ՆԻԿՈԼ, ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻԴ ՈՉ ՄՈՍԿՎԱՆ Է ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ՈՒՂԻՂ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՍ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

- Ապրիլի 24-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեքստերը գնալով նմանվում են Էրդողանի տեքստերին: Եթե մի քանի անգամ էլ նման տեքստեր հրապարակի, բովանդակային որևէ տարբերություն չի լինի: Ավելին, նա հետևողականորեն խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ փոխարենն ասելով՝ Մեծ եղեռն: Նրա տեքստերում քողարկված սլաքն ուղղվում է Ռուսաստանի ուղղությամբ՝ իբրև թե մենք դարձել ենք Ռուսաստանի զոհը: Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի թեզերը նույն թուրքական մերժողական պատմագիտության կեղծ թեզերն են: Նիկոլ Փաշինյանն Ալիևի ստորին խոսնակի առաքելությունն է կատարում: Այո՛, հայ ժողովուրդը խորհելու բան ունի, բայց այն ուղերձով, որն արեց Վեհափառը՝ ինչպե՞ս պատահեց, որ Ցեղասպանությունից 100 տարի հետո մենք հայտնվեցինք նույն ռեժիմի մեջ, ինչպե՞ս կարողացանք սրանց բերել իշխանության: Ցանկացած այլանդակություն հայ ժողովուրդը վերագրում է հայ ժողովրդի գրպանին, գցում նրա գրպանը:

- Գործ ունենք կոնյունկտուրշիկ, միայն սեփական աթոռի պահպանման դարդուցավով ապրող մարդու հետ:
- Կորուսյալ Հայրենիքի տարածքների վերադարձի պահանջ Հայաստանի նորանկախ Հանրապետության որևէ ղեկավար չի դրել: Ավելին, Հայաստանը երբեք տարածքային հավակնություններ չի ունեցել նաև Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանի բոլոր 3 նախկին նախագահները նշել են, որ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրենք տեսնում են առանց նախապայմանների բանաձևի շրջանակում:
- Փաշինյանը վերընտրվեց՝ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի հավանականությունն անխուսափելի է, Իրանի հետ լարվածությունը շարունակվելու է:
- Միակ ղեկավարն, ով պետականորեն բավական գռեհիկ ձևով ֆետիշացրել է Սևրի դաշնագիրը, եղել է Նիկոլ Փաշինյանը՝ դրանով լեգիտիմացնելով Թուրքիայի ռազմական մասնակցությունը 44-օրյա պատերազմին:
- Միշտ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները եղել են փոխկապակցված: Քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի զիջումներ պետք է աներ Ադրբեջանի օգտին, այդ բանակցությունները ձախողվել են: Հիմա Ալեն Սիմոնյանն Ադրբեջանին մեղադրում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու մեջ: Հայաստանում որոշումներ կայացնող ամբողջ ծանրության կենտրոնն այսօր Բաքվում է, և թուրքական դրոշի այրմանն արձագանքում է Ադրբեջանը, որովհետև Թուրքիան Հայաստանի ուղղությամբ նայելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ պատեհություն:
- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվելու է միջազգային հարթակներում Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման վանդալիզմի ակտի մասին բարձրաձայնել: Դրանից հետո մի խումբ երիտասարդներ ջահերով երթի ընթացքում, այրում են Թուրքիայի դրոշը, և Նիկոլ Փաշինյանը շատ արագ դա անվանում է սադրանք՝ իր հետևից բերելով Ադրբեջանի արձագանքը: Ադրբեջանն ուղիղ ասաց՝ այսուհետ ձեր ներքին հարցերում մենք դերակատար ենք:
- Նիկոլ Փաշինյանը ռուսական հովանոցը փոխարինել է իր համար թուրք-ադրբեջանական տանիքով: Փաշինյան-Պուտին զրույցի հրապարակային մասում Պուտինի զրույցը Փաշինյանի հետ չէր, այլ հայ ժողովրդի, որ հայերը հերթական անգամ պատասխանատվությունն իր գրպանը չգցեն: Փաշինյանին Մոսկվայում ասել են՝ այլևս երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը չենք հանդուրժելու և թույլ չենք տալու, որ Ռուսաստանը մանրադրամ դարձնես քո լուզեր քաղաքականությունն արդարացնելու համար: Փաշինյանն իր իշխանության ողջ ժամանակահատվածի ընթացքում թերևս առաջին անգամ զգաց, որ ռուսական քաղաքականության շեշտադրումները փոխված են, ու սկսեց ապահովագրական քայլեր անել: Բայց չեմ կարծում, որ Մոսկվան այլևս արցունքներին հավատում է:

- Ռուսաստանի դիրքորոշումը կոշտացավ ռեգիոնում Իրանի շուրջ զարգացումներով, նոր ստատուս-քվո հաստատվելու պատճառով: Իրանը տարածաշրջանային ու համաշխարհային քաղաքականության վրա ազդելու հնարավորություն է ստացել: Ըստ էության Իրանը, բացի Հայաստանից, թիրախավորել է տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքները:
- Օվերչուկի՝ Թուրքմենչայի պայմանագրի հիշատակությունը նշանակում էր, որ
Ստատուս-քվոյի որևէ փոփոխություն Իրանն ու Ռուսաստանը թույլ չեն տալու, դա նշանակում է TRIPP-ը թաղել մշուշի մեջ:
- Նիկոլ Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ իր ցանկացած հրապարակային արտահայտություն ուղղվելու է իր դեմ: Դա է փոխվել ռուսական քաղաքականության մեջ:
- Հայաստանի ԱԺ ընտրություններում եվրոպական դիտորդների նոր առաքելությունն ընդունելով՝ լեգիտիմացնում ես Ռուսաստանի ցանկացած միջամտություն: Արդյունքում՝ այս ընտրությունների հետևանքով մեր հասարակությունն ավելի է բևեռացվելու, մեր սուբյեկտայնությունն ավելի է նվազելու:
- Ապրիլի 24-ի Պուտինի ուղերձն ավելի ադեկվատ է, քան Փաշինյանի ռևիզիոնիստական ուղերձը: Ռուսաստանից նախագահի մակարդակով բարեկամ հայ ժողովրդին իր վշտի օրը հղել են սոլիդ դիվանագիտական տեքստ, որում բացահայտված են Ցեղասպանության պատճառներն ու հետևանքները: ՌԴ-ն, Ֆրանսիան լուրջ ավանդույթներ ունեցող պետություններ են և իրենց վերաբերմունքն այս կամ այն իրադարձությանը և Հայաստանի նկատմամբ չեն պայմանավորում այս կամ այն իշխանության գոյությամբ, որովհետև իրենք Հայաստանի հետ կապված ունեն երկարաժամկետ ծրագրեր և շահեր: Իրենք չեն փոխվել, մենք ենք փոխվել՝ շեղվելով մեր պետական ու ազգային ծրագրերից:
- Ձեզ թվում է՝ Ռուսաստանն ու Ֆրանսիա՞ն են հանձնել Արցախը: Իհա՛րկե ոչ: Նրանք համանախագահներ են, բանակցել են, մինչև չի հայտնվել մի ազգակործան պատուհաս, ով Արցախը նվիրեց Ադրբեջանին:

- Հայաստանում իշխանության ժառանգորդի ինստիտուտ չի եղել: Քոչարյանը չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդը, Սերժ Սարգսյանն էլ չի եղել Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդը: Բացի դրանից, պատշաճ չէ որևէ նախագահի համար օտար լսարանի առաջ քննարկել որևէ ներքաղաքական հարց: Երրորդը՝ նախընտրական այս փուլում, երբ բոլորս ընդդիմադիր ուժերով ունենք մեկ միասնական թիրախ, ոչ գրագետ եմ համարում այլ թիրախ մատնանշելը, այն էլ՝ օտար լսարանի առաջ: Պատմության ռևիզիայով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը, պետք չէ նրան օգնել այդ հարցում: Ինչ վերաբերում է ներքաղաքական վարկանիշներին, նախ ասեմ՝ որևէ ընդդիմադիր բևեռի ձախողում լինելու է բոլորիս ձախողումը, բայց ամենայն հարգանքով «Հայաստան» դաշինքի նկատմամբ, այս ընտրարշավն ունի այլ առաջատարներ՝ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված կենտրոնները: Չի կարելի արհամարհել փաստերը: 2021թ. Քոչարյանը ֆավորիտ էր, հիմա ֆավորիտ չէ:
- Արցախի ողբերգական կործանումն օբյեկտիվորեն Հայաստանի ներքաղաքական կյանքում փակել է 3 նախագահների պատմաշրջանը: Սա ողբերգություն է, ու ես ցավով եմ սա ասում: Նրանց ողջ գործունեությունը կապված է Արցախի հարցի հետ, և եթե չկա իրենց գործունեության արդյունքը, ոչ մի ռեբրենդինգ չի փրկի տարիքն առած մարդկանց կրկին մտնել ընտրապայքարի մեջ:
- Գյուղերում արդարության շեշտված դեֆիցիտ կա: Թաղապետարանից սկսած՝ ոչ մի հարց չի լուծվում: Կոռումպացված է ողջ պետական ապարատը՝ զուգորդված բեսպրեդելով: Մարդիկ սոցիալական կեղեքման եզրին են, մանր ու միջին բիզնեսը կանգնած է ոչնչացման առաջ: Եթե շրջանառության հարկի կառուցվածքը չվերանայվի, 1 տարի հետո մանր ու միջին բիզնես չի լինելու: Մարդիկ կատաստրոֆիկ վախենում են գազի գնի թանկացումից՝ հատկապես Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, ու մարդկանց էլ չես կարող խաբել, ասել՝ հանգիստ եղեք: Վստահ եմ՝ հունիսի 7-ից հետո չեղարկվելու են սոցիալական առողջապահական ու կենսաթոշակային ծրագրերը: Մարդիկ չեն հավատում Փաշինյանի խաղաղությանը: Մարդիկ ուղիղ ասում են, փոխանցում եմ, Նիկոլ, մարդիկ քո խաղաղությանը չեն հավատացել, այլ քո նենգությանը, որ պայմանավորվել ես Ալիևի հետ՝ հիմա չկրակել:
- Հասարակության մի զգալի հատված զգում է, որ եկեղեցին մնացել է մեր քաղաքակրթության միակ ինստիտուտը: Եվ այն, որ ՔՊ-ի ծրագրում Վեհափառին փոխելու հարց է դրված, հակասահմանադրական միջամտություն է, և այդ հիմքով ՔՊ-ն կարող էր չգրանցվել:

- Նիկոլ Փաշինյանի համար վատ լուր ունեմ՝ հակառուսականությունը զգալի նահանջ է ապրել: Հասարակությունը տեսնում է, որ Արևմուտքն ամենևին էլ դեմոկրատ չէ, որովհետև «դեմոկրատ» Արևմուտքը աղջիկ երեխաների է սպանում հարևան Իրանում:
- Եթե Նիկոլը վերարտադրվեց, Մալաթիայի կամ Աջափնյակի թաղապետ նշանակելու համար անգամ Հաջիևի թույլտվությունն է պետք լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում:



