Դավութօղլուի կոորդինացմամբ Սիրիայի ապստամբների համար վարձկաններ են հավաքագրվում Ալբանիայում. Fars

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական IHH իրավապաշտպան ու մարդասիրական օգնության կազմակերպությունը հավաքագրել է հարյուրավոր ալբանացիների՝ Սիրիայի հակամարտությանը մասնակցելու համար:

Այս մասին գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը, ով չի ցանկացել հայտնել իր անունը. «IHH-ը, որը գործում է բարեգործական գործունեության շղարշի ներքո և աշխատում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և սաուդյան վահաբական խմբավորումների հետ լիովին կոորդինացմամբ, հավաքագրել և Սիրիա է ուղարկել 769 ալբանացու՝ համալրելու համար Սիրիական ազատ բանակի (FSA) շարքերը»:

Աղբյուրը, ով Սիրիայում երկշաբաթյա մարտերից հետո լքել է ծրագիրը, հայտնել է, որ IHH-ի հավաքագրած վարձկանները Թուրքիան են ուղարկվել Տիրանայից և ռազմական պատրաստություն են անցել Սիրիային սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող Ռեյհանլը ռազմաբազայում՝ ԱՄՆ պաշտոնաթող սպաների գլխավորությամբ:

Աղբյուրը հավելել է, որ վարձկանների վերջին խումբը՝ բաղկացած Ալբանիայի 90 քաղաքացուց, Տիրանայից Ստամբուլ է հասցվել 2013 թվականի հունիսի 30-ին՝ Turkish Airlines ավիաընկերության թիվ 1078 չվերթով: Աղբյուրի խոսքերով՝ այդ ալբանացիների մեծ մասը՝ մոտ 450 մարդ, մի քանի շաբաթ անց լքել են FSA-ն և համալրել են «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումների շարքերը:

Դա, մասնավորապես, վերաբերում է «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը, քանի որ վերջինս ավելի լավ է մատակարարվում և ավելի լավ է կազմակերպված, և ըստ էության գլխավորում է ապստամբությունը Սիրիայում: Աղբյուրը պնդում է, որ Ալբանիա է վերադարձել այն բանից հետո, ինչ ականատես է եղել Սիրիայում ծայրահեղական խմբավորումների կողմից քաղաքացիական անձանց հանդեպ գործած ռազմական հանցանքներին:

Տեսանյութեր

Լրահոս