Սիրիան համաձայնվել է քիմիական զենքի կիրառման ստուգումների վերաբերյալ ՄԱԿ-ի պայմաններին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունը համաձայնվել է քիմիական զենքի վերաբերյալ միջազգային տեսչություն իրականացնելու պայմանների հետ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի երեկ տարածած հայտարարությունում:
Նեսիրկիի խոսքերով՝ տեսուչների խումբը Սիրիա կուղևորվի մոտ ժամանակներս: Նա հավելել է, որ փորձագետների խումբը Սիրիայում է գտնվելու մինչև 14 օր, ինչը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնության դեպքում:
Փորձագետները ստուգումներ են անցկացնելու երեք տարբեր վայրում՝ թեև Սիրիայի կառավարությունն ահազանգել էր միայն այս տարվա մարտի 19-ին Հալեպի նահանգում ապստամբների կողմից քիմիական զենքի (զարին գազ) կիրառման մասին: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ը ստացել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին 13 հաղորդագրություն: