Պուտինը չշահեց Ադրբեջանում խաղացած խաղը. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինը չհաղթեց Ադրբեջանում խաղացած խաղում: Վլադիմիր Պուտինի ադրբեջանական այցից ակնկալում էին բեկումնային արդյուքներ՝ թեկուզև նրա համար, որ նախագահն իր հետ Ադրբեջան էր բերել 6 առանցքային նախարարի:

Սակայն որևէ հայտարարություն չհնչեց ո՛չ Մաքսային միության մեջ մտնելու Ադրբեջանի հեռանկարների, ո՛չ էլ Ադրբեջանի եվրասիական ինտեգրման մասին: Կողմերը բարդ պայքար են մղում գործնականում բոլոր քննարկվող հարցերի շուրջ: Պուտինն Ադրբեջան էր ժամանել յոթամյա ընդմիջումից հետո:

Նրա պատվիրակության կազմում էին ընդգրկվել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ինչպես նաև Рособоронэкспорт-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, Կասպից ծովի շուրջ բազմակողմ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Իգոր Բրատչիկովը, Роснефт ընկերության ղեկավար Իգոր Սեչինը և Лукойл ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովը:

Այս տպավորիչ կազմը լուրջ քննարկումների ու արդյունքների տեղիք էր տալիս: Սակայն մամլո ասուլիսի ժամանակ երկու երկրների նախագահների լարված դեմքերն ի ցույց դրեցին, որ չի ստացվել կառուցողական երկխոսություն: Ստորագրված միակ պայմանագիրը համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ Роснефть-ի ու SOCAR-ի միջև կնքված պայմանագիրն էր:

Սակայն անգամ այս հարցում բարդ կլինի պայմանավորվելը: Ադրբեջանում գերիշխում են արևմտյան նավթային ընկերությունները՝ BP, Statoil և Exxon Mobil: Ադրբեջանը մրցակցություն է ծավալում ռուսական գազային ընկերություններին Եվրոպայում և չի ցանկանում իր նավթն ու գազն ուղղել ռուսական խողովակաշարեր: Ադրբեջանը համաձայնվել է իր գազի մեծ մասը 2019 թվականից ուղղել «Անդրադրիատիկ» նոր գազատար (TAP):

Բացի այդ, Բաքուն փորձեր է ձեռնարկում ռազմական դաշնակցություն ստեղծել Անկարայի ու Թբիլիսիի հետ: Պուտինի ադրբեջանական այցից հետո մնացին ավելի շատ հարցեր, քան՝ ստացվեցին պատասխաններ: Դրանցից գլխավորն այն է, թե ում գործընկերն է Ադրբեջանը՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի:

Տեսանյութեր

Լրահոս