Բաժիններ՝

Թուրքիայում տեղի է ունեցել Մուրադ Նազարյանի գործով երկրորդ դատալսումը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ երեկ տեղի է ունեցել նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայուհուիների վրա հարձակումներ կատարելու մեղադրանքով կալանքի տակ առնված Մուրադ Նազարյանի գործով երկրորդ դատալսումը:

Դատական առաջին նիստի ժամանակ Նազարյանը լռել էր՝ կապված փաստաբան չունենալու հետ: Այս անգամ նա խոսել է՝ շարունակ ընդգծելով, որ ինքը չի հիշում այդ ամենը, չի գործել սպանություն: Նա հավելել է, որ սրանից առաջ հոգեբանական ճնշման տակ է ոստիկանատանը հայտարարել, որ միգուցե ինքն է կատարել սպանություն:

Դատական նիստում որոշվել է ընդլայնել հետաքննությունը և հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Դա նշանակում է, որ մյուս նիստի ժամանակ ամբաստանյալի հետ առերեսվելու են տուժող կողմի ներկայացուցիչները:

38-ամյա Նազարյանին կասկածում են հայկական ծագում ունեցող, 85-մյա Մարիսա Քյուչուքի, 87-ամյա T.A.-ի և 83-ամյա S.A.-ի վրա հարձակումներ գործելու մեջ: Մեղադրող կողմը դրա համար պահանջել է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում: Հետաքննության տվյալներով՝ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին Մարիսա Քյուչուքը գնացել է խանութ, ապա տուն վերադառնալուց հետո հայտնաբերել է, որ տանն օտար տղամարդ կա:

Նազարյանը հարձակվել է նրա վրա՝ հասցնելով ընդհանուր առմամբ դանակի 12 հարված և կտրելով կոկորդը: Բացի այդ, նա կոտրել է տարեց կնոջ դեմքի ոսկորները: Նազարյանի համար առավելագույն պատիժ պահանջելը պայմանավորված է նրա կողմից առանձնահատուկ դաժանությամբ կատարված սպանությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս