ՌԴ-ում կար գնաճի կտրուկ թռիչքի վտանգ, սակայն այն կանխվել է. Պուտին
Ռուսաստանում գնաճի նվազեցման նպատակն իրագործվում է. Կենտրոնական բանկին և կառավարությանը հաջողվել է թույլ չտալ գնաճի կտրուկ թռիչք, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ամենակարևորը պետական ներդրումները, պետական միջոցները չեն, այլ մասնավոր ներդրումները։ Պետության խնդիրն է ստեղծել պայմաններ այդ ներդրումների համար։ Վերջերս մեզ մոտ ներդրումներն իրոք նվազել են մի ամբողջ շարք պատճառներով, այդ թվում նաև առաջին հերթին կարգավորող մարմնի՝ Կենտրոնական բանկի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միտումնավոր քաղաքականության պատճառով», – նշել է ՌԴ նախագահը։
«Նպատակը գնաճի զսպումն է։ Մենք չէինք կարող թույլ տալ կտրուկ թռիչք, նման սպառնալիք կար», – հավելել է Պուտինը:
Նա նշել է, որ այժմ Ռուսաստանում գնաճը տարեկան արտահայտությամբ կազմում է 6,3%։
«Կարևոր է չգերսառեցնել տնտեսությունը. մենք դա հիանալի հասկանում ենք», – ասել է նա։
Ըստ «Կոմերսանտ» պարբերականի՝ ՌԴ Կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն՝ տարեկան գնաճի մակարդակը 2026 թվականի վերջին կկազմի 6,6%, ոչ թե 6,2%, ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր։ Կարգավորող մարմինը նշել է գների աճի բարձր տեմպի պահպանումը և ռուբլու փոխարժեքի դեֆլյացիոն ազդեցության թուլացումը։

