Տիգրան Միքայելյանը՝ ազատամարտիկը, որի անունով կոչվեց Տիգրանաշենը
1920 թվականին, երբ կազմավորվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Տիգրանաշենը գտնվում էր Խորհրդային Հայաստանի կազմում: Դա ապացուցում են այդ շրջանի քարտեզները: 1926, 1933 թվականի քարտեզները ևս փաստում են, որ Տիգրանաշենը եղել է Խորհրդային Հայաստանի կազմում:

Ավելի ուշ շրջանում՝ 1940-ական թվականներին, Տիգրանաշենն արդեն կամայականությամբ անջատվել և միացվել է Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը: Կան մի շարք հուշեր և փաստեր այն մասին, որ 1940-ական թվականներից հետո ադրբեջանցիներն իրենց բնորոշ վարքագծով բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծել հայերի համար՝ Երևան-Սյունիք ավտոմայրուղով անցնելիս: Արցախյան պատերազմի առաջին շրջանում՝ 1990 թվականի հունվարին, մեր աշխարհազորայինների, կամավորների ջանքերով խորհրդային շրջանում Նախիջևանի կազմ մտցված Տիգրանաշենն ազատագրվեց:

Հետագայում Տիգրանաշենում ևս պարբերաբար շարունակվել ու ընթացել են մարտական գործողությունները, և հայկական Տիգրանաշենի վերջնական ազատագրումը տեղի ունեցավ 1992 թվականի մայիսին:
Տիգրանաշենը թե՛ խորհրդային ժամանակաշրջանում, թե՛ հիմա ռազմավարական մեծ կարևորություն ունի Հայաստանի համար: Այն գտնվում է Սյունիք գնացող միակ և գլխավոր ճանապարհի մոտակայքում, ապահովում է ճանապարհի անխափան ընթացքը, ինչպես նաև բնակավայրի հարևանությամբ գտնվող բարձունքները ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ հնարավոր պատերազմական իրավիճակում:
1990 թվականի հունվարին Տիգրանաշենի գործողությունից և տարածքի ազատագրումից հետո Տիգրանաշեն անունը դրվել է հենց գործողության մասնակից և գործողության արդյունքում զոհված ազատամարտիկ Տիգրան Միքայելյանի պատվին: Նա ծնվել է 1957 թվականին Արարատի շրջանի Ավշար գյուղում:

Մասնագիտությամբ գյուղատնտես էր, ապրում էր ծնողների, կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ: Մասնակցել է Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերի և Կոռնիձորի մարտական գործողություններին: Տիգրան Միքայելյանը զոհվեց 1990 թվականի հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը՝ Տիգրանաշենի գործողության ժամանակ: Տիգրան Միքայելյանի զոհվելուց տարիներ անց նրա այրին հուշեր պատմեց իր ամուսնու, նրա անցած մարտական ուղու և մարտական վերջին գործողությանը մեկնելու օրվա մասին.
«Վարձով էինք ապրում: Նոր էինք վարկ վերցրել, որ տուն կառուցենք: Ոգևորված էինք, սպասումներով լի: Մի օր էլ հայտարարեց, որ ֆիդայի է գրվել, պարբերաբար երկար ժամանակ բացակայելու է: Ո՞ւր, բա տո՞ւնը, բա… «Առայժմ առանց դրա էլ կարող ենք յոլա գնալ»: Ավելորդ էր նրան հակառակն ապացուցելու որևէ փորձ անել: Գնալով նրան ավելի հազվադեպ էինք տեսնում:

Հպարտ էր, որ ֆիդայի է: Մենք նույնպես ներքուստ հպարտ, բայց անհանգիստ, առիթը բաց չէինք թողնում խնդրելու, որ խնայի գոնե իրեն, մեր երեք անչափահասներին: Եվ ինձ… Երկրաշարժից հետո այլևս չսափրվեց: Իսկ տարելիցին ուխտեց սափրվել միայն վերջնական հաղթանակից հետո:
Անսահման լավատես էր վաղվա օրվա հանդեպ: Վերջին անգամ գնալուց առաջ զգուշացրեց, որ գնալու են ավելի խորքերը, որ կարող է չգալ… համենայն դեպս՝ շուտ: Մոտակա գյուղն էր պետք վերջնականապես ազատագրել: Ի՞նչ իմանար, որ այն շուտով իր անունով է կոչվելու… Դուռը դեռ չէր փակել, ետևից մեր փոքրը կանչեց ու աչքերը զարմացած ճպճպացնելով հարցրեց. «Բա որ չգաս, պատուհանի գոգին չորանալու փռած սիգարետներն ով է ծխելու»:

Տիգրանը դռների արանքում մի պահ սառեց, աչքերը լցվեցին, ոչինչ չպատասխանեց և արագ դուրս եկավ: Երկար լռություն էր, սեղանին թափված նրա գրպանի պարունակությունը, որն այս անգամ գնալուց առաջ մեկ էլ որոշեց դատարկել և հանձնել դստերը՝ մեր առաջնեկին: Մի քանի ռուբլի և երկու վիճակախաղի տոմս… Պատվիրեց, որ պահենք, ինքը կգա՝ միասին կստուգենք: Չեկավ…

Եղբայրները` Անդրանիկն ու Արմենը, երդվեցին սրբությամբ շարունակել նրա կիսատ թողած գործը: Հուղարկավորության հաջորդ օրն իսկ նրանք արդեն դիրքերում էին: Դրությունն այդպես էր պահանջում: Ավելի ուշ պատահաբար ձեռքս ընկան Տիգրանի թողած վիճակախաղի տոմսերը: Երկար ժամանակ չէի համարձակվում ստուգել, իսկ եթե փուչ դուրս գան… Իսկ եթե որևէ բան չշահեն… Չգիտեի ինչպես վարվել: Գուցե ընդհանրապես չստուգելն էր ճիշտ: Գուցե։ Ինչևիցե, ստուգեցի՝ յուրաքանչյուրը մեկական ռուբլի շահեց… Մեկական ռուբլի…: Այրի՝ Տիգրան Մելիքյանի»: (Արշակյան Ա., «Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն», Երևան, 1993, էջ 78-79):
Տիգրանաշենի ազատագրումից և Տիգրան Միքայելյանի զոհվելուց 36 տարի անց Հայաստանում՝ Երևանի կենտրոնում, հայտնվեցին մարդիկ՝ «հայեր», ովքեր պնդեցին, որ Տիգրանաշենը հայկական չէ, և այն պետք է խաղաղ ճանապարհով վերադարձնել թշնամուն: Այն նույն թշնամուն, ում դեմ պայքարում, հենց Տիգրանաշենում զոհվեց Տիգրան Միքայելյանը: Եվ գտնվեցին նաև մարդիկ, ովքեր այդ հայտարարությունն անվանեցին ճիշտ, տրամաբանական և «խաղաղության դարաշրջանին» համահունչ:
Զ. Շուշեցի

