Նորավանքի գաղտնիքները. նախանձի՞ց սպանեցին Մոմիկին, թե՞ պատճառը սերն էր, ի՞նչ են հուշում ծածկագրերը

Հայագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանի հետ 168TV«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում բացահայտել ենք Նորավանքի գաղտնիքները։

Գիտական աշխատանքը սկսել եք Արուճի հուշարձաններն ուսումնասիրելով։ Իսկ ե՞րբ Ձեր ուշադրությունը գրավեց Նորավանքը։

– Կարծում եմ՝ Նորավանքը բոլորի ուշադրությունը գրավող վայր է։ Զբաղվել եմ ոչ միայն Արուճով, այլև Անիի պատմությամբ։ Աշխատություններիս մեծ մասը նվիրված են Անիին, նրա մշակութային ժառանգությանը։ Բայց այնպես ստացվեց, որ 1980-ականներից իմ կենսագրությունն ինչ-որ չափով կապվեց Նորավանքի և Մոմիկի հետ։ 1991թ․ ստեղծվեց մի հասարակական կազմակերպություն, որը կոչվում էր «Հայ քրիստոնեական մշակույթի Մոմիկ երիտասարդական միություն»։

Միության հիմնադիր Աբրահամ վարդապետի հետ միասին երիտասարդներ էինք, ու սա առիթ դարձավ, որ ես խորանամ Մոմիկի ստեղծագործության մեջ։ Համատեղ կազմակերպեցինք Նորավանքի վերաօծման հանդիսությունների մի մասը, և 1999թ․ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը եկավ, մասնակցեց։ Իմ կապը Վայոց ձորի հետ տեղի է ունեցել այդ ճանապարհով և դրանից հետո, որպես հայագետ, արվեստի պատմությամբ զբաղվող մարդ, ավելի խորացված անդրադարձա Մոմիկին, Նորավանքի պատմական, մշակութային ժառանգությանը։ Վայոց ձորը գերեց ինձ, քանի որ հարուստ է հուշարձաններով, որոնք շատ առումներով բացառիկ են։

Կարդացեք նաև

Կա Նորավանք անունով երեք եկեղեցի։

– Այո, Սյունիքում կա երեք Նորավանք. դրանցից մեկը Բղենո Նորավանքն է՝ Ծղուկ գավառում, Տաթևի վանքի մոտ, որը նշանավոր վանք է։ Այնտեղ 989թ․ ստեղծվել է Էջմիածնի թվակիր, նկարազարդ Ավետարանը, որի մեջ պահպանվել են 6-րդ դարի հնության մանրանկարչական թերթեր։ Այդ Նորավանքների մասին հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը, ով եղել է Սյունիքի մետրոպոլիտը, կարելի է ասել՝ եպիսկոպոսների գլուխը։ Նա նաև պատմիչ էր, գրել է Սյունյաց տան պատմությունը և Վայոց ձորում հիշատակում է երկու Նորավանք։

Մեկը եպիսկոպոսանիստ Նորավանքն է, որի մասին բոլորս գիտենք, մյուսը տարբեր ձեռագրերում կոչվում է Վերին Նորավանք, որովհետև ավելի բարձրադիր վայրում էր գտնվում, և դրա տեղն անհայտ էր համարվում, սակայն վերջին տարիների ուսումնասիրությունները թույլ տվեցին դա տեղորոշել։ Պարզվեց, որ դա բոլորին հայտնի Շատիկ վանքն է, որը միջնադարում Վերին Նորավանք է կոչվել։

Եթե խոսենք նորավանք բառի մասին, ապա այն նշանակում է նոր վանք։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է այդպես ասեին, չէ՞ որ ամեն կառուցվող նոր վանք էլ նոր վանք է։ Ընդհանրապես Սյունիքում եղել են հին վանքեր, և 10-րդ դարում երբ կառուցել են նոր վանքեր՝ ասել են Նորավանք։ Անունն այդպես է առաջացել։ Եպիսկոպոսանիստ Նորավանքն ավելի ուշ շրջանում՝ 18-19-րդ դարերում, կոչվել է նաև Կարմիր վանք։ Ովքեր Նորավանք գնացել են՝ գիտեն, որ շրջապատող լեռներն ամբողջությամբ կարմիր են, դրա համար ժողովուրդն ասել է՝ Կարմիր վանք։

Սկզբում հնագույն մատուռ է եղել, հետո Սյունիքի իշխանները ծաղկեցրել են այդ կենտրոնը։ Նորավանքը եղել է Օրբելյան իշխանական տան դամբարանավայրը։

Մոմիկն ինչպե՞ս դարձավ Նորավանքի ճարտարապետը։

– Այս հարցի պատասխանը գտնում ենք երկու աղբյուրում։ Առաջինը մի ձեռագիր է, որը գրվել է Գլաձորի համալսարանում։ Ձեռագիրը ստեղծվել է 1281-1282թթ․, հիմա պահվում է Վիեննայում։ Ձեռագրի մեջ խորան կա և այնտեղ գրված է, որ հիշեն խորանի նկարիչ Մոմիկին։ Մենք իմանում ենք, որ նա Գլաձոր համալսարանի ուսանող էր։ Եվ Ստեփանոս Օրբելյանը գրում է իր պատմության մեջ, որ կրթություն է ստացել աստվածային կրթարանում, վարդապետական աստիճան է ստացել Ներսես Մշեցուց։ Իսկ Ներսես Մշեցին այն մարդն էր, որը Մշո Առաքելոց վանքից եկավ Վայոց ձոր և հիմնեց Գլաձորի համալսարանը, և դա տեղի է ունեցել 1282թ․, իսկ Ներսես Մշեցին մահացել է 1284թ․։

Այսինքն, երկու տարի է ապրել Վայոց ձորում։ Եվ այդ ձեռագրի հիշատակարանը ցույց է տալիս, որ այդ ժամանակ Մոմիկը Գլաձորում ձեռագիր է նկարազարդել, այսինքն, նա նույնպես այդ ժամանակ սովորել է Գլաձորում։ Այս փաստը ցույց է տալիս, որ եթե միևնույն ժամանակ սովորել են Գլաձորում, ուրեմն այնտեղ էլ ծանոթացել են։ Եվ ճանաչելով Մոմիկին՝ որպես շնորհալի մարդ, իր հետ Օրբելյանը բերել է Նորավանք։ Փաստորեն, Մոմիկը եկել ու դարձել է Օրբելյան մետրոպոլիտների և իշխանների ճարտարապետն ու քանդակագործը։

Ամենայն հավանականությամբ, Մոմիկն է կառուցել Տաթևի Սուրբ Գրիգոր փոքր եկեղեցին ու նշան է թողել։ Այդ փոքր եկեղեցին խաչաձև պատուհաններ ունի, և նույն բանն ինքը կրկնել է Արենիի եկեղեցում։ Այն կառուցվել է 1321թ․, և նրա վրա արձանագրություն կա, որտեղ ասում է՝ հիշեք Մոմիկ վարդպետին։ Վարդպետ նշանակում է ճարտարապետ։ Իսկ պատուհանների ձևը նույնությամբ կրկնել է Արենիում։

Մոմիկի տաղանդը բացահայտելուց խոսեցիք. կա այսպիսի պատում, որ Ստեփանոս Օրբելյանը կանչում է մոտ 40 քանդակագործի, Մոմիկն է ամենաարագը քանդակում, ու նրան են վերցնում որպես ճարտարապետ։ Հավաստի՞ է։

– Չէ, դե, իհարկե, ժողովրդական ավանդություն է՝ տպավորիչ պատմություններ ստեղծելը։ Մոմիկի մասին նաև ասում են, որ Սյունյաց իշխանի դստերը սիրահարվեց, իշխանն ասաց՝ մի եկեղեցի պետք է կառուցես, երբ վերջացնես՝ աղջկաս կտամ քեզ։ Երբ վերջացնում է շինարարությունը՝ ծառաներին ուղարկում է՝ ասելով, որ հրեն ու գցեն։ Այդպես անում են, Մոմիկը մահանում է։

Նման պատմությունը կարող է մեկ բանի մասին վկայել. այդ մարդը ժողովրդականություն է վայելել, սիրված է եղել, դրա համար ժողովրդի հիշողության մեջ մնացել է այդպես։

Մոմիկն իսկապես բազմաշնորհ մարդ է։ Նաև բացառիկ քանդակագործ է։

Վայոց ձորում կա երկու գյուղ՝ Աղավնաձոր և Ռինդ՝ իրարից բավականին հեռու, բայց նրանց հողամասերը մի տեղ հատվում են, որովհետև այնտեղ կա միջնադարյան մի գյուղ, որը հիմա լքված է։ Այդտեղ պահպանվել են Մոմիկի ծնողների տապանաքարերը՝ Գրիգոր և Ավթա անուններով։ Հիշատակվում են որդիները, թոռները։ Կա նաև Մոմիկի անունը։ Այդ բնակավայրի միջադարյան անունն անգամ հայտնի չէ։ Ըստ էության Մոմիկի ծննդավայրն է։ Աղավնաձորից հյուսիս է, գեղեցիկ վայր է՝ հրաշալի բնությամբ։ Կա մատուռ, գերեզմանոց։

Գերեզմանաքարին Մոմիկի անունը ևս նշված է, այսինք, նա արդեն հայտնի՞ է եղել այդ ժամանակ։

– Նշված է 1298 թիվը և գրված է «զհայր ու զմայր Մոմկա, Գրիգոր և Ավթա հիշեցեք»։ Մոմիկը եղել է հասարակ մարդ, բայց երբ դարձել է իշխանական տան ճարտարապետը, բացի դա, կառուցել էր Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցին, խաչքարեր էր պատրաստել Թամթա իշխանուհու համար, այնքան նշանավոր է դարձել, որ ծնողների գերեզմանին գրել են, որ այս մարդիկ Մոմիկի հայրն ու մայրն են։

Հռչակն իր աշխատանքի շնորհիվ էր։ Նա ոչ միայն Բուրթելաշեն եկեղեցին է կառուցել, այլև գավիթի ճակատի քանդակներն է արել։ Գավիթը կառուցել է Սիրանես ճարտարապետը։ Նորավանքն այս առումով բացառիկ է, որովհետև ունենք երկու ճարտարապետ։ Առաջինը Սիրանեսն է։

Եկեղեցին կառուցված է հարթ տարածության վրա։ Եթե մարդիկ Նորավանք գնան՝ թող նայեն ու կտեսնեն, որ այդ հարթությունն արհեստականորեն է ստեղծվել։ Հողի լիցք է արվել, ստեղծվել է, այսպես ասած՝ հարթակ, որի վրա կառուցվել է այդ եկեղեցին։ Այսինքն, Մոմիկը հանդես է բերում իր ժամանակից առաջ անցնող մտածողություն։

Մյուս կարևոր կետն այն է, որ եկեղեցին ունի երկու հարկ։ Առաջին հարկում մուտքն է դեպի դամբարան, երկու կողմից բարձրացող աստիճաններ կան, և երկրորդ հարկի մուտքը տանում է դեպի եկեղեցի։ Այդ մուտքերի ճակատակալ քարին քանդակներ են։ Պատկերված է Աստվածամայրը մանկան հետ և Քրիստոսը ՝Պողոս, Պետրոս Առաքյալների հետ։ Նույն կոմպոզիցիան գավթի վրա է արել։

Խաչաձև պատուհանների գաղափարն առաջինը Մոմի՞կն է առաջ քաշել։

– Զույգ խաչաձև պատուհաններ իրենից առաջ չեն եղել։ Նա նաև խաչքարերին գրել է, որ սա կառուցել է Մոմիկ վարդպետը։ Ուզել է ասել, որ միայն քանդակագործ չեմ, նաև ճարտարապետ եմ։

Նորավանքը եկեղեցի դամբարան է, Բուրթել իշխանն իր և ընտանիքի համար էր կառուցել։ Արևելյան ճակատին արծվաքանդակը կա՝ գառանը երկինք տանող և, սովորաբար, գրականության մեջ կոչվում է ճանկող արծիվ։ Շատ տարածված էր այն կարծիքը, որ Օրբելյանների տան զինանշանն է։ Հետո պարզվեց, որ Թանահատի վանքի վրա էլ կա, որը Պռոշյաններինն է։ Անիում էլ կան նման քանդակներ՝ Պահլավունիների եկեղեցու վրա, Տայքի եկեղեցում, Կեչառիսում, Եղվարդում։ Ստացվում, որ 10 իշխանի զինանշանը նույնն է։ Ավելի ուշ շրջանի տապանաքարերի վրա էլ կա ճանկող արծվի քանդակ։ Ո՞նց կարող է նման բան լինել։ Պարզվեց, որ այն փրկագործական խորհրդանիշ է, արծիվը հանդես է գալիս որպես հրեշտակ, որը մահացածի հոգին տանում է դեպի երկնային արքայություն։

Եվ, եթե Նորավանքի հատկապես արևելյան այս կոմպոզիցիան նայենք, բարդ համակարգ է։ Երեք շարք սիմվոլիկ քանդակներ են։ Այսինքն, ամբողջովին սիմվոլիկա է, և այստեղ իշխանական զինանշանի բան չկա։

Համենայնդեպս Նորավանքի արծիվը փրկագործական խորհրդանիշ է։ Ինչպես նաև մյուս տեղերում եղած արծիվները։ Կարծում եմ՝ նաև Զվարթնոցի արծիվները։ Մենք գիտենք, որ զվարթունները հրեշտակներ են։ Զվարթնոցը հրեշտակների տաճար է, իսկ որտե՞ղ են հրեշտակները։ Հրեշտակներն այդ արծիվներն են։ Զվարթնոցի արծիվներն ի՞նչ են, հենց այդ զվարթուններն են։

– Նորավանքը համարվում է Մոմիկի ճարտարապետական գլուխգործոցը կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

– Նա այնտեղ է ապրել ու մահացել, աշակերտներն էլ մի փոքրիկ խաչքար են կառուցել՝ «Հիսուս քրիստոս, հիշեա Մոմկա հոգին և ողորմեա գրությամբ»։ Վրան նշված է 1333 թվականը։ Նորավանքի Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1339 թվականին, բայց սկսվել է 1318թ․-ից, որոշ տվյալներով՝ շինարարությունը բավական երկար է տևել։

Մոմիկը մահացել է 1333թ։ Մոմիկը ոչ միայն Նորավանքում էր ապրում, այլ այդտեղ է բերել Գլաձորի իր ուսուցչին՝ Հովակիմ անունով, և Նորավանքում պահպանվել է այդ մարդու տապանաքարը։ Երբ ուսուցիչը ծերացել է՝ բերել, պահել է։ Նորավանքում մի քանի խաչքար է պատրաստել, որոնցից մեկը 1304թ․՝ Ստեփանոս Օրբեյանի հիշատակին։

Ստեփանոս Օրբելյանը թաղված է Նորավանքում՝ անմիջապես մուտքի դիմաց։ Երբ մարդիկ ներս են մտնում՝ առաջին տապանաքարն է, և ցավոք, վրան շատ քայլելու պատճառով վնասված հատված ունի։

Կարծում եմ՝ ինչ-որ ձևով մի բանի տակ պետք է առնվի, որպեսզի ավելի չքայքայվի։ Առաջ այդպես էր, խոնարհության նշան էր, որ տապանաքարի վրայով պետք է քայլեն մարդիկ։ Նաև գավթի մուտքն է վերակառուցել քանդակներով։ Անգամ արձանագրության մեջ մի հետաքրքիր հնարք է բանեցրել՝ ցույց տալու համար, որ ինքն է հեղինակը։ Արձանագրությունն այնպես է կազմել, որ վերջում ստացվում է 1321թ․։, բայց իրականում դա ոչ թե թվականի նշում է, այլ ինչ-որ բառի մի մաս։

– Այսինքն, Մոմիկն ավելի շուտ է մահացել, քան վերջնական կկառուցվեր Նորավանքը։ Լեգենդները գուցե ճիշտ են։ Նաև ասում են, որ նախանձ մարդկանցից մեկը նրան հրել-գցել է Նորավանքից։

– Այո, ավելի վաղ է մահացել։ Բայց հնարավոր է, որ նաև այդ լեգենդի պատճառ է դարձել նրա շուտ մահանալը, որովհետև ըստ էության, մեծ հաշվով, ստացվում է, որ եկեղեցու ավարտը չտեսավ։ Ինչ վերաբերում է իշխանի աղջկան սիրահարվելուն, այդ մասին չենք իմանա։ Ո՞վ գիտի, կարող է և սիրահարվել է, բայց փաստն այն է, որ ընտանիք է ունեցել, տղա, որին Ալեքսանդր անունն է տվել։ Շատ հետաքրքիր է, որովհետև անսովոր է այդպիսի անունը։ Տեղական աղավաղմամբ հիշատակվում է Ասկանդար ձևով, որը նույն Ալեքսանդրն է։ Տղան էլ իր հերթին է որդի ունեցել։ Մոմիկն այն բախտավորներից մեկն է, որ, փաստորեն, փոքր տոհմածառ էլ է հնարավոր վերականգնել։

Մոմիկն իր անունն ինչպե՞ս է ստացել. Բնականաբար, այդ անունը չի ունեցել։

– Կարծում եմ՝ այդ մականունն են տվել ու այդպես մնացել է։ Գուցե եղել է փոքրամարմին, բայց շատ շնորհքով։ Ուրիշ Մոմիկ չկա, եթե լիներ՝ կասեինք՝ դե, անձնանուն է, դրել են։

Կա տեսակետ, որ Ստեփանոս Օրբելյանը երբ տեսել է՝ քարը նրան ենթարկվում է մոմի պես, այդ անունն է տվել։

– Այո, նման ավանդություն կա։ Խորեն Տեր-Հարությունյան քանդակագործ կար, փոքրամարմին էր, բայց հսկայական քանդակներ էր անում, և Էջմիածնում երբ նրա քանդակների ցուցահանդեսն էր բացվում, Վահագն Դավթյանը բացման ժամանակ խոսել է՝ ասելով, որ հավանաբար Մոմիկն էլ Տեր-Հարությունյանի պես փոքրամարմին մարդ է եղել, դրա համար էլ ասել են Մոմիկ։ Ամեն ինչ հնարավոր է՝ չի բացառվում։

Նորավանքի և Մոմիկի հետ կապված բոլոր բացահայատումներն արվա՞ծ են։ Եվ ուսումնասիրման ընթացքում ի՞նչ բացահայտում եք արել, որը Ձեզ ապշեցրել է։

Եթե խոսքը պատմության մասին է, ուրեմն միշտ բացահայտելու մեկ բան կա։ Ինձ շատ է զարմացրել քանդակների արձանագրության կազմելու ձևը։ Նա մի տեքստ է մշակել, որի վերջում 2 տառ կա, որոնք եթե առանձին կարդաս՝ ստացվում է 1321 թվականը, իսկ այդ ժամանակ Մոմիկը կառուցել է Արենիի եկեղեցին և նրա արձանագրության մեջ այդ նույն թվականը նշել է։ Շատ նշանավոր մարդիկ Նորավանքի դեպքում դա կարդացել ու ասել են, որ այնտեղ նշված է թվական։ Իրականում թվական չէ, ուրիշ տեքստ է, բայց այդ տառն այնպես է գրված, որ թվում է՝ թվական է։ Դրանով Մոմիկն ակնարկել է, որ այդ վարպետն ինքն է։

– Նորավանքը և Մոմիկին ներկայացնելիս թիրախային կետեր կա՞ն, որոնց կարող են անդրադառնալ զբոսավարները։

Լեգենդների մասին, դե, միշտ պետք է խոսեն, որովհետև դրանք մարդկանց միշտ հետաքրքրում են։ Լավ կլինի, որ կարդան գրքերը, ու միշտ ավելացնելու բան կլինի։

Մոմիկի ծննդյան թվականը հայտի չէ։

– Չէ։ Առաջին հիշատակությունը խորանի մակագրությունն է, որը 1282 թվականն է։

Գրքերից մեկում նշված էր, որ 16 տարեկանից է դառնում Օրբելյանների տան ճարտարապետը։

– Դժվար է ասել, եթե ինչ-որ բան չկա, որի վրա կարող ես հենվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31