Բաժիններ՝

Հայ մաթեմատիկոսը, ով լուծել է աշխարհի 7 բարդագույն խնդիրներից մեկը

Կառլեն Ղարիբյանը մասնագիտությամբ ծրագրավորող-մաթեմատիկոս է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1994-1996 թվականներին սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Արտադրական ինժեներություն (Industrial Engineering) ֆակուլտետում: Կ. Ղարիբյանը նշում է, որ հատուկ է որոշել սովորել Հայաստանի Ամերիկյան համալսարանի այդ ֆակուլտետում՝ իրեն հետաքրքրող խնդրի առաջընթացն ապահովելու համար, քանի որ 1988 թվականին ծանոթացել է խնդրի հետ, իսկ 1995 թվականին արդեն պրակտիկ արդյունքներ է ստացել, և, ինչպես ինքն է նշում՝ 100%-ով լուծել է աշխարհի 7 բարդագույն խնդիրներից մեկը՝ արդյո՞ք P=NP: Խնդրի լուծումը, ըստ գիտնականի, արժանվույն գնահատական ստանալու դեպքում կարող է հանգեցնել մի շարք այլ խնդիրների լուծմանը` առողջապահության, մասնավորապես՝ քաղցկեղի բուժման գործընթացում դրական տեղաշարժերի, համակարգչային բնագավառում`ինտերնետի զարգացման, բանկային համակարգում՝ փոփոխությունների, և այլն:

– Արդեն տևական ժամանակ է՝ Դուք լուծել եք P=NP խնդիրը, ինչո՞ւ այն այդպես էլ կիրառություն չի գտնում բիզնես միջավայրում:

–  Լինելով գիտնական՝ ես բավական հեռու էի բիզնես միջավայրից, սակայն երկար ժամանակ փորձում էի այս խնդրի արդյունքները ներդնել բիզնես ասպարեզում: Ցավոք սրտի, սակայն, ամբողջ աշխարհում բոլոր գիտնականները, ովքեր իրենց համարում են այդ բնագավառում ռահվիրաներ, գտնում են, որ այդ խնդիրը հնարավոր չի լուծել: Ի տարբերություն նրանց, ես այդպես չեմ գտնում, և ոչ միայն չեմ գտնում, այլև ես այդ խնդիրն արդեն լուծել եմ, կոնկրետ դրա ծրագրերն էլ կան,  որոնք թույլ են տալիս այդ խնդրի լուծումն ակնհայտորեն ցույց տալ կամայական մարդու՝ դպրոցների դասացուցակների օրինակով: 1995 թվականից մի քանի տարի պայքարել եմ, շնորհանդեսներ եմ ներկայացրել աշխարհի տարբեր կետերում՝ խնդրի արդյունքները բիզնեսի ասպարեզում ներդնելու համար: Ունեմ այդ ամենի սերտիֆիկատները: Ամենուրեք շնորհանդեսները լուրջ հետաքրքրություն են առաջացրել գործարարների մոտ, սակայն հենց այդ գործարարները սկսում են շփվել արդեն գիտնականների հետ, որոնք ունեն կարծրատիպային մտածելակերպ, ովքեր ասում են, որ խնդրի իմ լուծումը կասկածելի է, այդ ամենը մի տեսակ ասես փակուղում է հայտնվում:

Այդպիսով, ի վերջո, 2005 թվականին ես և եղբայրս՝ Կարեն Ղարիբյանը, հիմնեցինք մեր ընկերությունը՝ հատուկ այդ աշխատանքը գործնականում ներդնելու համար: Spirit of Soft LLC կոչվող իմ ընկերությունը զբաղվում է առաջավոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ինչպես նաև՝ առաջավոր գիտահետազոտական աշխատանքներով: Իմ լուծած համաշխարհային խնդրի ներդրումը հսկայածավալ ծրագիր է, դրա վերաբերյալ անգամ բիզնես պլան ունեմ: Այն նախ պետք է առաջին փուլում ներդրվի Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և Հայաստանում՝ դպրոցների, համալսարանների համար ամբողջությամբ ավտոմատացված դասացուցակներ կազմելու նպատակով, իսկ այնուհետև այդ աշխատանքները պետք է ընդլայնվեին: Այժմ այդ բոլոր բիզնես պլանները պատրաստ են, բայց դա իմ ներքին խոհանոցն է, դա կապ չունի այլոց հետ: Աշնանը`հոկտեմբեր-նոյեմբերին, արդեն կայքը պետք է գործի: Այդպիսով, ես, բիզնեսից առանձնապես հեռու լինելով, որոշեցի ինքս զբաղվել այդ հարցերով, քանի որ իմ ողջ կյանքը նվիրել եմ դրան: 2005 թվականին Spirit of Soft LLC ընկերությունը ստեղծելուց հետո սկսեցի տարբեր սեմինարներ և հանդիպումներ կազմակերպել այդ ամենի վերաբերյալ:

Կարդացեք նաև

– Ձեր աշխատանքը որևէ գիտական հիմնավորում ունի՞, որևէ գիտական հոդված տպագրե՞լ եք դրա վերաբերյալ:

– Այո, երբ հասկացա, թե որքան դժվար է դրա՝ կիրառություն գտնելը, որոշեցի դրա տեսական արդյունքները հրապարակել գիտական հոդվածի տեսքով: Եվ  2006 թվականին այդ համաշխարհային խնդրի լուծման վերաբերյալ գիտական հոդված տպագրեցի Arxiv.org գիտական ամսագրում, որտեղ իր առաջին հոդվածն է տեղադրել նաև Պերելմանը, ով լուծել է աշխարհի 7 բարդագույն խնդիրներից մեկը: Կրկին  համաշխարհային էլիտայի պատճառով այդ մարդը մի քանի  տարի տառապում էր, որ այդ արդյունքը ցույց տար ամբողջ աշխարհին: Կարծես թե այդ նույն բախտին արժանանում է նաև իմ աշխատանքը: Arxiv.org-ում տպագրվելուց հետո եղան մեկ-երկու կցկտուր արձագանքներ: Սակայն հարցն այն է, որ այս աշխատանքին պետք է բանական գնահատական տալ, ոչ թե կենցաղային մակարդակի խոսակցություններ ծավալել, սակայն այս դեպքում դրանք տվյալ կարգի էին:

Այդ ամենից հետո, 2007 թվականին հուլիսի 4-7-ն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցավ ArmTech Congress’07-ը` Տեխնոլոգիաների հայկական առաջին համաժողովը, որն ինձ համար շատ լավ հնարավորություն էր, քանի որ իմ հոդվածը, կրկին՝ առանց հասկանալու, սակայն, որպես շատ հետաքրքիր աշխատություն՝ կարող էին ընդունել այդ համաժողովի հրատարակության (գրքի) մեջ տպագրվելու: Հենց այդպես էլ եղավ, և ես անգամ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ այդտեղ և ներկայացնել այդ աշխատանքները:

Իմիջայլոց, ես իմ աշխատությունը Does P=NP?  ներկայացրել եմ տարբեր համաշխարհային ամսագրերի, այդ թվում՝ Springer հրատարակչության Journal of Scheduling ամսագրին, ինչպես նաև՝ համաշխարհային STACS կոնֆերանսին. օրինակ STACS կոնֆերանսի գրախոսները (reviewer-ները) իրար հակասող գնահատականներ են տվել, սակայն միաժամանակ նույն կոնֆերանսի կազմկոմիտեն, որը որոշում էր նաև իմ գիտական աշխատանքի՝ կոնֆերանսին մասնակցության հարցը, հստակ դիրքորոշում է արտահայտել. «Մենք reviewer-ների գնահատականների հետ համաձայն չենք»:  Այսինքն` կազմկոմիտեի անդամները զգացել են, որ իմ ներկայացրած աշխատանքը լուրջ գիտական աշխատանք է, իսկ գրախոսողների գնահատականն անհիմն է:

Այսինքն` որևէ գիտական փաստարկ կամ հիմնավորում չկա, պարզապես հոդվածը գրախոսելիս գրում են, որ այդ ամենը հնարավոր չ,է կամ չեն հավատում: Փոխարենը՝ նրանք պարտավոր են ցույց տալ, թե հոդվածում ներկայացված ապացույցներում կոնկրետ ինչ տեսական սխալներ կան, եթե, իհարկե, կան այդպիսիք, կամ էլ պետք է բերեն խնդրի մեկ կոնկրետ օրինակ, որը հերքում է այդ տեսությունը: Այս տարիների ընթացքում առ այսօր ես հոդվածի ճշմարտացիության հերքման վերաբերյալ որևէ կոնկրետ գիտական հիմնավորում չեմ ստացել:

– Այսինքն` ի՞նչ է կատարվում, չկա՞ մեկը, ով կհասկանա և կընդունի Ձեր աշխատանքը:

– Տեսեք՝ ինչ է կատարվում հիմա: Ամբողջ աշխարհում կան փորձագետներ, նրանք գիտակ են արդեն գոյություն ունեցող գիտելիքների ասպարեզում, իսկ իմ լուծումը break through (осуществлять прорыв) է կոչվում, սա նշանակում է՝ բեկում, այսինքն` նոր խոսք: Նոր խոսքը փորձագետը չի կարող կամ շատ մեծ դժվարությամբ կարող է հասկանալ: Իսկ եթե անգամ նա չի կարող դա գնահատել, ապա ինքը լռում է դրա մասին, քանի որ իր ամեն մի անհիմն գնահատականն առաջին հերթին հենց իր համար կարող է կործանարար լինել: Եվ սա է հիմնական պատճառը, որ հոդվածն արդեն երկար ժամանակ սպասում է իր գնահատականին, որը դեռ չկա: Սա լուրջ գիտական աշխատություն է, ամեն մի ժամը նշանակություն ունի, և շուտով այն կստանա իր արժանի գնահատականը: Սա մարդկության համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիր է, որովհետև այն կապված է ժամանակի այնպիսի խնդիրների հետ, որոնք առնչվում են մարդու գործունեության գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում՝ քաղցկեղի բուժման խնդրի հետ, բժշկական ասպարեզներում հսկայական նորամուծությունների և բարելավումների հետ:

– Այսինքն` ստացվում է, որ համաձա՞յն չեն  աշխատության բովանդակությանը:

– Ոչ, պարզապես նույնիսկ պարկեշտություն չունեն ասելու, որ այդ խնդիրն իրենց խելքի բանը չի, կամ, որ հրաժարվում են այն գրախոսել: Այդ ամենից հետո, ես, անկեղծ ասած, արդեն հասկացա, որ խնդրի այն լուծման ձևը, որ տրված է, գուցե իսկապես բարդ է այսօրվա փորձագետների համար: Ես հիմա որոշել եմ մոտակա 2 ամսում տպագրել հոդվածի ավելի հեշտ տարբերակը: Այն լուծումը, որ գրել էի, ավելի շուտ նախատեսված էր սուպերպրոֆեսիոնալների համար, իսկ այս կոնտեքստը յուրաքանչյուր սովորական ծրագրավորող կարող է օգտագործել: Ամբողջ խնդիրը դրանում է:

– Ի՞նչն եք համարում ամենակարևորը ներկայումս:

– Ամենակարևորը ներկայումս այն է, որ այս խնդրի լուծումը դառնա համայն մարդկության սեփականությունը: Չկա մարդկային գործունեության բնագավառ, որ այն պիտանի չլինի: Այն պետք է կիրառվի բժշկության մեջ, օրինակ` շաքարի և քաղցկեղի բուժման ժամանակ: Այն կարող է օգտագործվել ինքնաթիռների, գնացքների կամ այլ տրանսպորտային միջոցների չվացուցակներից մարդկային գործոնի վերացմանը կամ դրանց երթուղիների, չվերթերի կառավարմանը մի կենտրոնից,  որի շնորհիվ հնարավոր կլինի դրանք դարձնել ավելի անվտանգ և միաժամանակ տնտեսել անիմաստ վատնվող գումարներ։

– Նշեցիք՝ բժշկության մեջ` քաղցկեղի բուժման ժամանակ խնդրի լուծումը կարող է դրական ազդեցություն ունենալ, կմանրամասնե՞ք մի փոքր: Բժշկության մեջ այն ինչպե՞ս կարող է կիրառություն գտնել:

– Գոյություն ունի գենային ինժեներիա, որը որոշակի հատկանիշներ ուսումնասիրելով՝ ուզում է այդ հատկանիշները ներդնել որոշակի մոլեկուլների կամ, ասենք, մարդու ԴՆԹ-ի մեջ: Նպատակն այն է, որ մարդու օրգանիզմը հատուկ ռեակցիաներ է ստեղծում որոշակի պայմաններում կամ հիվանդությունների նկատմամբ: Այդպիսի մի ԴՆԹ-ի մոդելն այսօրվա համակարգիչների օգնությամբ կառուցելու համար մի քանի միլիարդ տարի է պետք: Այս խնդրի լուծումը թույլ է տալիս այդ հատկանիշի ակնթարթային մոդելավորումը: Նույնը վերաբերում է նաև սպիտակուցներին:

Բժշկության մեջ գոյություն ունի այդպիսի ուղղություն, որ հատուկ կառուցված սպիտակուցների օգնությամբ կարող է բուժվել շաքարային դիաբետը: Սակայն այստեղ կրկին կարևոր է նշել, որ այդպիսի մոլեկուլների կառուցվածքը մոդելավորելու համար կրկին միլիոնավոր տարիներ են պետք: Մինդեռ Does P=NP?  խնդրի լուծումը թույլ է տալիս դրանք իրագործել վայրկյանների ընթացքում: Եթե ավելի մատչելի ասելու լինեմ՝ P-ն տվյալ դեպքում այն մաթեմատիկական խնդիրներն են, որոնք արագ են լուծվում, իսկ NP-ն այն մաթեմատիկական խնդիրներն են, որոնք, դեռևս և ցավոք սրտի, համարվում է, որ հնարավոր չէ արագ լուծել: Ես ապացուցել եմ, որ NP խնդիրները նույնպես կարելի է լուծել կարճ ժամանակահատվածում:

Ես իմ աշխատանքը ներկայացրել եմ համաշխարհային գիտական հանրությանը, որպեսզի գնահատեն այն, սակայն նրանք, փաստորեն, ի վիճակի չեն հերքելու դրա իրական լինելը կամ հակառակը՝ հաստատելու: Որևէ պաշտոնական հերքում կամ բացասական գնահատական չկա, իսկ ես համոզված եմ, որ խնդիրը լուծված է և ԱՊՐՈՒՄ Է իր կյանքով: Այս ամենից հետո ես թևաթափ չեմ եղել: Այդ ամենը նույնն է, ոնց որ դե ֆակտո, օրինակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի, հիմա դե յուրե ուզո՞ւմ եք՝ ընդունեք այն, ուզո՞ւմ եք՝ մի ընդունեք, այն իր կյանքով ապրում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս