որը ռիսկերը հասցնում է գրեթե զրոյի:

Ի դեպ, աշխարհում արտադրվող ցիանիդի միայն 6 տոկոսն է օգտագործվում հանքարդյունաբերության մեջ: Այն կիրառվում է տեքստիլի, պլաստիկի, դեղագործության և այլ ոլորտներում: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես ես կառավարում գործընթացը: Ոսկու կորզումն իրականացվելու է փակ ցիկլով՝ զրո արտահոսք սկզբունքով: Կույտային տարրալվացման գործընթացում շատ նոսր լուծույթ է օգտագործում, իսկ ցիանիդը արևի ճառագայթների տակ հեշտությամբ քայքայվում է՝ վերածվելով ազոտի և ածխածնի, որոնք բնության մեջ առկա տարրեր են:

– Այդուհանդերձ, հնարավոր են ֆորսմաժորային դեպքեր. ի՞նչ է գնահատվել, և ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

– Տարածքի սեյսմաանվտանգությունն է գնահատվել, որին համապատասխան պետք է կառուցվեն ցիանիդի պահեստների շինությունները, կույտային տարրալվացման հարթակը, լուծույթի պատրաստման արտադրամասը, խողովակաշարերը և այլն: Ցիանիդի կառավարման ինստիտուտն ունի սերտիֆիկացված անկախ աուդիտորներ, որոնք անկախ փորձագիտական եզրակացություն կտան՝ արդյոք կիրառումը համապատասխանո՞ւմ է նորմերին, թե ոչ: 1996-1997 թթ. հետո միջազգային չափանիշներով պարտադիր պահանջ մտցվեց, որ կույտային տարրալվացման հարթակներն ունենան եռաշերտ պաշտպանիչ համակարգ. հիմքի վրա կավի շերտն է, որի ջրի թողունակությունը 0 է, երրորդը հատուկ պլաստիկ գեոմեմբրանային շերտն է, և վտանգավոր արտահոսքի հնարավորությունը զրոյական է:

– Երկրաշարժից էլ չի վնասվի՞:

– 2011թ. Վանում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, և ոչ շատ հեռու գտնվող Չոփլար կոչվող հանքավայրում, որտեղ կիրառվում է ոսկու կորզման նույն մեթոդը, մոնիթորինգի ոչ մի հորում ցիանիդի առկայություն չգրանցվեց, այսինքն՝ ոչ մի արտահոսք տեղի չէր ունեցել: Բոլոր հնարավոր ռիսկերը և կանխարգելման համապատասխան միջոցառումները ներառվում են ճարտարագիտական նախագծում:

– Սովորաբար նախագծերը մշակվում են միջազգային չափանիշներին համապատասխան, բայց պրակտիկայում շեղումներն անխուսափելի են: Օրինակ՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը միջազգային մրցույթով հաղթած իսպանական ընկերությունը չէր պահպանում սահմանված պահանջները: Ի՞նչ երաշխիք կա, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործընթացները կգնան այնպես, որ բնությանը ոչ մի վտանգ չհասցվի:

– Եթե շինարարը միջազգային չափանիշներին համապատասխան չկառուցի, աշխատանքը չի ընդունվի: Հակառակ դեպքում հանքի շահագործումը պարզապես չի սկսվի: Շինարարության ընթացքում էլ վերահսկումն ամենօրյա գործընթաց կլինի մեր կողմից, ինչպես նաև ՄՖԿ և ՎԶԵԲ կողմից: Վերջիններս պարբերաբար այցելում են վերահսկողական այցերով: Այս տարի արդեն 2 անգամ երկրաբանահետախուզական աշխատանքների բնապահպանական չափանիշները վերահսկելու համար այցելել են Ամուլսար, կազմել գործողությունների պլան, որը մինչև մյուս այցն իրականացվում է: Հետագայում նման այցերը շատ ավելի հաճախ կլինեն, կայցելեն ոչ միայն բանկի մասնագետները, այլև անկախ աուդիտորներ, որոնց աուդիտի արդյունքներն էլ ցույց կտան կատարվող աշխատանքների որակը:

– Մինչ օրս Հայաստանում հանքարդյունաբերության փորձը բացասական է եղել, և մտավախությունները հիմնավորված են: Հնարավո՞ր է մարդկանց ընկալումը փոխել:

– Ընկալումը շատ հարաբերական է, օրինակ՝ Ֆրանսիայում համայնքներն ուզում են, որ իրենց մոտ ատոմակայան կառուցվի, իսկ Գերմանիայում բոլորը ձգտում են փակել գործող ատոմակայանները: Ամեն ինչ պայմանավորված է փորձով: Մենք մեր ծրագրի ազդակիր համայնքների ղեկավարների համար այց կազմակերպեցինք ԱՄՆ՝ մի քանի նմանատիպ հանքավայրի շահագործում տեսնելու, որովհետև կարևոր է, որ մարդիկ իրենց աչքով տեսնեն և ոչ թե լսեն մեզանից: Այնտեղ հանքից 1.6 կմ հեռավորությամբ գտնվող համայնքում ժողովուրդը գոհ է, իրենց ապրուստի միջոցն է, և շատ հարուստ ու առողջ համայնք էր: Ամուլսարին ամենամոտ համայնքը 5 կմ հեռավորությամբ է: Այսօր Ամուլսարը Հայաստանում միակ հանքավայրն է, որ հայտնաբերվել է ԽՍՀՄ փլուզումից հետո և հնարավորություն ունի դառնալու օրինակելի ծրագիր, քանի որ առաջին օրվանից կառավարվել է միջազգային չափանիշներով: Հուսով եմ՝ սա լավ նախադեպ կլինի:

– Ի՞նչ է մնալու հանքի տեղում շահագործումից հետո:

– Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականին կից փակման ծրագիր է ներկայացվում, բայց շահագործման ընթացքում այն կարող է փոփոխվել: Վերջնական տարբերակը ներկայացվում է շահագործման ավարտից 2 տարի առաջ: Միջազգային ամենատարբեր օրինակներ կան, այդ թվում՝ բիզնես ծրագրեր, օրինակ՝ հանքը դարձել է բուսաբանական այգի, հյուրանոց կամ կարող է դառնալ դահուկային հանգստավայր: Շատ են օրինակները, երբ հանքի փակումը իրականացվել է միջազգային չափանիշներով, և այնտեղ այսօր առավելագույնս վերականգնված լանդշաֆտ է: Ամեն դեպքում, հանքը փակվելու և բերվելու է նորմալ, անվտանգ օգտագործման վիճակի: Մինչև հանքը շահագործվի, ավարտվի, արտերկրի փորձն ավելի կհարստանա, և դրա հիման վրա կմշակենք փակման վերջնական ծրագիրը: Ընդ որում՝ մեր ծրագրով փակման համար մի քանի միլիոն դոլար է հատկացվելու, իսկ աշխատանքները տևելու են 3-4 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս