Ինչո՞ւ ես ճամարտակում, եթե ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չկա, ուրեմն որոշում կայացրու և փակիր այդ բազան

Որտե՞ղ է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան։ Հայաստանի ինքնիշխան տարածքում է, չէ՞։ Այո՛։ Այն ռուսական զինված ուժերի ռազմաբազա է, որը գտնվում է Հայաստանում՝ երկու պետությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա։ Դրա դուրսբերման նախաձեռնությունը կարող է լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի կողմից։ Հարց՝ ո՞վ է իրավասու դադարեցնել ռազմաբազայի տեղակայման իրավական հիմքը, և ո՞վ է իրականացնում ռազմաբազայի փաստացի դուրսբերումը։

1995թ. Հայաստանը և Ռուսաստանը կնքել են ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիր։ 2010թ. օգոստոսին ստորագրված արձանագրությամբ դրա ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։ Համաձայնագրի 27-րդ հոդվածի համաձայն՝ կողմերից որևէ մեկի՝ պայմանագիրը դադարեցնելու մտադրության դեպքում ռազմաբազայի լուծարման հարցերը կարգավորվում են համատեղ հանձնաժողովի միջոցով։ Դուրսբերման ժամկետը պետք է համաձայնեցվի կողմերի միջև։

Այսինքն՝ Հայաստանը կարող է պահանջել դուրսբերումը, կարող է հանդես գալ պայմանագիրը դադարեցնելու նախաձեռնությամբ և պահանջել ռազմաբազայի դուրսբերումը, բայց դա չի նշանակում, որ կարող է պարզապես միակողմանի հրամանով ֆիզիկապես դուրս հանել ռուս զինվորականներին՝ առանց պայմանագրային ընթացակարգի։ Նույն կերպ Ռուսաստանն էլ կարող է հայտարարել, որ ցանկանում է դադարեցնել ռազմաբազայի տեղակայումը, և նախաձեռնել դրա լուծարումն ու դուրսբերումը։

Եթե Հայաստանը նախաձեռնում է դուրսբերումը, դա Հայաստանի քաղաքական որոշումն է, որի իրականացման համար անհրաժեշտ է պայմանագրային գործընթաց։ Իսկ եթե Ռուսաստանն է որոշում հեռանալ, ապա ռազմաբազայի զինվորականների, սպառազինության և տեխնիկայի դուրսբերումն իրականացնում է Ռուսաստանը՝ համաձայնեցված ընթացակարգով։

Կարդացեք նաև

Այսպիսով, ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու համար պարտադիր չէ, որ նախաձեռնությունը Ռուսաստանից գա։ Հայաստանը նույնպես կարող է դա նախաձեռնել։ Այսինքն՝ երկար-բարակ հայտարարությունների փոխարեն Փաշինյանը կարող է հենց ինքը նախաձեռնել ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, բայց առայժմ նման նախաձեռնություն չի արել։

Պուտինի հետ հանդիպումից հետո՝ այս սեպտեմբերին, նա ինքն է հստակ հայտարարել, որ Հայաստանը երբեք Ռուսաստանին չի դիմել ռազմաբազան դուրս բերելու հարցով, բայց եթե Ռուսաստանը որոշի հեռանալ, ինքը դեմ չի լինի։

Հետևաբար, ինչո՞ւ նա պաշտոնապես չի պահանջում ռազմաբազայի դուրսբերումը։ Վախենո՞ւմ է։ Այո: Բայց վախենում է ոչ թե Հայաստանի համար հնարավոր արտաքին քաղաքական և անվտանգության հետևանքներից, այլ սեփական իշխանությունը կորցնելուց։ Սպասում է, որ Ռուսաստանն ինքն առաջարկի հեռանալ, և այդ դեպքում նա դա կներկայացնի որպես Մոսկվայի որոշում։

Ի դեպ, եթե օգոստոսին Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Պուտինի առաջարկին, հայտարարում էր, որ ներկա փուլում Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրություն կատարելու հարցով հանրաքվե անցկացնելն անհնար է և անիրատեսական, ապա դեկտեմբերի 3-ին Մոսկվա գնալուց առաջ, ԵՄ-ԵԱՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին Պուտինի առաջարկին, այսօր, ըստ էության, ասաց՝ այո՛, ժողովուրդը պետք է որոշում կայացնի. Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության հարցում վերջնական որոշումը պետք է կայացնի Հայաստանի հանրությունը՝ հանրաքվեի միջոցով: «Էդ հանրաքվեն ինչ-որ պահի տեղի է ունենալու»,-այսօր հայտարարել է նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30