Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր

Օգոստոսի 30-ը Անհետ կորած անձանց օրն է, այդ օրը հռչակվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ձերբակալված անձանց ճակատագրի վրա, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ նրանց հարազատներին կամ օրինական ներկայացուցիչներին։

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, արդեն 6 տարի է՝ սպասում է որդուն։ Տիկին Կարինեն Հայաստանում գործող բոլոր կառույցներից ու պետական գերատեսչություններից հույսը կտրել է, ասում է՝ միակ հույսն Աստված է։

«6 տարի մեջս շատ բան է կուտակվել, ինքս այս իշխանություններից որևէ ակնկալիք չունեմ, ի՞նչ են արել վերջին 6 տարիների ընթացքում, որ հիմա ինչ անեն։ Շատ վաղուց հույսս կորցրել եմ, ես որևէ միջոցառման չեմ մասնակցում, որովհետև ամեն անգամ նույն բառերն ու վերաբերմունքն եմ տեսնում։ Ի՞նչ է արել իշխանությունը, որ իրենց աշխատանքին գնահատական տամ։ Նախ սրանց ես իմ երկրի կառավարիչներ չեմ համարում»,- 168.am հետ զրույցում ասաց Կարինե Մանավազյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մի անհետ կորածի մայր էլ ինքն է, եթե իշխանությունը անում է քայլեր, որոնց մասին չի բարձրաձայնում, գոնե ծնողներին կարող է ասել, բայց որևէ մեկին որևէ բան չեն ասում։

Կարդացեք նաև

«Որևէ դրական բան չեն ասել, որևէ դրական աշխատանք չեն արել։ Ես ամեն ինչ Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու»,- շեշտեց Կարինե Մանավազյանը։

Անհետ կորած անձանց խնդրով զբաղվող միջազգային կազմակերպություններից մեկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որոշ դեպքերում այն համարվում է միակ կազմակերպությունը, որը կարողանում է կապ հաստատել բանտարկյալների որոշակի խմբերի հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել նրանց հետ շփման կապն ընտանիքների ու հարազատների հետ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ անհետ կորածների, նրանց ընտանիքների հիմնախնդիրը կոմիտեի ուշադրության կենտրոնում է, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ռազմավարական ուղղությունն է։

«Բնականաբար, այդ ամենը ներառում է մեր շփումներն անհետ կորածների հարազատների հետ, այդ առումով մենք համապատասխանաբար՝ թե՛ 90-ականներին, թե՛ 2020 և 2023 թվականներին անհետ կորած անձանց ընտանիքների հետ պահպանում ենք կապը։

Աջակցում ենք նաև օրերս ստեղծված ասոցիացիայի կազմակերպչական հարցերին, որպեսզի նրանք կարողանան իրենց խնդիրը, հիմնական հարցերը ձևակերպեն, աշխատեն արդյունավետ բոլոր հաստատությունների հետ։ Այս հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության օրակարգում է»,- 168.am հետ զրույցում ասաց Զառա Ամատունին։ Ըստ նրա, այս առումով կա բազմաշերտ գործընթաց, որը ներառում է թե՛ հարազատների խնդիրները, թե՛ նրանց հարցերի առաջմղումը կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը փորձում է օգտակար լինել նրանց բազմաթիվ ծրագրերով, աջակցություն տրամադրելով, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցությունից մինչև տնտեսական աջակցություն։

«Ունենք ծրագրեր, որոնք միտված են անհետ կորած անձանց հարազատների աջակցությանը, այդ ընտանիքներին սատարելը։ Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, մենք դա տարբեր հաղորդակցության միջոցներով նշում ենք, դրան զուգահեռ՝ աշխատում ենք պատկան մարմինների հետ սերտորեն։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է հանձնաժողովին՝ Գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով զբաղվող, որի գլխավորող մարմինն ԱԱԾ-ն է։

Այս հարցում աշխատում ենք ոչ միայն անհետ կորած անձանց ճակատագրերի հայտնաբերման ուղղությամբ, այլև հետագա անհետացումները կանխելու ուղղությամբ՝ օգնում ենք հզորացնել համապատասխան կառույցները, որը ներառում է դատաբժշկական փորձաքննության ինստիտուտը։ Օգնում ենք պետական կառույցներին ունենալ նաև համապատասխան միջոցներ ու սարքավորումներ՝ անհետ կորած անձանց հետ կապված հարցերի համար»,- ընդծեց Զառա Ամատունին և հավելեց՝ հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար առաջնային է և ռազմավարական։

Նշենք, որ անհետ կորած անձանց խնդիրներով զբաղվելու համար ասոցիացիա է ստեղծվել, որը ղեկավարում են անհետ կորած տղաների ծնողները։ Ըստ նրանց, անհետ կորածների թիվը հասնում է մոտ 1000-ի, այդ թվում՝ առաջին պատերազմից հետո անհետ կորածների թիվը ներառյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31