Օրենքով պետք է արգելվի ՔՊ-ն և ՔՊ-ական լինելը. Փաշինյանը և իր թիմն անձամբ ներգրավվել են ցեղասպանության մեջ. Հայկ Դեմոյան

Վաղը ապրիլի 24-ն է. լրանում է Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցը, և, բնականաբար, այս օրերին առավել արդիական են դառնում մի շարք հարցեր, թե, ի վերջո, ի՞նչ ճակատագիր է ունենալու Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների հաղթահարման հարցը, եթե, իհարկե, կարելի է խնդիրն այսպես ձևակերպել, այն ի՞նչ նշանակություն ունի ոչ միայն մեր անցյալի, այլև մեր ներկայի ու ապագայի, մեր անվտանգության, մեր գոյության և ինքնության համար, և ի՞նչ վիճակում է այժմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը Հայաստանի ներկա իշխանության ներկայացուցիչների՝ Հայոց ցեղասպանության հարցը հետին պլան մղելու և առերևույթ թուրքական ժխտողականության խոսույթների մեջ ներգրավվելու գործողությունների պայմաններում։

Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

«Մենք ունենք կատարելապես այլ իրավիճակ 111-րդ տարելիցի նախաշեմին։ Մենք 2015-ը սկսեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներով, նաև ընդունվեց համահայկական հռչակագիր։ Իհարկե, պետք է հասկանանք, որ հուզականությանը տրվելու իրավունք չունենք, մենք պետք է շատ լավ կշռադատենք իրավիճակը, որ այսօր գոյություն ունի միջազգային հարաբերություններում, միջազգային իրավունքում և ընդհանրապես մեր շուրջբոլորը։ Սա այն չէր, ինչ որ կրկնում են Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը, որոնք ուզում են վերադասավորվել նոր իրողությունների պայմաններում՝ մոռացության և զոհերի հիշատակը ծանակելով, զոհերի հիշատակը և վերապրողների հիշատակը անարգելով են նախ ուզում ինքնահաստատվել և ուղերձներ ձևակերպել դեպի Անկարա և Բաքու։ Այն հիբրիդային խաղաղությունը, ոչ թե «հիբրիդային պատերազմը», որ իրենք անընդհատ շեշտում են, հիբրիդային խաղաղությունը, որ այսօր ուզում են փաթաթել հայ ժողովրդի վզին, ունի իր բացահայտ և թաքուն կողմերը, ևս մեկ անօգուտ և անարդյունք ճիգ է՝ հասնել նրան, որ Թուրքիան ինչ-ինչ պատրվակներով գոնե մի փոքր կբացի, այսպես ասած, դռան փեղկը, որից նրանք կարող են սողոսկել։ Դա չի լինելու, որովհետև Թուրքիան ունի իր առանձին նախապայմանների լեզուն, Ադրբեջանն ունի իր նախապայմանների լեզուն, և վատագույն տարբերակը թավշյա խմբի համար՝ երկուսը միասին ունեն սինխրոնիզացված նախապայմաններ, որոնք պարբերաբար համալրվելու և թարմացվելու են»,- մասնավորապես մեկնաբանեց ցեղասպանագետը։

Կարդացեք նաև

Հայկ Դեմոյանը հայտարարում է՝ Արևտմյան Հայաստանից, Արարատից հրաժարվելու ճիգերը, Մեծ Եղեռնի հիշողության մարգինալացումը, ժխտողական հայտարարություններ անելը և Հայոց ցեղասպանության հիշողության այս «ԿՎՆ»-ացումը նպատակադրված է՝ ունի կոնկրետ նպատակ և պատվիրատու։

«Մենք գործ ունենք այսօր մի իշխանության հետ, որը պատվեր կատարող է, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության հիշողությունը ծանակելու, մոռացության մատնելու դրվագով»,- նշում է ցեղասպանագետը։

Հայկ Դեմոյանը Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները, թե՝ «պետք ա հասկանանք՝ ի՞նչ ա տեղի ունեցել և ինչո՞ւ ա տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել…», և այլն՝ Հայոց ցեղասպանության մասին, որակում է ծայրից ծայր անգրագիտություն՝ նշելով.

«Նման դեպքերում մեր դպրոցում ասում են՝ օրագիրդ բե՛ր, ԵՐԿՈ՛Ւ։ Ընդ որում, կարմիր թանաքով են գրում երկուսը»։

«Անգրագիտությունը մեկնաբանելն, իհարկե, պատիվ, չի բերում որևէ մարդու, էլ չեմ ասում՝ գիտության, էլ չեմ ասում՝ ցեղասպանագիտության մեջ։ Փաշինյանը փորձում է պատուհաններ բացել՝ Օվերտոնի պատուհանը բացի և այնտեղ սողոսկի, սկսի թեմա քննարկել։ Եթե նա մի փոքր գիրք կարդար, այլ ոչ թե խայտառակ գիրք գրեր, ապա պետք է հասկանար, որ ցեղասպանության թեմային մոտենալ պետք չէ, երբ չես կարդացել, նախ, վերապրողի հուշագրություն, որևէ գիտական աշխատանք»,- նաև հավելեց Հայկ Դեմոյանը։

Թեմայի համատեքստում խոսելով Արցախի բռնի հայաթափման և էթնիկ զտման մասին՝ ցեղասպանագետն ընդգծում է՝ դա ցեղասպանական գործողություն էր, և «Նիկոլ Փաշինյանը և իր թիմն անձամբ ներգրավվել են ցեղասպանության մեջ»։

Հայկ Դեմոյանն առավել վտանգավոր երևույթ է համարում ցեղասպանության և պատմության հիշողության թիրախավորումը գործող իշխանությունների կողմից։ Պատմական զուգահեռներ անցկացնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի, նացիստական Գերմանիայի պարտությունից հետո Գերմանիայի «դենացիֆիկացիայի» օրինակի հետ՝ պատմաբանն ասում է.

«Օրենքով պետք է արգելվի ընդհանրապես ՔՊ-ական լինելը, ՔՊ կուսակցությունը, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, և ովքեր կազմակերպեցին և նախապատրաստեցին Նիկոլին իշխանություն հանձնելը, դա ֆաշիզմ է»։

Հայկ Դեմոյանը խոսեց նաև ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանին աշխատանքից ազատելուց հետո թանգարան-ինստիտուտում ստեղծված իրավիճակի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների հետ կապված իրավիճակի մասին։

Խոսելով այսօր՝ ապրիլի 23-ին, ավանդաբար տեղի ունեցող Ջահերով երթի մասին՝ Հայկ Դեմոյանը նշեց, որ կուզենար, որ այս տարվա Ջահերով երթը լիներ մերժելու երթ՝ անձերն ու երևույթները մերժելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930